Սպիտակի մշակույթի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակի մշակույթի տուն

Սպիտակի մշակույթի տուն, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Հիմնվել է 1940-ական թվականների երկրորդ կեսերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակի մշակույթի տունը գործում է 1946 թվականից։ Սկզբում գործել է որպես ակումբ, փոքրիկ սենյակում, այնուհետև, նույն կարգավիճակով գործող առանձին երկու սենյակներում։

1952-1953 թվականներին` 1949 թվականից Սպիտակի շրջանը կազմավորվելուց հետո, կառուցվեց նոր մշակույթի տուն։ Այն որպես առանձին միավոր գործում էր Սպիտակի շրջսովետի գործկոմի ենթակայության տակ։ Ուներ ինքնագործ պարի-երգի խումբ, որը նույնիսկ համերգներով հանդես էր գալիս Սովետական Միության տարբեր քաղաքներում։

Գործում էր նաև ժողովրդական թատրոնը, որը ճանաչված էր ինչպես տարածքում, այնպես էլ Սովետական Հայաստանում։ Բազմաթիվ փառատոններում հաջողություններ ունենալուց հետո ներկայացումները ցուցադրվել է ազգային հեռուստաընկերության կողմից (Տասներեքերրորդ նախագահը, ռեժիսոր` Հրաչիկ Թորոսյան, նկարիչ` Սերգեյ Մուրադյան)։ Մշակույթի տան շենքում էր գործում շրջանային գրադարանը, որը հետագայում դարձավ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Գործում էր նաև փողային նվագախումբը։

1988 թվականի երկրաշարժը ահռելի վնաս է հասցրել Սպիտակի մշակութային հաստատություններին, այդ թվում նաև մշակույթի տանը։ Այն գործեց մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը։

Մշակույթի տան գործնեությունը վերականգնվել է 1989 թվականի վերջին և մինչ օրս գործում է նոր կառուցված մշակույթի պալատում[1]։ Այն կառուցվեց 1997-1998 թվականներին, Սուրեն Ավետիսյանի քաղաքապետության օրոք։ Ճարտարապետը եղել է Ջիմ Թորոսյանը։

Անավարտ շենքի կառուցումը շարունակվել է «Ռոբեր Պողոսյան և որդիներ» հիմնադրամի (Ֆրանսիա) կողմից[2]։ Սպիտակ քաղաքի մշակույթի տան համերգային դահլիճը կահավորված է 390 նստատեղով և նախատեսված է ինչպես կինոդիտումների այնպես էլ համերգային և թատերական ներկայացումների համար, մշակույթի տունն ունի նաև գրադարան, ուսումնադաստիարակչական կենտրոն, երգի, պարի եւ այլ խմբակներ։

Սպիտակի երկրաշարժից 15 տարի անց՝ երկրաշարժի տարելիցին նվիրված, Հայաստան ժամանեց Ռուսաստանի մշակութային գործիչների պատվիրակություն, որի կազմում էին Իոսիֆ Կոբզոնը, Արմեն Ջիգարխանյանը, Իրինա Ալլեգրովան, Իրինա Օտիևան և այլք, ովքեր համերգային ծրագրով հանդես եկան Սպիտակի մշակույթի տանը[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի տան գործունեությունը նպատակաուղղված է շնորհալի երեխաների և նրանց տաղանդի հայտնաբերմանը։ Շենքում իրենց գործունեությունն են ծավալում «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ը, քաղաքային գրադարանը և Սպիտակի թանգարանը։

Մշակույթի տան պարային խմբերը, երգի և տիկնիկային ստուդիայի սաները մշտապես մասնակցում են մարզային և հանրապետական մրցույթների ու փառատոների և հաճախակի վերադառնում մրցանակներով, դիպլոմներով ու շնորհակալագրերով։

Կազմակերպվում են միջոցառումներ նվիրված ՀՀ պետական տոներին, հոբելյանական և հիշարժան տարեթվերին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]