Jump to content

Ջեյմս Բալջերի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բալջերի սպանություն
Սպանության ձևtorture murder?, մարդու առևանգում և Սեռական հանցագործություններ
Երկիր Միացյալ Թագավորություն
Կոորդինատներ
Ամսաթիվփետրվարի 12, 1993
Սպանվածներ1 մարդ
Վիրավորներ0
Զենք՝աղյուս և քար

Ջեյմս Պատրիկ Բալջեր (անգլ.՝ James Patrick Bulger, մարտի 16 1990, Լիվերպուլ - փետրվարի 12 1993, Ուոլթոն, Լիվերպուլ[1]), անգլիացի երեխա, որը դարձել է սպանության զոհ։ Երբ Բութլի «Նյու Սթրենդ» սուպերմարկետի մսի խանութում նրա մայրը կարճ ժամանակով միայնակ էր թողել երեխային, նրան նկատել էին երկու տղաներ՝ Ջոն Վենեբլսը և Ռոբերտ Թոմփսոնը, որոնք այդ օրը դպրոցում էին։ Նրանք երեխային բռնությամբ տարել են իրենց հետ և դաժանաբար ծեծի ենթարկել, այդ թվում՝ 10 կգ երկաթյա ձողով հարվածել, ոտքով խփել, երեխայի վրա աղյուսներ ու քարեր նետել, դեմքը ներկով ծածկել։ Երբ հանցագործները տեսել են, որ Ջեյմսն այլևս չի շարժվում, նրանք երեխային քարշ տալով տարել են Ուոլթոնում գտնվող երկաթգիծ և թողել, որ այնտեղ մահանա՝ հույս ունենալով քողարկել սպանությունը որպես դժբախտ պատահար[2][3]։ Հանցագործությունն արագորեն բացահատվել է առևտրի կենտրոնի տեսագրությունների շնորհիվ՝ ֆիքսելով՝ ինչպես են երեխային տարել[4][5]։

1993 թվականի փետրվարի 12-ին՝ ուրբաթ օրը, Դենիս Բալջերը եղբոր ընկերուհու հետ ուղևորվել էր գնումներ կատարելու և իր հետ տարել նաև 2-ամյա որդուն՝ Ջեյմսին։ Ժամը 15։30-ին նրանք ժամանել են «Նյու Սթրենդ» առևտրի կենտրոն, որտեղ, գնումներ կատարելով, 15:40-ին գնացել են մսի խանութ։ Քանի որ Ջեյմսը չարաճճիությամբ էր զբաղված մանկական հագուստի խանութում, Դենիսը նրան թողել էր խանութի դռան մոտ։ Նա չէր ծրագրել խանութում երկար մնալ, բայց մսագործը շփոթել էր պատվերը։ Երբ նա դուրս եկավ, տեսավ, որ որդին անհետացել է[6]։

Նայելով տեսագրության ձայնագրությունները՝ պարզվել է՝ ինչպես են որդուն վերցրել10-ամյա Ռոբերտ Թոմփսոնը և Ջոն Վենեբլսը։ Նրանք Ջեյմսին բերել են երկաթգիծ, որտեղ սկսել են աղյուսներ ու քարեր նետել նրա վրա, ներկ ցայտել աչքերին[7]։ Այնուհետև Վենեբլսը մոտակայքում գտնվող զարդակտորով հարվածել է Ջեյմսին, իսկ Թոմփսոնն ուժգին հարվածել է երեխայի գլխին։ Նկատելով, որ Ջեյմսը չի շարժվում՝ Ջոնը և Ռոբերտը փոքրիկին դրել են ռելսերի վրա, որպեսզի ամեն ինչ դժբախտ պատահարի նման լինի, և շտապել են տուն։ Գուցե հանցագործությունը սեռական բնույթ էր կրում, քանի որ դիակը չուներ շալվար, ոտնաման, գուլպաներ և ներքնազգեստ։

Ջեյմսի դին գտնվել է երկու օր անց։ Ժամանող գնացքն այն երկու մասին էր բաժանել, բայց մինչ այդ երեխան արդեն մահացել էր[8]։

