Ջեննի Գերհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեննի Գերհարդ
Jennie Gerhardt
Հեղինակ Թեոդոր Դրայզեր
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 1911 թվական
Նկարագրում է Չիկագո
Էջեր 452
Երկիր 46 Star US Flag.svg ԱՄՆ
Հրատարակիչ Harper & Brothers
Հրատարակման տարեթիվ 1911

Ջեննի Գերհարդ (անգլ.՝ Jennie Gerhardt), ամերիկյան գրող Թեոդոր Դրայզերի երկրորդ վեպը՝ առաջին անգամ հրատարակված 1911 թվականին։ Դրայզերը սկսել է ստեղծագործել 1901 թվականի հունվարին։ Սյուժեի հիմքում ընկած է Թեոդոր Դրայզերի ավագ քրոջ՝ Մերիի կյանքի իրական պատմությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի մարդիկ դատապարտում են աղջկան։

Երեխայի ծնվելուց հետո Ջեննին ընտանիքով տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ Ջեննին աշխատանքի է անցնում մի մեծահարուստ տիկնոջ մոտ՝ որպես աղախին։ Ծանոթանում է Լեսթեր Քեյնի՝ խոշոր արդյունաբերողի որդու հետ։ Ջեննին սիրահարվում է Լեսթերին։ Վերջինիս զգացմունքները աղջկա նկատմամբ այդքան էլ լուրջ չեն։ Նրանք տեղափոխվում են Չիկագո և բնակվում են միասին շքեղ առանձնատանը։ Նրանց ամուսնացած չլինելու և Ջեննիի անցյալի մասին տեղեկությունները տարածվում են, որն առաջ է բերում Լեսթերի ընտանիքի զայրույթը։ Դրա համար Լեսթերի հայրը մահից առաջ այնպես է փոխում կտակը, որ Լեսթերը կարողանա ստանալ ժառանգության իր բաժինը միայն Ջեննիից բաժանվելու դեպքում։ Լեսթերը երկար ժամանակ չի կարողանում որոշում ընդունել։ Լեսթերի եղբայր Ռոբերտը Ջեննին հայտնում է կտակի մասին։ Ջեննին որոշում է զոհաբերել սեփական երջանկությունը հանուն Լեսթերի և համոզում է նրան թողնել իրեն։

Որոշ ժամանակ անց սենատոր Բրանդերի և Ջեննիի աղջիկը մեռնում է։ Դստեր մահը մեծ ցավ է պատճառում Ջեննին։ Մի քանի տարի անց հիվանդանում է Լեսթեր Քեյնը։ Նրա կինը այդ ժամանակ գտնվում է արտասահմանում և նա խնդրում է Ջեննին այցելել իրեն։ Ջեննին խնամում է նրան։ Եվ Լեսթերը վերջապես սեր է խոստովանում նրան։ Մի քանի օր անց Լեսթերը մահանում է։ Ջեննին գաղտնի կերպով ներկա է գտնվում նրա թաղմանը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեննի Գերհարդ - վեպի գլխավոր հերոսուհին։ Նա սկսում է աշխատել որպես հավաքարարուհի Կոլումբիայի հյուրանոցներից մեկում։ Ավելի ուշ նա աշխատում է որպես աղախին Քլիվլենդում։ Լեսթերի՝ նրան լքելուց հետո, նա տեղափոխվում է Սենդվուդ՝ Չիկագոյի փոքրիկ քաղաքներից մեկը։ Ջեննի ամբողջական անունն է Ջենևիև։ Նա ունի 5 եղբայր և քույր։
  • միսիս Գերհարդ - Ջեննիի մայրը
  • Վիլյամ Գերհարդ - Ջեննիի հայրը։ Նա գերմանացի է։ Աշխատում է որպես ապակեգործ։ Նա հիվանդանում է վեպի ավարտին։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Օհայո նահանգի Յանգսթոն քաղաք։ Մահանում է ծեր տարիքում
