Սուշչյովոյի ոստիկանության բաժին
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Վայր | Սելեզնյովսկայա փողոց |
Կազմված է | Q117199299? |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Սուշչյովոյի ոստիկանության բաժին(ռուս.՝ Сущёвская полицейская часть), Մոսկվայի Սելեզնյովսկայա փողոցի 11-րդ շենքի 1-ին կառույց, դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վերջին այստեղ էր գտնվում պետական խորհրդական Դ. Ի. Կիսիլյովի առանձնատունը, որը բաղկացած էր գլխավոր մասնաշենքից և մի քանի ծառայողական շինություններից։ Մոսկովյան հրդեհից մի քանի տարի անց, 1817 թվականին պետությունը Լիսելյովից գնեց նրա կալվածքը Սուշչյովսկի ոստիկանական բաժնի և հրշեջ դեպոի կազմակերպման նպատակով։ 19-րդ դարի կեսերին գլխավոր մասնաշենքը վերակառուցվեց, նախագիծը իրականացրեց Միխայիլ Դորիմեդոնտովիչ Բիկովսկին։ Միաժամանակ մոտակայքում կառուցվեցին ոստիկանական և հրշեջ ծառայությունները և կալանատունը։ Գլխավոր մասնաշենքի վրա կառուցվեց հրդեհադիտանոցը, որը հետագայում մի քանի անգամ աննշան վերակառուցվեց։ Դիտապահը հրդեհադիտանոցից հետևում է քաղաքում ծագող հրդեհներին, գնդերի, դրոշների, իսկ գիշերը լամպերի միջոցով, որոնցով ցույց է տրվում հրդեհի տեղը և ուժգնությունը[3]։
Ոստիկանական բաժնի կալանատանը տարբեր ժամանակներում պահվել են նշանավոր կալանավորներ։ 1870-ական թվականներին այստեղ է գտնվել մայրապետ Միտրոֆանիան (Ռոզեն)։ 1909 թվականին Նովինսկի բանտից քաղբանտարկյալ կանանց փախուստի գործով մեղսակցության կասկածանքով կարճ ժամանակով այստեղ տեղափոխվեց բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։ Խցում նստած նա գրում էր քրոջը. «Թանկագին Լյուդա … Դարձյալ նստած եմ Սուշչյովոյում, խցում երեք հոգով ենք, նրանք մեզ շատ լավ են կերակրում», ինչպես նաև խնդրում էր նրան ուղարկել գրքեր և նկարչական պիտույքներ։ Թերթերից մեկում հաղորդվում էր բանտարկյալների փախուստի մասին. «Փետրվարի 24-ին Սուշչյովկայի կալանատանը երեք բանտարկյալներ՝ գյուղացիներ Ալեքսեյ Ռումյանցևը, Կոնստանտին Մոնախովը և Վասիլի Սվետցովը, կոտրելով խորդանոցի հատակը, իջել են բացված անցքից և փոսի միջով դուրս են եկել բակ ու անհետացել»[3]։
Սուշչյովոյի ոստիկանական բաժնում այրում էին գրաքննության կողմից արգելված գրքերը։ 1888 թվականի հունվարին այստեղ այրեցին Վլադիմիր Գիլյարովսկու «Ետնախորշերի մարդիկ» գրքի տպաքանակը։ Պահպանվել են հեղինակի հիշողությունները այս դրվագի մասին. «Մի քանի րոպե անց ես արդեն Սուշչյովկայի բաժնում էի։ Այգու մոտ գտնվող մեծ բակում կանգնած էին մի քանի մարդիկ հրշեջներ և երեխաներ։ Ձյունը ծածկված էր այրված թղթի կտորներով։ Ես տեսա բարձր ցանցավոր վառարանը, որտեղ բոցկլտում էր կրակը»։ Գիլյարովսկու գիրքը դարձավ վերջին այրվածը, հետագայում արգելված գրքերը ուղարկվում էին վերամշակման[3]։
1898 թվականին Մոսկվայում բացվեցին «Շտապ օգնության» առաջին երկու կայանները, այստեղ և Սրետենսկի ոստիկանական բաժնում[3]։
Նախկին Սուշչյովոյի ոստիկանական բաժնի շենքը պահպանվել է մինչև մեր ժամանակները, այն վերականգնվել է, գլխավոր մասնաշենքում տեղակայված է Ռուսաստանի ՆԳՆ-ի կենտրոնական թանգարանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Исполкома Московского Совета народных депутатов № 1884 от 16.07.1979
- ↑ «Главное здание Сущевской части, XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Дедушкин, Алексей. «Ансамбль Сущевской части» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.