Ռոբերտ Կակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Կակոսյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1944(1944-09-17) (79 տարեկան)
Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունօվկիանոսագետ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Ռոբերտ Պերճի Կակոսյան (անգլ.՝ Robert Gagosian, սեպտեմբերի 17, 1944(1944-09-17), Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ օվկիանոսագետ, ծովային երկրաքիմիկոս, գիտության պատվավոր դոկտոր։ ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։ Վուդս Հոլի օվկիանոսագիտական հաստատության վաստակավոր նախագահ։ «Օվկիանոսային ղեկավարում» միավորման նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Կակոսյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 17-ին, Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում։

Սովորել է Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտում և 1966 թվականին ստացել քիմիայի բակալավրի աստիճան[4]։ 1970 թվականին Կոլումբիայի համալսարանում օրգանական քիմիայի բնագավառում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 1970-1972 թվականներին հետդոկտորական գիտական հետազոտություններ է իրականցրել Բերքլիի համալսարանի Առողջապահության ազգային ինստիտուտում։ 1972-1976 թվականներին Վուդս Հոլի օվկիանոսագիտության հաստատությունում եղել է օգնական գիտաշխատող, 1972-1982 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1982-1987 թվականներին՝ քիմիական քաժանմունքի վարիչ, 1987-1992 թվականներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 1987-1992 թվականներին՝ գիտական մասի տնօրեն։ Ռոբերտ Կակոսյանը հետագայում նշանակվել է Վուդս Հոլի օվկիանոսագիտության հաստատության տնօրեն և նախագահ։

2002 թվականին Լոնգ Այլենդի համալսարանի Սաուտհեմպտոնի քոլեջում և Բոստոնի հյուսիսարևմտյան համալսարանում արժանացել է գիտության պատվավոր դոկտորի կոչման։

2005 թվականից եղել է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հանձնախմրի ԱՄՆ-ի ներկայացուցիչը։ 2007 թվականից զբաղեցրել է Հետազոտական և կրթական օվկիանոսագիտական հաստատությունների և Միացյալ օվկիանոսագիտական հիմնարկների միավորման նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Մոտ 90 գիտական աշխատության, գիտական զեկույցների, հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնք տպագրվել են «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս», «Սայնս» և այլ պարբերականներում։

Մասնակցել է մետ 14 օվկիանոսագիտական նավարկային արշավախմբի, որից 7-ում եղել է գլխավոր հետազոտող-գիտնական։

Ռոբերտ Կակոսյան գիտական հետազոտություններն ընդգրկում են ծովային օրգանիզմների կողմից արտադրվող նյութերի, նրանց տարածման և միջավայրի վրա թողած ազդեցության ուսումնասիրությունը, ինչպես նաև մթնոլորտի դերի բացահայտումը նյութերի տեղաշարժման մեջ՝ ցամաքից դեպի ծովային տարածք։

2002 թվականից եղել է ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, անդամակցել է նաև ԱՄՆ-ի օվկիանոսային գործերի խորհրդին (եղել է փոխնախագահ), Օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչության ղեկավար խորհրդին, ԱՄՆ-ի օվկիանոսային քաղաքականության պետական հանձնախմբի գիտական խորհրդին, ԱՄՆ երկրաքիմիկոսների ընկերությանը, ԱՄՆ քիմիական ընկերությանը, Օրգանական երկրաքիմիկոսների եվրոպական ընկերությանը, Հյուսիսատլանտյան դաշինքի Օվկիանոսային տնտեսական ներդրումների և հանձնախմբին, Լուիզիանայի կառավարչական խորհրդին, Ազգային գիտական հիմնադրամի ղեկավար հանձնախմբին։

Ռոբերտ Կակոսյանը եղել է Օվիանոսագիտական հետազոտությունների և 52 կրթական հաստատության՝ մոտ 70 գիտահետազոտական լաբորատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։

2001 թվականից Դավոսում եղել է միջազգային տնտեսական ֆորումի հրավիրյալ դասախոս։

2006 թվականին արժանացել է Մոնմաունտի համալսարանի «Օվկիանոսի չեմպիոն» մրցանակին։

Ամուսնացել է Սյուզան Կակոսյանի հետ, ունի երկու որդի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steven Kazlowski; Theodore Roosevelt (2008). The Last Polar Bear: Facing the Truth of a Warming World. Braided River. էջեր 108–. ISBN 978-1-59485-059-2.
  2. James Martin (2012 թ․ հունիսի 30). The Meaning Of The 21st Century: A Vital Blueprint For Ensuring Our Future. Transworld. էջեր 74–. ISBN 978-1-4481-2758-0.
  3. Robert Chehoski (2005 թ․ սեպտեմբերի 1). Critical Perspectives on Climate Disruption. The Rosen Publishing Group. էջեր 1–. ISBN 978-1-4042-0539-0.
  4. «Class of 1966». Massachusetts Institute of Technology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  5. 21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր, էջ՝ 57-58

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]