Սուքիաս Պարզյան
Սուքիաս Պարզյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10 (22), 1837[1] |
Ծննդավայր | Աստապատ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 12 (25), 1914[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, ուսուցիչ, քահանա և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] |
Սուքիաս Պարզյան (դեկտեմբերի 10 (22), 1837[1], Աստապատ[1] - սեպտեմբերի 12 (25), 1914[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), արքեպիսկոպոս, բանասեր, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1856)։ 1863 թվականին նշանակվել է Թիֆլիսի վիճակի կոնսիստորիայի անդամ։ 1869 թվականից՝ վարդապետ, 1875 թվականից՝ եպիսկոպոս, 1893 թվականից՝ արքեպիսկոպոս։ Եղել է Սինոդի անդամ (1886-1891), Ախալցխայի (1869-1872), Ալեքսանդրապոլի (187)-74, 1875-1877), Նոր Նախիջևանի (1881-1883), Աստրախանի (1883-1886), Երևանի (1888-1890, 1899-1903), Ատրպատականի (1893-1895) հայոց թեմերի առաջնորդ։ Դասավանդել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում (1860-63), գևորգյան ճեմարանում (1874-1875, 1895-1899), եղել ճեմարանի տեսուչ (1895-1899), «Արարատ» ամսագրի խմբագրապետ (1897-1899)։ Մատուցած ծառայությունների համար ցարական կառավարությունը
1886 թվականին նրան շնորհել է Ս. Ստանիսլավի առաջին կարգի շքանշան։ Պարզյանը զորավիգ է եղել հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելու, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու՝ ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Հակակառավարական ելույթների համար աքսորվել է Օրյոլ (1891-1893) և Օրենբուրգ (1903-1905)։ Պարզյանի նյութական օժանդակությամբ են իրականացվել «Պատմագիրք Հայոց» մատենաշարի հատորների Ղազար Փարպեցի (1904), Ագաթանգեղոս (1909), Մովսես Խորենացի (1913)], Ս. Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) ուսումնասիրության, Գրիգոր Կամախեցու «Ժամանակագրության» (1915), Մ. Օրմանյանի մի շարք երկասիրությունների տպագրությունը, Էջմիածնի տպարանի շինարարությունը և այն։ Խոշոր գումար է կտակել հայ հին մատենագիրների երկերի (շուրջ 40) քննահամեմատական բնագրերը հրատարակելու համար (իրագործվել է մասամբ)։ Հայ եկեղեցու պատմության հարցերին նվիրված նրա երկասիրությունները կարևոր սկզբնաղբյուր են նաև XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ հասարակական կյանքի ուսումնասիրության համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 196)։ |