Կրկներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեֆրենից)

Կրկներգ կամ ռեֆրեն, քառյակային երգի մաս, որ կատարվում է ամեն քառյակի վերջում։ Ի տարբերություն նախերգի՝ կրկներգի գրական տեքստը սովորաբար անփոփոխ է, մասսայական երգերում հաճախ արտահայտում է ստեղծագործության ընդհանուր գաղափարը և կատարվում երկու անգամ։ «Նախերգ-կրկներգ» փոխհարաբերությունը առկա է նաև գործիքային երաժշտության մեջ՝ երկմասանի, ռոնդո կամ ռոնդոակերպ ձևերում։ Կրկներգերը իրենց բովանդակությամբ ու կատարած դերով առանձնապես բազմազան են ժողովրդական երաժշտության մեջ։

Պոեզիայում ռեֆրեն է համարվում տողը կամ մի քանի տողերը, որոնք տեղադրված են բանաստեղծական տների միջև։ Ռեֆրենի առկայությունը որոշում է ստեղծագործության տեսակը։ Ռեֆրեն ունեցող ամենատարածված տեսակը ռոնդոն է։ Ռեֆրեն ունեցող ուրիշ տեսակներն են վիլլանելը, վիրելեն։

Առաջին անգամ ռեֆրեն հանդիպում է տրուվերների մոտ, օրինակ՝ Բրյուլեի։ Տասներեքերորդ դարում նկատվում է ռեֆրենով ամեն տեսակ երգերի վերելք, որը շարունակվում է մինչև մինչև տասնհինգերորդ դարը, ընդհանուր առմամբ այն կարելի է դիտարկել իբրև սիրած հնարք Լուարայի և Ռեյնի շրջանի պոետների, որոնք գրում էին ինչպես լատիներենով, այնպես էլ ազգային լեզվով։ Տրուբադուրների մոտ, ընդհակառակը, հազվադեպ են հանդիպում ռեֆրեններ։

13-րդ-14-րդ դարերի պոետները հնարում են, կարող է և պատահել վերականգնում են պոեզիայի տարբեր տեսակներ, որոնք քիչ թե շատ կապված են պարերին, կամ էլ հիմնված են երգչախմբի և մենակատարի հերթագայությամբ երգելու վրա։ Դրանց կառուցվածքում ընկած է բանաստեղծական փոփոխվող տան և ռեֆրենի շատ արագ ռիթմով իրար փոխելու հակադրությունը։ Այդպիսի պոեզիայի գլխավոր տարատեսակը ռոնդոն է, որի հիմքում ընկած է АВаAabАВ բանաձևը, որում գործնականում բանաստեղծությունների, տների և ռեֆրենների չափի և երկարության անվերջ վարիացիաներ են կատարվում։ Ֆրանսիակն վիրելեն, նրան ազգակից իտալական բալլադը, ինչպես նաև ֆրանսիական միջնադարյան բալլադը նույնպես պարունակում են ռեֆրեն։

Գործնականում տարբերվում է ռեֆրենի երկու տեսակ, կախված նրանից, թե նույնանման բանաստեղծություններ են դրվում տների մեջ, թե ոչ։ Սովորաբար առաջին դեպքում խոսում են ռեֆրենով երգերի մասին (ֆր.՝ chansons avec des refrains )։ Սա կարևոր տարբերություն է, քանի որ ռեֆրենի տեքստի փոփոխությունը ենթադրում է երաժշտության փոփոխություն, դրանով հանդերձ խոսքը երգի ընդհանուր կառուցվածքի մասին է։ Բացի դրանից շատ ռեֆրեններ հանդիպում են կամ մի քանի երգերում, կամ ռոնդոյում, կամ բալլադներում և մնացած երգային ձևերում։ Երբեմն դրանք անվանում են երգեր-մեջբերումներ։ Դեպքերի մեծամասնությունում ռեֆրենով ավարտվում է բանաստեղծության ամեն տունը։

