Ռազմիկ Աբրահամյան
Ծնվել է | օգոստոսի 24, 1943 (77 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սուլդա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | մանկաբարձ և գինեկոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ | Մխիթար Հերացու մեդալ, Պողոսյան մրցանակ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ |
Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան (օգոստոսի 24, 1943, Սուլդա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2009): Մեղադրվում է երեխաների ապօրինի առքուվաճառքի մեջ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1960 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը[1] գերազանցության դիպլոմով։
1967-1971 թվականներին աշխատել է Վեդիում որպես բժիշկ, ապա՝ պոլիկլինիկայի վարիչ։ 1971-1975 թվականներին սովորել և աշխատել է Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ԳՀԻ-ում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները։ 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ։ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ՝ միաժամանակ համակարգելով հանրապետության շրջաններին մասնագիտական ծառայության տրամադրումը։ Միևնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում, որպես ասիստենտ, ապա դոցենտ։ 1990 թվականին մրցույթային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ։ Նույն թվին պաշտպանել է դոկտորական թեզը Ռուսաստանի Դաշնության ԲԳԱ Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում և ստացել է ԵՊԲԻ-ի պրոֆեսորի կոչում։ 1992 թվականին հիմնադրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (ՀՀԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը, ապա 1993 թվականին ՀՀ Առողջապահության նախարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը՝ միաժամանակ ղեկավարելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը, որտեղ սովորում և մասնագիտանում են տեղաբնակ և արտասահմանցի ուսանողներ։ 2002 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական՝ ծննդօգնության գծով և 1997 թվականին՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ[2]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի շուրջ 360 գիտական աշխատանք, որոնցից 90-ը տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում, 5 դասագիրք, 9 ձեռնարկ, 3 մենագրություն, 8 գյուտ և հայտնագործություն։ Գիտական գործունեությունը նվիրված է մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում ախտորոշման և թերապիայի հարցերի ուսումնասիրությանը[1]։
Ղեկավարել է 9 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություն։ Նրա ջանքերով ստեղծվել են մի շարք գործնական և գիտական ծրագրեր արտասահմանյան գործընկերների հետ։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմիկ Աբրահամյանն անդամ է բժշկական համալսարանի գիտական, ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված և մի շարք ամսագրերի խորհուրդների, արտերկրյա գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս է, ինչպես նաև Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների հանրապետական ասոցիացիայի նախագահն է։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մալթյան Խաչ» XXI դարի առաջնորդ
- Մխիթար Հերացու մեդալ (2002)
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2004)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ (2009)[3]
Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմիկ Աբրահամյանը գտնվում է քրեական հետապնդման տակ երեխաների թրաֆիքինգի և առևտրային կաշաքի վերաբերյալ գործի շրջանակներում և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի 3-րդ կետով, այն է ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը և առևտրային կաշառքը։ Քրեական գործը առնչվում է Իտալիա որդեգրված 30 երեխաների, ովքեր որդեգրվել են 2016-2018 թվականներին, ըստ իրավապահների՝ առողջ երեխաներ երկրից դուրս են բերվել հիվանդության տարբեր թղթերով։[4][5][6]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Акушерские аспекты врождённых пороков развития плода, 1992
- Некоторые вопросы неотложной гинекологии, 1994
- Руководство по ультразвуковой диагностике в акушерстве и гинекологии, 1996
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 67։ ISBN 99930-1-001-7
- ↑ «Ռազմիկ Աբրահամյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2016-06-08
- ↑ Հայաստան Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ «Մոտ 200 մանկաբարձ-գինեկոլոգ աջակցում է ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Վաղը կսկսվի Ռազմիկ Աբրահամյանի և նախկին փոխնախարարի գործով դատական նիստը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-01-27
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- ՀՀ վաստակավոր բժիշկներ
- «Հզոր հայրենիք» կուսակցության անդամներ
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի դափնեկիրներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ մանկաբարձներ