Սուր որովայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուր որովայն, որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների և վնասվածքների ծանր ընթացքը վկայող կլինիկական վիճակի պայմանական անվանումը․ բնորոշվում է որովայնի հանկարծակի սուր ցավերով, որովայնի առաջնային պատի մկանների լարվածությամբ և որովայնամզի գրգռվածությամբ։ Նկատվում է որդանման ելունի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումների, աղիքների անանցանելիության, ստամոքսի խոցի թափածակման, ճողվածքի ճմլման, արտարգանդային հղիության (ձվարանների, արգանդավողերի պատռվածք) դեպքում։ Սուր որովայնը ուղեկցվում է հիվանդի անհանգիստ վիճակով, գունատությամբ, սառը քրտնարտադրությամբ, փսխումներով, փորկապությամբ, շնչառության և պուլսի հաճախացմամբ։ Ախտորոշմանը նպաստում են ռենտգենադիտման, արյան և մեզի լաբորատոր հետազոտության տվյալները։ Անհրաժեշտ է հիվանդի անհապաղ հոսպիտալացում՝ վիրաբուժական ստացիոնարում։ Ցավազրկող կամ նարկոտիկ դեղամիջոցների, անտիբիոտիկների, լուծողականների օգտագործման արգելում։ Չի թույլատրվում ուտել, խմել, հոգնա կատարել։ Միայն կարելի է որովայնին սառը ջեռակ դնել։ Սուր որովայնի դեպքերի մեծ մասը ենթակա է շտապ վիրահատության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 201 CC-BY-SA-icon-80x15.png