Սարգիս Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սիմոնյան
Ծնվել է1946
Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ

Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան (1946, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կառավարման, ավտոմատացման և համակարգային վերլուծության բնագավառների հանրաճանաչ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1995): ՀՃԱ ակադեմիկոս (2003): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011): Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման» ամբիոնի վարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Սիմոնյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 7-ին Իջևան քաղաքում։ 1964 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի N1 միջնակարգ դպրոցը (որը հիմնադրվել է իր պապերի կողմից` դեռևս 1858թ.): 1964-1969 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմատիկայի և հաշվողական տեխնիկայի» ֆակուլտետում` ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում։ Ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1969 թվականին ԵրՊԻ-ի ռազմագիտության ամբիոնում ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։ 1969-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի նախարարության Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում` սկզբում որպես ավագ ինժեներ, այնուհետև` կրտսեր գիտաշխատող։ 1974-1977 թվականներին սովորել է ՀՀ Էներգետիկայի ԳՀԻ-ի, այնուհետև՝ Ուկրաինայի ԳԱ-ի Էլեկտրադինամիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտելուց հետո պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Գ. Ե. Պուխովի և պրոֆեսոր Գ. Ի. Գրեզդովի գիտական ղեկավարությամբ։ 1976 թվականից աշխատել է Կիևի Էներգետիկայի պրոբլեմների մոդելավորման ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա «Էներգիա» ԳԱՄ-ի Ատոմային էներգետիկայի հայկական գիտահետազոտական բաժնում՝ որպես սեկտորի վարիչ, Գազպրոմի ՀԳՀՀ-ի Երևանի կոմպլեքսային բաժանմունքում՝ որպես ավագ գիտաշխատող։

1978 թվականից ԵրՊԻ-ի հրավերով աշխատել է Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» ամբիոնում որպես դոցենտ, հետագայում «Ինֆորմատիկա և կառավարում», «Չափիչ տեխնիկա և ինֆորմացիոն համակարգեր» ամբիոնների դոցենտ, 1995 թվականից` պրոֆեսոր։ 1998 թվականին ստեղծել է ՀՊՃՀ Կիբեռնետիկայի դեպարտամենտի «Տեխնիկական համակարգերի ինֆորմացիոն ապահովում» ամբիոնը, որն անընդմեջ ղեկավարել է մինչև 2010 թվականը։ 2010 թվականից «Տեխնիկական համակարգերի ինֆորմացիոն ապահովում» ամբիոնը միավորվել է Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Ավտոմատացված կառավարման համակարգեր» ամբիոնի հետ և գործել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոն» անվամբ։ 2010 թվականից ղեկավարում է միավորված ամբիոնը, միաժամանակ, ամբիոնին կից «Համակարգային վերլուծություն» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Սիմոնյանը ամուսնացած է, ունի որդի և դուստր.

  • Կինը՝ Եվգենյա Ադամյանը, ինժեներ-էլեկտրոմեխանիկ է,
  • Տղան՝ Հովհաննես Սիմոնյանը, տնտեսագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու է,
  • Աղջիկը՝ Հասմիկ Սիմոնյանը, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու է։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնյանի գիտական հետազոտությունները վերաբերում են կառավարման տեսությանը և պրակտիկային, օպտիմալացման եղանակներին և օպտիմալ կառավարման համակարգերին, ժամանակի իրական և արագացված մասշտաբներում զանազան տեխնոլոգիական գործընթացների կառավարմանը, հաշվողական մաթեմատիկային, դիֆերենցիալ ձևափոխություններին, հիբրիդ հաշվողական տեխնիկային և այլ բնագավառների։ Ներկայացված չորս հիմնական ոլորտներում առավել ցայտուն են դրսևորվել Սիմոնյան գիտնականի որակները.

