Սեդրակ Ռասմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Ռասմաճյան
Ծնվել էմայիսի 10, 1907(1907-05-10)
Մահացել էդեկտեմբերի 1, 1908(1908-12-01) (1 տարեկան)

Սեդրակ Տիգրանի Ռասմաճյան (Մայիսի 10, 1907, Ալեքսանդրապոլ-Դեկտեմբերի 1, 1978, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Տիգրան Ռասմաճյանի որդին։

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1923-1927 թվականներին՝ Երևանի գեղարվեստական-արդյունաբերական ուսումնարանում (Ս․ Աղաջանյանի և Ս․ Առաքելյանի մոտ), 1927-1930 թվականներին՝ Մոսկվայի գեղարվեստա-տեխնիկական բարձրագույն ինստիտուտում (Ա․ Գերասիմովի, Ա․ Դեյնեկայի, Վ․ Ֆավորսկոլ մոտ), 1930-1931 թվականներին՝ Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում։ Սեդրակ Ռասմաճյանը հայ կերպարվեստ է մուտք գործել բանվոր դասակարգի կյանքը պատկերող թեմաներով՝ ստեղծագործաբար յուրացնելով ու խորացնելով դասական ռեալիզմի սկզբունքները։ Դինամիզմով բնորոշվող նրա արվեստը («Գործադուլավորներ», 1932, «Բանվորների ընդհարումը ոստիկանության հետ», 1953 և այլ թեմատիկ պատկերներ) առանձնանում են ռեալիզմի արդիականացված ձևամտածողությամբ։ Սեդրակ Ռասմաճյանի ստեղծագործությունը արտացոլում է հայ բանվորների հոգևոր ուժն ու կորովը։ Դիմանկարներում պատկերված է նրանց բարոյական գեղեցկությունը, աշխատանքի ներհուն բերկրանքը, գիտակցված արժանապատվությունը։ Սեդրակ Ռասմաճյանի նկարները զերծ են մտացածին գեղարվեստականությունից։ «Բետոնագործ Խաչիկյանը» (1947), «Ձուլարանի Արշակը», (1949, Հայաստանի պետական պատկերասրահ) և այլ կոնկրետ անհատների հոգեբանական դիպուկ կերպավորումները հետագայում ընդգրկելով մարդկային և հասարակական լայն բովանդակություն, նրա արվեստում հանգում են ժամանակակից բանվորի տիպաբանական ընդհանրացման («Ձուլող Արամը», Հայաստանի պետական պատկերասրահ, «Ձուլարանում», նկարչի սեփականություն, «Ձուլող բանվորը», ԽՍՀՄ գեղարվեստի ֆոնդ, բոլորը՝ 1949)։ Սեդրակ Ռասմաճյանի թեմատիկ պատկերների ու աշխատանքի դյուցազունների նկարաշարերը արտացոլում են ժողովրդական մտածողությունից բխող «կյանք-մարդ» փոխհարաբերության նկարչի հավատամքը («Գործարանի ինտերիեր։ Չուգունի ձուլում», 1959, Հայաստանի պետական պատկերասրահ)։ Սեդրակ Ռասմաճյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում բնանկարչությունը։ Զանգեզուրի, Գուգարքի, Արարատյան դաշտի, Արագածի, Սևանի և այլ շրջանների նրա բնանկարները, որոնք լուրջ ներդրում են հայկական բնանկարչության ասպարեզում («Փողոց Աշտարակում», 1939, «Աևան», 1939, «Ուռենիներ», 1943, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահ), առանձնանում են կոլորիտի նուրբ զգացողությամբ, գույնի (կանաչ-շագանակագույն երանգներ) իմաստավորմամբ, գծի ամրությամբ, կառուցվածքի ամբողջականությամբ, վրձնահարվածի տարողունակությամբ։ Սեդրակ Ռասմաճյան գրաֆիկական աշխատանքներին հատուկ է գեղանկարչական հնչողությունը (գուաշ, ջրաներկ, կավճաներկ և այլն)։ Այստեղ կան թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, հայկական բանահյուսության, ինչպես և «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներ (1939, 30 թերթ, 11-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)։ Վերջինս էպոսի նկարազարդումների մեջ մնում է լավագույններից սովետական կերպարվեստում։ Սեդրակ Ռասմաճյանի խոր հումանիզմով տոգորված արվեստը բարձր է գնահատել Եղիշե Չարենցը։ Սեդրակ Ռասմաճյանի աշխատանքները 1932 թվականից ցուցադրվել են Հայաստանի, Սովետական Միության և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում։ 1966 թվականին Երևանում բացվել է Սեդրակ Ռասմաճյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։