Սեքվոյադենդրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկա սեքվոյադենդրոն

Սեքվոյադենդրոն (լատին․՝ Sequoiadendron), մամոնտածառ, վելլինգտոնիա, ճահճանոճազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Հայտնի է մեկ տեսակ՝ հսկա սեքվոյադենդրոն (S․ giganteum), որը 100 մ և ավելի բարձրությամբ և մինչև 10 մ բնի տրամագծով, միատուն, մշտադալար ծառ է։ Ապրում է մինչև 1500, այլ տվյալներով՝ 3- 4 հազար տարի։ Բունն ուղիղ է, սլացիկ, ծածկված մինչև 60 սմ հաստության կեղևով։ Սաղարթը խիտ է, կոնաձև կամ կլորավուն։ Փշատերևները նեղ նշտարաձև են, մոխրականաչավուն, 3-6, երբեմն՝ 12 մմ երկարությամբ, պարուրաձև դասավորված։ Կոները ձվաձև են, 5-8 սմ երկարությամբ, հասունանում են երկրորդ տարում։ Բազմանում է սերմերով, աշնանային կտրոններով և պատվաստի միջոցով։ Բնափայտն ունի մեխանիկական լավ հատկանիշներ և մեծ քանակությամբ տանին պարունակելու շնորհիվ չի փտում։ Օգտագործվում է կահույք, հեռագրասյուներ պատրաստելու համար, ինքնաթիռաշինության մեջ են։ Աճում է Կալիֆոռնիայում (երրորդական և կավճի դարաշրջաններում տարածված է եղել նաև ԵվրասիայումՍիեռա-Նևադայի արևմտյան լանջերին, 1450-2500 մ բարձրության վրա։ Ամենաընդարձակ բնական անտառները վերածված են արգելավայրերի։ Գրեթե բոլոր խոշոր ծառերն ունեն իրենց անունները՝ «Մագելլան», «Կոպեռնիկոս», «Գեներալ Շերման»։ Ամենախոշոր ծառը կոչվում է «Անտառի պարոն Էվերեստ» և ունի 112 մ բարձրություն (բնի միջով ավտոխճուղի է անցնում)։

Հայաստան ներմուծվել է 1939-ին և հաջողությամբ աճել է Հայաստանի ԳԱ բուսաբանական այգու Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) բաժանմունքում, Իջևանի դենդրոպարկում և «Զեյթուն» սովետական տնտեսության պուրակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 349