Ռոբերտ Թոմփսոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Թոմփսոնը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 23-ին Ռոբերտ-ավագի և Էնն Թոմփսոնի ընտանիքում։ Ռոբերտը 6 երեխաներից հինգերորդն էր։ Ծնողներն ամուսնացել էին 18 տարեկան հասակում, բայց ընտանեկան կյանքն ամենևին հարթ չի ընթացել։ Մինչ ամուսնությունը մայրը մեծացել էր հայր-բռնակալի ճնշումների տակ, ամուսինը հարբեցող էր և հաճախ էր ծեծում մորը երեխաների աչքի առաջ։ Էննը ամուսնու հանդեպ հիասթափությունից և վախից դրդված՝ արտացոլել է իր ցավը որդիների վրա՝ երեխաներին ծեծելով փայտերով և գոտիներով։ Ինչ-որ պահի հայրը մեկընդմիշտ հեռացել է ընտանիքից, որից հետո Էննը, փորձելով ինքնասպանության անհաջող փորձ կատարել հաբերի վերադոզավորման միջոցով, սկսել է իր փրկությունը գտնել ալկոհոլի մեջ և վերջնականպես սանձարձականալ։ Նրա վեց որդիները մեծացել են ինքնուրույն և համախմբելու, մոր հարձակումներից պաշտպանվելու փոխարեն ստիպված էին պաշտպանվել միմյանցից։ Որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր լիներ բնակվել այս վիճակով, Ռոբերտը աշխատել է չխառնվել խնդիրների մեջ և, ընդհանրապես, երբեք չի շտապել առաջ։ Երբ նրան անկյուն էին կանգնեցնում, սկսում էր ստել կամ լացել, իսկ երբ նրա հանդեպ ֆիզիկական բռնություն էր գործադրվում, նա փորձում էր հակահարված տալ։

Էնն Թոմփսոնի բոլոր երեխաները հետագայում շեղվող վարք դսևորեցին։ 4 տարեկանում Ռոբերտի ավագ եղբայրը խնամակալության տակ է առնվել Երեխաների պաշտպանության ծառայության կողմից այն բանից հետո, երբ նրա նկատմամբ ծանր բռնության նշաններ են հայտնաբերվել։ Մյուս եղբայրը սկսել է գողությամբ զբաղվել՝ հաճախ ներգրավելով փոքրիկ Ռոբերտին։ Երրորդ եղբայրը դարձել է սադրիչ և կասկածվել երեխաների սեռական բռնության մեջ (կա վարկած, որ Ռոբերտը նրա զոհերից մեկն է)։ Չորրորդ եղբայրը հաճախ իր ուսուցիչներին բռնությամբ սպառնում էր։ Երբ ավագ եղբայրները պետք է խնամեին ամենակրտսերին, նրանք հաճախ երեխային փակում էին աղավնաբնում։ Ի վերջո եղբայրներից մեկը հեռացել է տնից՝ բնակվելու սոցիալական պաշտպանության բարեգործական կենտրոնում։ Մյուսները փորձել են կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ։ Թոմփսոնների ընտանիքը ոստիկանության և հասարակական ծառայությունների ուշադրության կենտրոնում էր։ Ամեն անգամ, երբ որևէ հանցագործություն էր կատարվում, Թոմփսոններն առաջին կասկածյալներից էին լինում։ Նրանք բոլորը գործալիքներ էին և խնդիրներ ունեին ոստիկանության հետ։

Ռոբերտն Էննի միակ որդին էր, որ փորձել է նրա մեջ գոնե ինչ-որ կերպ սեր առաջացնել։ Նա օգնել է նրան կենցաղային հարցերում, հուզական աջակցություն է ցուցաբերել և կերակրել յոթերորդ որդուն՝ Բենին, որին Էննը ծննդաբերել էր՝ չիմանալով՝ ով է երեխայի հայրը։ Ռոբերտը դպրոցում ոչ այնքան հարձակողական էր, որքան խորամանկ։ Նա հանգստությունը խախտող չէր։ Ուսուցիչները նրան նկարագրում էին որպես ամաչկոտ և լուռ, նրանից մեծ ակնկալիքներ չունեին։ Դասընկերները նրա նկատմամբ անտարբերություն էին դրսևորում և գրեթե չէին նկատում։ Ջոն Վենեբլսը փաստացի նրա միակ, փոքրիշատե մտերիմ ընկերն էր։

Չնայած Ռոբերտը, փորձելով ուեղ ձևանալ, օգտագործում էր անքաղաքավարի խոսք, նրան ոչ մեկը դաժան կամ հարձակողական չէր համարում։ Հիմնականում նա գործալիք էր, որը գիշերային ժամերին հաճախ թափառում էր Ուոլթոնի փողոցով։ Էննը երբեմն թաքցնում էր տղայի կոշիկները, որպեսզի նրան թույլ չտա տնից դուրս գալ։