  • Սեբաստիան Գերհարդ - Ջեննիի եղբայրը։ Հայտնի է Բես անունով
  • Ջորջ, Մարթա, Վիլյամ, Վերոնիկա - Ջեննի մյուս քույր-եղբայրները
  • սենատոր Բրենդեր - միջին տարիքի տղամարդ, ԱՄՆ-ի սենատոր, որը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Մահանում է տիֆից մինչև ամունսնանալը
  • Լեսթեր Քեյն - Ջեննիի երկրորդ սերը։ Նա Ջեննիին հանդիպում է, երբ այցելում է իր ընկեր Բրեյսբրիջին
  • Էմի, Իմոջին, Լուիս - Լեսթերի քույրերը
  • Միսիս Յակոբ Ստենդալ, միստր և միսիս Կարմիշել Բուրկ, Հենսոն Ֆիելդ, Թիմոթի Բիլինջեր, միստր Գրեյգ, Սոմերվիլլ - Ջեննիի և Լեսթերի հարևանները Հայդ պարկում
  • Սեմուել Է․ Ռոս - անշարժ գույքի գործակալ, ում հետ աշխատում է Լեսթերը
  • Լեթի Պեյս - հարուստ այրի, ում հետ ամուսնանում է Լեսթերը
  • միսիս Դեյվիս, 50-ամյա տնտեսուհի, որն օգնում է Ջեննին, երբ Վեստան մահանում է
  • Ռոզի Պերպետուա և Հենրի Սթովեր, երկու որբուկներ, որոնց Ջեննին որդեգրում է Վեստայի մահից հետո։

Գրական նշանակություն և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Թեոդորոս Դրայզերը հրաժարվեց վեպը գրելուց[1]: 1910 թվականին Դրայզերը որոշեց շարունակել վեպը[1], նրա կարծիքով Ջեննի կերպարի մեջ նա իր բնավորությունն էր արտացոլել:

Տարիներ անց Դրայզերը Claude Bowers-ին տված հարցազրույցում ասել է, որ այս վեպը չի սիրում[2]:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթե ուզում ես հաջողության հասնել, ուշքդ գլխիդ պահիր, իսկ դրա համար հարկավոր է մտերմանալ կամ ձևացնել, թե մտերիմ ես նրանց հետ, ովքեր առաջին տեղերն են գրավում այս աշխարհում, որտեղ արտաքին, ցուցադրական փայլն ամեն ինչից վեր է:
  • Եթե մարդիկ լավ են հագնված, մատանիներ ու քորոցներ են կրում, ինչ էլ որ անեն՝ լավ է:
  • Լինում են այնպիսի հազվագյուտ, յուրահատուկ բնավորության տեր մարդիկ, որոնք աշխարհ են գալիս չիմանալու ինչու և կյանքից հեռանում են այդպես էլ ոչինչ չհասկանալով նրանից:
  • Գոռոզության ու ագահության այս աշխարհը իդեալիստին ու երազողին խեթ է նայում: Եթե երազողը նայի բարձրում սլացող ամպերին, նրան կկշտամբեն պարապ-սարապ մնալու համար: Եթե նա ականջ է դնում քամու երգին, որը շոյում է նրա հոգին, այդ նույն ժամանակ շրջապատի մարդիկ շտապում են տիրանալ նրա ունեցվածքին: Եթե ամբողջ այսպես կոչված՝ ո՛չ շնչավոր աշխարհը հափշտակում է նրան, հրապուրելով այնպիսի նուրբ ու թովիչ ձայներով, որ թվում է, թե դրանք չեն կարող կենդանի ու բանական չլինել, երազողը կործանվում է տարերքի հարվածների տակ: Իրական աշխարհը միշտը էլ իր չանչերը մեկնում է այդպիսի մարկանց վրա և տիրապետում է նրանց: Հենց այդպիսիններին է, որ կյանքը հնազանդ ստրուկներ է դարձնում:
  • Դուք բախտավոր եք, որ ջահել եք: Դա կյանքում ամենալավ, ամենաթանկ բանն է:
