Սպիրոխետոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպիրոխետոզներ, մարդու և կենդանիների համաճարակագիտական և կլինիկական դրսևորումներով իրարից տարբերվող հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները սպիրոխետներն են։ Ըստ վարակման մեխանիզմի լինում են՝ 1․ աղիքային սպիրոխետոզներ, որոնք սեպտիկ բնույթի, ամենուր հանդիպող վարակիչ հիվանդություններ են (լեպտոսպիրոզներ)։ Վայրի կենդանիների լեպտոսպիրոզներին յուրահատուկ է բնական օջախայնությունը։ Վարակը հիմնականում փոխանցվում է հիվանդ կենդանիների արտաթորանքներով կեղտոտված ջրերի և սննդամթերքների միջոցով։ Լեպտոսպիրներն օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի, լորձաթաղանթի և ախտահարված մաշկի միջոցով։ 2․ Արյունային սպիրոխետոզներ, փոխանցողական (տրանսմիսիվ) հիվանդություններ, որոնց շարքն են դասվում ոջլային (եվրոպական), տզային ետադարձ տիֆի մի շարք ձևեր։ 3․ Արտաքին ծածկույթների սպիրոխետոզներ. մաշկի, լորձաթաղանթների, ոսկրերի ախտահարումով ընթացող քրոնիկական հիվանդությունների խումբ, որոնցից են սիֆիլիսը և տաք երկրներում տարածված՝ ֆրամբեզիա, պինտա և բեջել հիվանդությունները։ Հարուցիչները տարբեր տեսակի տրեպոնեմներն են, որոնք օրգանիզմ են թափանցում ախտահարված մաշկի, լորձաթաղանթների միջոցով։ 4․ Շնչառական ուղիների սպիրոխետոզներ. արձանագրվում են արևադարձային երկրներում, հազվադեպ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հիվանդությունն ունենում է սուր ընթացք, հաճախ լինում են արյունազեղումներ տարբեր օրգանհամակարգերում։ Սպիրոխետոզը թռչունների, տրեպոնեմոզ, բորելիոզ, ընտանի և վայրի թռչունների վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Spirochaeta anserinum-ն է։ Ախտանշաններն են․ տենդ, ընկճված վիճակ, ախորժակի անկում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 43-43,8 °C), շարժողական օրգանների լուծանք։ Թռչունների անկումը 80-90% է։ Վարակի աղբյուրը հիվանդ թռչուններն են, փոխանցողները՝ տզերը։ Ախտորոշում են կլինիկական նշանների, էպիզոոտոլոգիական տվյալների, արյան քսուքի բակտերիալոգիական հետազոտության հիման վրա։ Բուժումը․ օսարսոլ, անտիբիոտիկներ։ Կանխարգելումը․ պատվաստումներ, պայքար տզերի դեմ և այլն։ Սպիրոխետոզով հիվանդանում են նաև ճագարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80 CC-BY-SA-icon-80x15.png