Ռուբեն Ազիզյան
Ռուբեն Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1961 (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ և ուռուցքաբան |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ռուբեն Իլյիչի Ազիզյան (հունիսի 3, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայազգի բժիշկ, ուռուցքաբան, պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Ազիզյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։ Նրա ծնողները եղել են բժիշկներ․ հայրը՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչը, Հայաստանի առողջապահության նախարարության մանկական գլխավոր օտոլարինգոլոգ, մայրը՝ Երևանի պետական համալսարնի բջջաբանության և գենետիկայի ամբիոնի դոցենտ։
Ռուբեն Ազիզյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որից հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետն ու այն ավարտել է 1984 թվականին[2]։ Նույն թվականին քիթ-կոկորդ-ականջ ուռուցքաբան մասնագիտությամբ ընդունվել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության բազայի հիման վրա ստեղծված ինստիտուտի կլինիկական օրդինատուրա և գործուղվել սովորելու ԽՍՀՄ առոջապահության նախարարության բժիշկների կատարելագործման քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայի կենտրոնական ինստիտուտի օրդինատուրայում, որտեղ էլ 1989 թվականին պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը՝ «Доброкачественные опухоли и опухолеподобные новообразования уха» թեմայով։ Հետագայում վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել Հայաստանի առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում։
Գիտահետազոտական աշխատանքները շարունակելու նպատակով Ռուբեն Ազիզյանը 1994 թվականին ընդունվել է Նիկոլայ Բլոխինի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության գիտական կենտրոնի դոկտորանտուրան[3]։ 1997 թվականին նա պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը, որից հետո աշխատանքի անցել Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի համակարգի Նիկոլայ Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնում՝ նախ որպես բժիշկ-վիրաբույժ, այնուհետև ավագ գիտաշխատող (1998 թ.) և առաջատար գիտաշխատող (1999-2015 թթ.)։ Հետագայում Ռուբեն Ազիզյանը նշանակվել է Բլոխինի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գանգ-ծնոտ-դեմք վիրաբուժական բաժանմունքի ղեկավար։
2000-2007 թվականներին դասավանդել է Մոսկվայի պետական բժշկաատամնաբուժական համալսարանում, 2007 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Գիտական աշխատանքների, դասագրքերի, մենագրության հեղինակ և համահեղինակ է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «НМИЦ онкологии им. Н.Н. Блохина - Врачи». www.ronc.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Азизян Рубен Ильич» (PDF).
- ↑ Армения, Национальная академия наук Республики. «Азизян Рубен Ильич». Национальная академия наук Республики Армения (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.