Մեդիտատիվ ռեֆրենը մեկտողանոց ռեֆրենի յուրահատուկ տեսակ է, որը պայմանականորեն բաժանվում է մի քանի մասերի. ամեն կրկնության դեպքում տողը կարծես շարժվում է. առաջին մասը հատվում է, երկրորդը դառնում է առաջին, իսկ վերջում ավելացվում է նոր բառ կամ արտահայտություն[1]։

Հայ գեղջկական երգերում Կոմիտասը տարբերում է նրանց հինգ տեսակ։

Հայ գեղջկական երգերի հինգ տեսակ ըստ Կոմիտասի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզագույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնուրույն իմաստից զուրկ միավանկ բացականչություններ (լե’, լո’, նա՜յ և այլն), որ ծառայում են երաժշտական նախադասությունը կամ բանավոր տաղաչափությունը լրացնելուն։

Միավանկ կամ երկվանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստավոր բառեր (վա՜յ, վո՜ւյ, ա՜խ, վա՜խ, հո’պ-պա, զը’նգը և այլն), որ երգի զգացմունքի համաձայն արտահայտություն են ստանում և այդ զգացմունքը պատկերավորում։

Ոտանավոր տող[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ՝ «Արոտուվ, արոտով, յարիս կարոտով», «Սարերի վրով գնաց» երգում, որ երգի հիմնական տեքստի համար միջանկյալ նախադասություն է դառնում և նրա արտահայտած միտքը բացատրում կամ լրացնում է։ Երգի տեքստում բանաստեղծական և երաժշտական ինքնուրույնություն դեռևս չունեցող այս հավելումները Կոմիտասն անվանում է կրկնակ, սրանք հանդիպում են երգի և՝ սկզբում, և՝ միջում, և՝ վերջում։

Բուն կրկներգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտուն բանաստեղծությամբ, տարբեր եղանակով ամբողջական երգ է՝ մշտապես կապված հիմնական երգին (օրինակ, «Երթամ Ստամբոլ» կրկներգը «Յոթն օր, յոթ գիշեր» երգում)։

Ամբողջական երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երգից անկախ էլ գոյություն ունի և նրա հետ միանում է հակադրության սկզբունքով, սովորաբար՝ դանդաղահոս երգի արագ կրկներգ (օրինակ, «Կուժն առա, ելա սարր» և «Գնա, գնա, հետիդ եմ», «Ջուրն առա, ելա դարը» և «Պիլիբի» և այլն)։

Ժողովրդական երգերը հաճախ անվանում են կրկնակների կամ կրկներգերի անուններով՝ «Ա՜խ, մարալ ջան», «Հոյ Նազան իմ», «Հո դալլո», «Հալար Զուլո» և այլն։ Որեէ երգում կրկներգի և կրկնակի տարբեր տեսակները հաճախ առկա են միաժամանակ և նրա տաղաչափական ձևը դարձնում են խիստ յուրօրինակ ու գրավիչ։

Օրինակ՝

Ամպել ա, ձուն չի գալի,
Շողեր ջան,
Սարիցը տուն չի գալի.
Շողե՜ր ջան.
Դու շորորա’, դուն օրորա’,
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան...

Կրկներգերը սովորաբար բանաստեղծական ու մանավանդ երաժշտական-հուզական մեծ բեռնվածք են կրում։ Կոմիտասը գտնում է, որ կրկնակն ու կրկներգը դառնում են երգի իսկական քնարական մասը։ Լոռու գութաներգի վերաբերյալ նա գրել է՝ «Կարծեք շինականն իր ամբողջ հոգին ձուլել է մեն մի կրկնակի հետ, կարծեք իր ամբողջ կյանքը զոհելու պատրաստ է ջան-գոմշուկին ու գութանավոր-աշխատակցին»[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рефрен // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909. (ռուս.)
  2. Կոմիտաս «Հոդվածներ և ուսումնասիրություններ», Երևան, 1941 թ, էջ 9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 695