  • գործնականորեն լուծել է օպտիմալ կառավարման տեսության մեջ քաջ հայտնի Ֆելդբաումի հիմնախնդիրը` ընդհանրացված դրվածքով (այդ արդյունքները լուսաբանվել են նրա «Դինամիկ օպտիմալացման խնդիրների հիբրիդ մոդելավորման որոշ հարցեր» թեմայով թեկնածուական ատենախոսությունում (1977)),
  • մշակել է ոչ գծային ծրագրավորման դինամիկական խնդիրների բավականաչափ լայն դասում ընդգրկվող զանազան մասնավոր խնդիրների լուծման նոր արդյունավետ մեթոդներ, ալգորիթմներ, մասնագիտացված կիրառական ծրագրերի փաթեթներ, ինչպես նաև մասնագիտացված հիբրիդ հաշվիչների սինթեզման հիմունքները (այդ արդյունքները տեղ են գտել նրա «Ոչ գծային ծրագրավորման դինամիկական խնդիրների մասնագիտացված հաշվիչների սինթեզման հիմունքները» դոկտորական ատենախոսությունում (1993)),
  • հիմնավորել և իրականացրել է Գ. Ե. Պուխովի կողմից նախորդ դարի 70-80-ական թվականներին առաջարկված, այսպես կոչված, դիֆերենցիալ ձևափոխությունների` նորագույն օպերացիոն հաշվի մաթեմատիկական ապարատը ոչ դինամիկական համակարգերի վրա տարածելու սկզբունքորեն նոր մոտեցումը, ինչպես նաև նշանակալիորեն զարգացրել է այդ ձևափոխությունների տեսությունը դինամիկական համակարգերի բնագավառում (1986-2010),
  • վերջին 10 տարիներին առանձնապես բեղմնավոր է եղել նրա գիտական գործունեությունը գրեթե չուսումնասիրված և դիֆերենցիալ ձևափոխությունների օգտագործմամբ միապարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների որոշման, միապարամետրական գծային վերջավոր հավասարումների համակարգերի լուծման, բավականաչափ լայն դասերի միապարամետրական գծային և ոչ գծային մատրիցային հավասարումների լուծման նոր եղանակների, նրանց հիման վրա աշխատող նոր հաշվողական ալգորիթմների և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառական ծրագրերի փաթեթների ստեղծման ասպարեզում, որով Սիմոնյանի կողմից ձևավորվել է հիմնարար հետազոտությունների ոլորտի նոր գիտական ուղղություն և ստեղծվել է նոր գիտական դպրոց։

Սիմոնյանի կողմից ստացված գիտական արդյունքների մի մասը Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիիկոս Գ.Ե. Պուխովի ներկայացմամբ տպագրվել է “Электронное моделирование” միջազգային հեղինակավոր հանդեսում, ինչպես նաև թարգմանաբար` ԱՄՆ-ում լույս տեսնող “Engineering Simulation” պարբերականում։

Պրոֆեսոր Սիմոնյանը թվով 40 զեկուցումներվ հանդես է եկել ինչպես միջազգային, այնպես էլ համամիութենական և հանրապետական զանազան գիտաժողովներում։

1998 թվականին Սիմոնյանը ՀՊՃՀ-ում հիմնադրել և խմբագրել է “Моделирование, оптимизация, управление” խորագիրը կրող գիտական աշխատանքների ժողովածուն։ Վերջինս աչքի է ընկել մասնագիտական բարձր որակներով և 2003թ. ընդգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում, 2004 թվականից՝ վերանվանվել է ՀՊՃՀ Լրաբերի “Моделирование, оптимизация, управление” սերիայի։ Լրաբերը մեծ ներդրում է ունեցել մոդելավորման, օպտիմալացման և կառավարման բնագավառների տարբեր մասնագետների կողմից ստացված ժամանակակից գիտական արդյունքների պրոպագանդման գործում։

Պրոֆեսոր Սիմոնյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 25 թեկնածուական և 40 մագիստրոսական ատենախոսություններ, նա պաշտպանված և հաստատված 3 դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատու է։ Հեղինակ (համահեղինակ) է շուրջ 300-ից ավել գիտաուսումնամեթոդական աշխատությունների` այդ թվում` 180 գիտական աշխատանքների, 5 մենագրությունների և 5 գյուտերի։ Ղեկավարել է 8 պայմանագրային թեմաներ, որոնց արդյունքները ներդրվել են ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Նրա կողմից 10 պետբյուջետային թեմաների շրջանակներում ստացվել են հիմնարար հետազոտություններին վերաբերվող կարևորագույն գիտական արդյունքներ, որոնք պարբերաբար հրատարակվել են ԱՄՆ-ում լույս տեսնող “Engineering Simulation” միջազգային հանդեսում, Ուկրաինայի ԳԱԱ-ի “Электронное моделирование” հանդեսում, ՀՀ ԳԱԱ «Զեկույցներում», ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ (ՀԱՊՀ) «Տեղեկագրում», ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի տեղեկագրում, և ՀԱՊՀ Բանբերի “Информационные технологии, электроника, радиотехника” հանդեսներում, ՀՃԱ Լրաբերում և այլուր։

