Անհիմն մեղադրված կամ վարկաբեկված մարդու իրավունքների, բարի անվան, նախկին համբավի վերականգնում։
Իրավաբանական այն ակտի հետևանքների վերացում, որով անձը ճանաչվել էր որպես իրավախախտման սուբյեկտ և ենթարկվել որոշակի սանկցիայի՝ վարչական, կարգապահական տույժի, դատապարտման (այդ թվում՝ քաղաքացիական, քաղ․ իրավունքներից, որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, որոշակի վայրերից չհեռանալու պարտավորություն և այլն)։ Օրինակ, ռեաբիլիտացում դատվածության, նկատողության հանումը, արգելքի վերացումը։
Բժշկության մեջ, բժշկ․, մանկավարժական, մասնագիտական և իրավական միջոցառումների համալիր՝ ֆիզիկական և հոգեկան սահմանափակ հնարավորություններով (հիվանդությունների և վնասվածքների հետևանքով) անձանց առողջությունը և աշխատունակությունը վերականգնելու համար։ Կիրառվում է ներքին օրգանների, հոգեկան, հենաշարժական ապարատի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների, ծանր վնասվածքների հետևանքների և այլ դեպքերում։ Հատուկ նշանակություն ունի մտավոր թերզարգացմամբ (տես օլիգոֆրենոմանկավարժություն) և լսողության, տեսողության ու խոսելու արատներով երեխաների ռեաբիլիտացում։ Բացի բուժիչ մեթոդներից (աշխատանքային բուժում, բուժական ֆիզկուլտուրա, սպորտային խաղեր, էլեկտրաբուժություն, ցեխաբուժություն և այլն), ռեաբիլիտացում ընդգրկում է նաև ինքնասպասարկման (սոցիալական, կենցաղային ռեաբիլիտացում) հմտություն զարգացնելու և աշխատանքային գործունեության (մասնագիտական, արտադրական ռեաբիլիտացում) նախապատրաստելու միջոցառումները։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 11)։