Սալվադորի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվադորի կոմունիստական կուսակցություն
իսպ.՝ Partido Comunista de El Salvador
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Սալվադոր
Հիմնադրվածմարտի 30, 1930
Լուծարված1995
Գաղափարախոսությունմարքսիզմ-լենինիզմ
Կայքpartidocomunistadeelsalvador.blogspot.com

Սալվադորի կոմունիստական կուսակցություն, (ՍԿԿ), Սալվադորի ձախակողմյան կուսակցություն, հիմնադրվել է 1930-ին՝ կուսակցության I համագումարում։

Երկրում ռազմական բռնապետություն հաստատվելուց (1931) հետո ենթարկվել է հալածանքների։ 1932-ի ժողովրդական ապստամբությանը մասնակցելու համար կուսակցության բազմաթիվ կազմակերպություններ ջախջախվել են, ղեկավարներից շատերը՝ գնդակահարվել։ 1944-ի մայիսին տեղի ունեցած աշխատավորության համընդհանուր գործադուլի շնորհիվ, որի կազմակերպման գործում կարևոր դեր են խաղացել կոմունիստները, բռնապետությունը տապալվել է։

ՍԿԿ II համագումարը (1946) քննարկել է կուսակցության վերակառուցման, կանոնադրության ընդունման, III-ը (1948)՝ դեմոկրատական ուժերի միասնական ճակատի ստեղծման, IV-ը (1950)՝ կուսակցության գործունեության ծավալման, V-ը (1964)՝ ընդհանուր և ագրարային ծրագրերի, նոր կանոնադրության ընդունման, VI արտակարգը՝ (1970) կուսակցական շինարարության հարցերը։ Անլեգալ պայմաններում կայացած ՍԿԿ VII համագումարը (1979) առաջադրեց ստեղծել հակաբռնապետական միասնական ճակատ։

1979-ի հունիսին կուսակցության մի խումբ անդամներ և կոմունիստ երիտասարդներ ուղարկվեցին Նիկարագուա՝ սանդինիստական ազգային-ազատագրական ճակատին միջազգային օգնություն ցուցաբերելու համար։

1980-ի մայիսին զինվորական խունտայի վարչակարգի դեմ միասնական ուժերով պայքարելու նպատակով ստեղծվեց «Միացյալ հեղափոխական ղեկավարություն» (ՄՀՂ) հեղափոխական բարձրագույն ռազմաքաղ․ կազմակերպությունը, որի կազմում, առաջադիմական մյուս կազմակերպությունների ղեկավարների հետ, ընդգրկվեցին նաև ՍԿԿ ներկայացուցիչները։ ՍԿԿ պատվիրակները մասնակցել են 1957-ին, 1960-ին և 1969-ին Մոսկվայում կայացած կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։

ՍԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում՝ կուսակցության Կենտկոմը, որն ընտրում է Քաղհանձնաժողով և Քարտուղարություն։ Կենտկոմի գլխավոր քարտուղարն է Շաֆիկ Խորխե Հանդալը, կենտրոնական օրգանը՝ «Վոս պոպուլար» («Voz Popular») թերթը։

1995-ի օգոստոսի 5-ին տեղի ունեցավ IX կուսակցության համագումարը, որին կուսակցությունը ցրվեց և «կոմունիստական ուղղություն» անվան տակ մտավ FMLN-ի մաս։ 2004 թ.-ին FMLN-ից որպես նախագահի թեկնածու առաջադրվեց Շաֆիկ Խանդալը, որը 1973 թվականից զբաղեցնում էր Սալվադորի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2005-ի մարտի 27-ին, սալվադորացի կոմունիստների ժողովում, որոշում կայացվեց վերստեղծել կոմունիստական կուսակցությունը։ 2006 թ. դեկտեմբերի 17-ին վերակազմավորվեց Սալվադորի կոմունիստական կուսակցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 127