Տուղտ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:33, 11 Մարտի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տուղտ դեղատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Տուղտազգիներ
Տեսակ Տուղտ դեղատու
Լատիներեն անվանում
Althea officinalis


Տուղտ դեղատու (լատին․՝ Althea officinalis), տուղտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

Առանցքային, երկար, 50 սմ երկարությամբ արմատով, կարճ հաստ կոճղարմատով մազապատ մեղրատու գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ 60-200 սմ բարձրությամբ ցողունների վերին մասը ճյուղավոր է, գորշականաչավուն։ Սղոցաեզր, թավոտ, հերթադիր տերևները ունեն երկար կոթուններ։ Միջին և ստորին տերևները 3-5 բլթակավոր են, իսկ վերինները՝ ամբողջական։ Կարճ ծաղկակոթերով խոշոր, բաց վարդագույն, հնգանդամ ծաղիկները խմբերով աճում են վերին տերևների անութներում։ Մանուշակագույն առէջների առէջաթելերը խողովակաձև միաձուլված են։ Պտուղները կազմված են սկավառակաձև սերմնիկներից, որոնք հասունանալիս առանձնանում են[1]։

Տարածվածություն

Աճում է ստորին լեռնային գոտու աղակալած մարգագետիններում, գետերի և առուների ափերին։ Հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերում, Երևանում[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են տուղտի արմատները, տերևներն ու ծաղիկները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ լորձանյութեր, օսլա, եթերային յուղեր և ճարպային յուղեր, վիտամիններ, կարոտին և այլն։ Բույսի տերևների ու ծաղիկների տաք թուրմն որպես հանգստացնող և փափկացնող միջոց գործածում են լնդերի, բերանի խոռոչի, նշագեղձերի, կոկորդի բորբոքումների և տրախեիտների բուժման համար։ Տուղտի արմատներից պատրաստում են օշարակ, որը վաճառում են դեղատներում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտ դեղատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտ դեղատու» հոդվածին։