Հեղինակ և համահեղինակ է նաև 44 ուսումնամեթոդական աշխատանքների, որոնց թվում` 3 դասագրքի, 5 թեստային հարցերի և խնդիրների շտեմարանների, 18 ուսումնական ձեռնարկների, 1 եռալեզու բացատրական բառարանի, 4 համառոտագրությունների տեսքստերի և այլն։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականից առ այսօր ՀՊՃՀ-ի (այժմ՝ ՀԱՊՀ) Գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալ։
  • 1995 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Գիտական խորհրդի անդամ։
  • 1995-2016 թվականներին եղել է ՀՊՃՀ (ՀԱՊՀ) դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության «Կառավարման, ավտոմատացման համակարգերի և էլեկտրոնիկայի» 032 մասնագիտական խորհրդի անդամ, խորհրդի գիտքարտուղար և խորհրդի նախագահի տեղակալ։
  • 1996 թվականից ՀՃԱ թղթակից-անդամ է, 2003 թվականից՝ իսկական անդամ։
  • 1998-2012 թվականներին եղել է ՀԱՊՀ «Մոդելավորում, օպտիմալացում, կառավարում» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր։
  • 1998-2016 թվականներին եղել է ՀՀ ԿԳՆ փորձագետ, ՀՀ ԿԳՆ տեխնիկական գիտությունների գծով փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար։
  • 2003 թվականից առ այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Տեղեկագրի» /տեխնիկական գիտությունների սերիա/ խմբագրական խորհրդի անդամ է, «Կառավարում և ավտոմատացում» սեկցիայի պատասխանատու։
  • 2004 թվականից առ այսօր Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի «Լրաբերի» խմբագրական խորհրդի անդամ է, «Էկոնոմիկա և կառավարում» բաժնի պատասխանատու։
  • 2012 թվականից առ այսօր ՀՊՃՀ (ՀԱՊՀ) «Բանբերի» խմբագրական խորհրդի անդամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա» սերիայի գլխավոր խմբագիր։
  • 2014-2019 թվականներին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտության աշխարհում» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, «Տեխնիկական գիտություններ» բաժնի խմբագիր։
  • 2016 թվականից առ այսօր ՀԱՊՀ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության «Կառավարման և ավտոմատացման» 032 Մասնագիտական խորհրդի նախագահն է։
  • 2016 թվականից առ այսօր ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի փորձագետ է։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվական - ՀՀ Իջևան քաղաքի պատվավոր քաղաքացի։
  • 1977 թվական - տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1980 թվական - դոցենտի գիտական կոչում։
  • 1993 թվական - տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
  • 1995 թվական - պրոֆեսորի գիտական կոչում։
  • 1995-1996 թվականներ - տպագրված «Լավագույն գիտական աշխատանքի» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ)։
  • 1996-1997 թվականներ - ասպիրանտի «Լավագույն գիտական ղեկավարի» մրցանակաբաշխության հաղթող։
  • 1997-1998 թվականներ - «Լավագույն մագիստրոսական ատենախոսության» մրցանակաբաշխության հաղթող՝ որպես գիտական ղեկավար։
  • 1998-1999 թվականներ - տպագրված «Լավագույն գիտական աշխատանքի» մրցանակաբաշխության հաղթող (2-րդ մրցանակ)։
  • 2002 թվական - ՀՃԱ «Պատվո նշան»։
  • 2003 թվական - ՀԱՊՀ վաստակագիր, ՀՀ ԿԳՆ պատվոգիր։
  • 2003 թվական - ՀՃԱ իսկական անդամ։
  • 2003 թվական - ՀԱՊՀ հիմնադրման 70-ամյակին նվիրված «Վերջին 10 տարում հրատարակված լավագույն ուսումնական ձեռնարկի» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ)։
  • 2004-2005 թվականներ - հրատարակված «Լավագույն մենագրության» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ) (համահեղինակ՝ Ա.Գ. Ավետիսյան), «Լավագույն դասագիրք և ուսումնական ձեռնարկ» մրցանակաբաշխության հաղթող (2-րդ մրցանակ)։
  • 2006 թվական - ՀՊՃՀ «Ոսկե հուշամեդալ»։
  • 2008 թվական - ՀՃԱ «Պատվո նշան», ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
  • 2008-2009 թվականներ - հրատարակված «Լավագույն դասագրքի» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ)։
  • 2011 թվական - հրատարակված «Լավագույն մենագրության» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ), (համահեղինակ՝ Ա.Գ. Ավետիսյան)։
  • 2011 թվական - ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ։
  • 2013 թվական - ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ։
  • 2014 թվական - հրատարակված «Լավագույն գիտական հոդվածաշար» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ)։
  • 2014-2020 թվականներին (բացառությամբ 2017-ի) - ընդգրկվել է ՀՀ բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների ցուցակներում և ՀՀ պետական բյուջեից ստացել հավելավճար[2]
  • 2016 թվական - նրան շնորհվել է ՀԱՊՀ վաստակագիր, Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվո ոսկե կրծքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՊՀ
  2. «Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.