  • Ցավալի բան կլիներ մեռնել՝ առանց ստանալու այն, ինչ այնքան ցանկանում ես:
  • Նա ունեցել էր կորուստի ապրումներ, ճաշակել էր բախտի հարվածները, նրա մեջ կար այնպիսի մի բան, որ աշխույժ երևակայություն ունեցող մարդկանց մեջ համակրանք էր հարուցում:
  • Ինչու՞ շղթաներ հագնել ոտքերին, եթե կարելի է ազատ թռչուն մնալով ստանալ ամեն բան, ինչ ուզում ես:
  • Որքան ավելի երկար էր հեռու մնում նրանից, այնքան ավելի էր փափագում նորից տեսնել նրան:
  • Առաքինությունը մարդկանց բարի ցանկանալու և բարիք գործելու ընդունակություն է: Առաքինի մարդը մեծահոգի մարդն է, որն ուրախությամբ պատրաստ է ծառայելու ամենքին ու բոլորին, բայց հասարակությունն այնքան էլ չի գնահատում այդ հատկությունը:
  • Եթե դուք ձեզ էժան գնահատեք, ձեզ բանի տեղ չեն դնի, ոտքի տակ կտան ձեզ: Եթե դուք ձեզ թանկ գնահատեք, թեկուզև ոչ ըստ արժանվույն, ձեզ կհարգեն:
  • Հասարակությունն ընդհանրապես շատ վատ է ճանաչում մարդկանց: Նրա միակ չափանիշն է` ինչ կասեն ուրիշները: Ինչպես երևում է, շատ քչերն են ընդունակ ինքնուրույն դատողություն անելու:
  • Մեր կյանքում տեղի ունեցող արտաքին ու ներքին փոփոխությունների նշանակությունը միշտ չէ, որ միանգամից մեզ պարզ է լինում: Մենք ցնցված ենք, վախեցած, իսկ հետո կարծես վերադառնում ենք նախկին վիճակին, բայց փոփոխությունն արդեն տեղի է ունեցել: Երբեք և ոչ մի տեղ մենք արդեն նախկինը չենք լինի:
  • Մարդ բարձրագույն լարման րոպեներին ամենից ավելի նկատելի է աճում: Նա ուժերի և ընդունակությունների հզոր հորձանք է զգում: Մենք դեռ դողում ենք, վախենում ենք սխալ քայլ անել, բայց մենք աճում ենք: Ոգևորության բռնկումներն են ղեկավարում մեզ:
  • Ամեն տուն հաստատված է նախ և առաջ մոր վրա, բայց այդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն վախճանը մոտիկ է:
  • Լավ բարեկամներն իրարից չպետք է բաժանվեն, դա վտանգավոր է:
  • Բնությունը ոչ ոքի չի մերժում: Եթե միջավայրը կամ հասարակությունը մեզանից երես են դարձնում, մենք էլի բարեկամ ենք մնում այն ամենին, ինչ գոյություն ունի: Բնությունը մեծահոգի է: Քամին ու աստղերը քո բարեկամներն են: Միայն բարի եղիր ու զգայուն և դու կհասնես այդ մեծագույն ճշմարտությանը: Գուցե և այն քեզ չի հասնի ձևակերպված ֆորմուլաներով, բայց կհասնի հրճվանքի ու անդորրի զգացողությամբ, որը և, վերջին հաշվով, կազմում է իմացության էությունը:
  • Անդորրի մեջ ձեռք ես բերում իմաստություն:
  • Մենք ստիպված ենք լինում խիստ շատ բան ընկալել: Ասես անծայրության իմաստությունը փորձում է իր համար ճանապարհ բացել դեպի նեղվածք գանգերը և տեղավորվել սահմանափակ ուղեղներում:
  • Կյանքը պայքար է, և եթե ուզում ես մի բան ստանալ, պետք է պայքարես:
  • Մեղմ, զիջողամիտ, անշահախնդիր մարդը միշտ էլ ավար է դառնում ամբոխի համար: Մարդիկ հեռվից զգում են նրա անպաշտպան լինելը:
