Ջուղայի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուղայի գրչության կենտրոն, գործել է 12-17-րդ դարերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին ձեռագիրը 1286 թվականի «Մեկնութիւն սահմանաց ժամուց եւ խորհրդոց աղօթից»-ն է, գրիչ՝ Սարգիս։

1325 թվականին Խաչատուր գրիչն ընդօրինակել է Ճաշոց (Մատենադարան, ձեռագիր № 6235)։

1388 թվականին մեծադիր Ավետարան է պատկերազարդվել Սուրբ Ամենափրկիչ վանքում։

15-րդ դարում կենտրոնում է գործել գրիչ ու մանրանկարիչ Մարիամը, 1456 թվականին գրչագրել է «Քարոզգիրքս Գրիգորի Տաթեւացւոյ» (կենտրոնի ընտիր նմուշներից է)։

16-րդ դարի վերջին և հատկապես 17-րդ դարի սկզբին մատյաններ են ընդօրինակել Հակոբ Ջուղայեցին (1587 թվականի և 1603 թվականի ձեռագրերը, նաև ծաղկողը), Բարսեղ վարդապետը («Մեկնութիւն Ղուկասու», 1603, Մատենադարան, ձեռագիր № 8243), Երեմիա երեցը (1600, Ժողովածու, Մատենադարան, ձեռագիր № 2019), Մկրտիչը (Ավետարան, 1603), Խաչատուր Խիզանեցին, Հովհան Դարգամարգեցին, Հովհաննես գրիչը, Հակոբ քահանան և ուրիշներ։ Կենտրոնում ընդօրինակված հայտնի վերջին ձեռագիրը Ռստակես աբեղայի Հայսմավուրքն է (1605)։

1604–1605 թվականների բռնագաղթից հետո էլ կենտրոնը շարունակել է գործել։ Ձեռագրերից պահվում են նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։