Սամոդիական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամոդիական լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
ԵնթադասUralic?[1]
IETFsyd
ISO 639-5syd

Սամոդիական լեզուներ, սամոեդական լեզուներ, ուրալյան լեզվաընտանիքին պատկանող լեզուների խումբ։ Սամոդիական լեզուների մեջ են մտնում հյուսիս-սամոդիական լեզուները՝ նենեցերենը, էնեցերենը և նգանասաներենը (խոսվում են Եվրոպայի հս-արլ․ և Ասիայի հս-արմ․ տարածքներում), սելկուսքերենը (Արմ․ Սիբիրում), կամասիներենը (մեռած լեզու է), մատորերենը (կամ մոտորերենը), կարագասերենը և տայգերենը։ Վերջին երկու լեզուները դուրս են մղվել թյուրքական լեզուների կողմից և հայտնի են միայն XVIII - XIX դդ․ որոշ բառարանային գրառումների շնորհիվ։ Ենթադրվում է, որ նախասամոդիական լեզվական ընդհանրության տարածքը եղել է Սայանյան բարձրավանդակը և նրա հարակից շրջանները։ Կենդանի սամոդիական լեզուներով խոսում են մոտ 34 հզ մարդ (1980)։ Սամոդիական լեզուների մեծ մասն ունի ձայնավորական զարգացած համակարգ (15-25 հնչույթ)։

Մի շարք բարբառներում պահպանվել է իմաստատարբերիչ փոփոխական շեշտի համակարգը։ Հաճախակի են հնչյունական-ձևաբանական փոփոխությունները արմատներում և ածանցներում։ Գոյականն ունի 3 թիվ (եզակի, երկակի, հոգնակի), 5-10 և ավելի հոլով, որոշ լեզուներում՝ անձնական-ստացական և անձնական-նախանշական ձևեր, որոնք կարող են փոփոխվել ըստ դեմքի և նույնիսկ՝ ըստ ժամանակի։ Բայը Սամոդիական լեզուների մեծ մասում ունի 3 խոնարհում՝ օբյեկտային (անցողական), սուբյեկտային (անանցողական) և անդրադարձ, շատ եղանակներ և կերպեր։ Շարադասությունն ագատ է։ Բառապաշարում կան թուրքական, մոնղոլական, օբ-ուգրական և ենիսեյան լեզուների հետ շփման հետքեր։ 17-20-րդ դդ․ փոխատու հիմնական լեզուն եղել է ռուսերենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 158