  • Սիրո մեջ, ինչպես և ճակատամարտում, յուրաքանչյուրն իր բախտն ունի:
  • Ամեն խելք չի կարելի չափել մի ինչ-որ անմիտ արարքով: Ամեն մեկին չի կարելի դատել նրա մի ինչ-որ կրքով:
  • Ծերունիներին ու երեխաներին միշտ կապում է մի ինչ-որ անբացատրելի բարեկամություն, մի սքանչելի և հուզիչ ներքին մոտիկություն:
  • Ամեն մի խոհուն մարդու կյանքում լինում է ժամանակ, երբ նա նայում է անցյալին և ինքն իրեն հարց է տալիս, թե ի՛նչ արժեք ունի ինքը և՛ մտավոր, և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ նյութական տեսակետներից: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պատանեկան խելահեղ ժամանակներն արդեն անցել են, երբ առաջին ինքնուրույն քայլերն ու ամենաեռանդուն ջանքերն արդեն արված են, և այն ամենը, ինչին ձգտել ես ու հասել, քո աչքում դառնում են անճիշտ ու անհաստատ: Եվ շատերի գիտակցության մեջ սողոսկում է հոգին ցամաքեցնող մի միտք կյանքի ունայնության մասին, մի միտք, որ ամենից լավ արտահայտել է Եկլեսիատեսը:
  • Կինը պետք է իր սիրած միակ մարդու առաջ բաց անի իր ամբողջ հոգին:
  • Եթե մարդ հարուստ է, նա հիշեցնում է զանգակը վզից կախված կատվին: Ամեն մի մուկ ճիշտ գիտե, թե որտեղ է նա և ինչ է անում:
  • Ամեն մի թուլություն, նույնիսկ թուլության նշան խրտնեցնում է մարդկանց: Նրանք բնազդաբար հեռու են փախչում ձախորդներից, խուսափում են նրանցից, ասես վախենալով, թե կվարակվեն:
  • Երբեք մի՛ ստիր, երբեք մի՛ փորձիր փաստերն այնպես չներկայացնել, ինչպես ինքդ ես տեսնում: Ճշմարտությունը կյանքի շունչն է, բոլոր արժանիքների հիմքը, և գործի մթնոլորտում էլ այն լավ համբավ է ապահովում նրա համար, ով հաստատորեն ճշմարտության կողմ է պահում:
  • Ամեն մարդու կյանքում լինում են վճռական րոպեներ, երբ նա տատանվում է պարտքի ու արդարության խստիվ պահպանման և երջանկություն ստանալու հրապուրանքի միջև, որին կարելի է հասնել, հարկավոր է միայն վարվել ոչ այնպես, ինչպես հարկն է:
  • Ոչ մի բան չկա իրական և հավիտենական, բացի բարությունից, սրտագին, մարդկային բարությունից: Մնացած ամեն ինչը անցողական է երազի պես:
  • Այս աշխարհում սերը բավական չէ: Հարկավոր է նաև դաստիարակություն, հարստություն, իր ուզածը կատարելու և բանսարկելու կարողություն:
  • Լավ կին՝ դա անբացարելի հանելուկ է:


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Richard Lingeman, 'The Biographical Significance of Jennie Gerhardt ', in Dreiser's "Jennie Gerhardt": New Essays on the Restored Text, James L. W., III West (ed), Philadelphia: University of Pennsylvania Press, 1995, page 10, Google Books
  2. Claude Bowers, My Life: The Memoirs of Claude Bowers, New York: Simon & Schuster, 1962, p. 156