Սեդրակ Մարմարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարմարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1880 |
---|---|
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1951 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և ռազմական բժիշկ |
Սեդրակ Մարմարյան (1880, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1951, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ բժիշկ, ազգային և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ 1880 թվականին, Տրապիզոնի նահանգի կենտրոն Տրապիզոն քաղաքում՝ տեղի համբավավոր կաթոլիկ Մարմարյանների գերդաստանում, որը շատ մտավորականներ ու կղերական գործիչներ է տվել։ Նախնական կրթություն ստացել է Տրապիզոնում, միջնակարգը՝ Իտալիայում։ 1907 թվականին ավարտել է Իտալիայի Պադովա քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
1907 թվականին վերադարձել է Տրապիզոն և զբաղվել բժշկությամբ։ Եղել է նաև ճանաչված ազգային և հասարակական գործիչ։ Մեկնել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որտեղ բնակվում էին հարազատները, և բժշկությամբ զբաղվելու արտոնագիր հանել։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելու պատճառով վերադարձել է Տրապիզոն, զորակոչվել օսմանյան բանակ և զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականին՝ զինվորական ծառայության ընթացքում, տարագրվել է Մելիտինե, ուր հրաշքով ազատվել է սպանդից և տեղի հիվանդանոցում բժշկի պաշտոն ստացել։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո վերադարձել է Տրապիզոն։
1918 թվականի վերջին Տրապիզոնում հիմնել է Բուլղարահայ Կարմիր խաչի հիվանդանոց։ 1926 թվականին տեղափոխվել է Եգիպտոս, հաստատվել Ալեքսանդրիայում, ուր բացել է սեփական դարմանատուն և զբաղվել բժշկությամբ։ Եղել է ներքին և մանկական հիվանդությունների ճանաչված մասնագետ և սիրված ու հարգված քաղաքացի։ Կյանքի վերջին տարիներին Ալեքսանդրիայի հայ դարմանատանն է աշխատել։ Ունեցել է 7 երեխա, որոնցից երկուսը մահացել են՝ մեծ վիշտ պատճառելով բժշկին։ Մահացել է 1951 թվականին Ալեքսանդրիայում՝ մոտ 71 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յովակիմեան (Արշակունի) Յովակիմ, Պատմութիւն Հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։