Ջոն Վենեբլսը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 13-ին Նիլ և Սյուզան Վենեբլսների ընտանիքում։ Նա 4 երեխաներից երկրորդն էր։ Հայրը գործազուրկ էր, երբեմն աշխատում էր որպես բեռնատար մեքենայի վարորդ։ Սյուզանն ու Նիլը շատ բարդ հարաբերություններ ունեին, նրանք տարաձայնությունների մեջ էին, հետո դարձյալ միավորվում էին։ Տնային տնտեսությունը քաոսի մեջ էր։ Երբ Նիլն այնուամենայնիվ երկար ժամանակով հեռացավ ընտանիքից, Սյուզանն ու երեխաներն ապրում էին մոր հետ, բայց հետո Նիլը նորից վերադարձավ ընտանիք, բայց միայն ընտանիքով Լիվերպուլում գտնվող պետական բնակարան տեղափոխվելու համար, ինչից հետո ծնողները նորից ամուսնալուծվեցին, թեպետ Նիլը երբեմն վերադառնում էր ընտանիք։ Հարաբերությունների այդպիսի անկայունությունը չէր կարող չանդրադառնալ երեխաների վրա։ Սյուզան Վենեբլեսը ծագում էր շատ խիստ և կարգապահ միջավայրից և շատ հաճախ Ջոնի վրա հոգեկան և ֆիզիկական բռնություն էր գործադրում։ Եղել են պահեր, երբ մայրը Ջոնին ուղարկել է հոր մոտ, եթե միայնակ չի կարողացել կարգավորել նրա հետ հարաբերությունները։ Ի լրումն ամեն ինչի՝ Սյուզանն ու Նիլը տառապում էին կլինիկական դեպրեսիայով, ինչը նույնպես արտացոլվել է երեխաների վրա։

Ջոնի եղբայրներն ունեին զարգացման հապաղում։ Ավագ եղբայրը ծնվել էր նապաստակի շրթունքով, ինչը հանգեցրել է սոցիալական հարմարվողականության և զայրույթի անընդհատ բռնկումների հետ կապված խնդիրների։ Ջոնի կրտսեր եղբայրը սովորում էր հատուկ դպրոցում, և ծնողների համար շատ ժամանակ պահանջվեց նրան վերահսկելու համար։ Ջոնի կրտսեր քույրը ևս ուներ զարգացման հապաղումներ և վերջին հաշվով նույնպես հայտնվել էր հատուկ դպրոցում։ Ջոնը, որը զարգացման այսպիսի լուրջ խնդիրներ չուներ, փաստացի զրկվում էր ծնողների ուշադրությունից։ Երբեմն նա նմանակում էր ավագ եղբոր զայրույթի պոռթկումները գոնե մի փոքր ուշադրություն գրավելու համար։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վկաների՝ Ջեյմսի առևանգումից կես ժամ առաջ անչափահաս հանցագործները փորձել են գողանալ մեկ այլ երեխայի, բայց մայրն այդ ամենը նկատել է ժամանակին։

Հետաքննությունը նաև պարզել է, որ ականատեսներից շատերը տեսել են՝ ինչպես է երկու տղա քարշ տալիս լացակումած Ջեյմսին։ Չնայած երեխայի դեմքի կապտուկներին՝ անցորդներից քչերն էին միջամտել, իսկ նրանք, ովքեր միջամտել էին, բավարարվել էին առևանգողների նմանատիպ պատասխաններով. «Նա մեր կրտսեր եղբայրն է», կամ «Մենք հենց ոստիկանություն ենք գնում։ Նա, հավանաբար, մոլորվել է»[9]։

Մարդասպանները ծագում էին անբարեհաջող ընտանիքներից, որտեղ սովորական էր բռնությունը։ Ընթացքում նրանք ցույց չեն տվել ոչ մի զղջում, միայն՝ վախ։ Քանի որ բրիտանական օրենսդրությունը թույլ է տալիս 10 տարեկանից սկսած երեխաների դատավարություն, մարդասպանները դատապարտվել են անորոշ ժամկետով ազատազրկման՝ 10 տարի անց ազատ արձակվելու հնարավորությամբ։ 2000 թվականին դատական մարմինները մեղմացման տեսանկյունից վերանայել են դատավճիռը, իսկ 2001 թվականի հունիսին Թոմփսոնը և Վենեբլսը ազատ են արձակվել և ստացել նոր անուններով փաստաթղթեր։ Նրանց գտնվելու վայրը իշխանությունները գաղտնի են պահել։ Չնայած այդ ջանքերին, ըստ մամուլի տեղեկությունների՝ 2004 թվականին սպանված Ջեյմսի մայրը հայտնաբերել է մարդասպաններից մեկի՝ Թոմփսոնի ապրելավայրը[10]։

2010 թվականի մարտի 2-ին Արդարադատության նախարարությունը բացահայտել է, որ Ջոն Վենեբլսը վերադարձվել է բանտ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու չհիշատակված խախտման պատճառով։ Միևնույն ժամանակ Արդարադատության նախարար Ջեք Սթրոուն հայտարարել է, որ Վենեբլսը վերադարձվել է բանտ՝ իր դեմ հարուցված «չափազանց լուրջ մեղադրանքների» պատճառով, սակայն, նախարարի խոսքերով, ինքն «ի վիճակի չէ ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել Ջոն Վենեբլսի՝ բանտ վերադառնալու պատճառների մասին, քանի որ դա հակասում է կազմակերպության պահանջներին»։

2010 թվականի հունիսի 21-ին Վենեբլսին մեղադրանք է ներկայացվել մանկական պոռնոգրաֆիայի պահպանման և տարածման պատճառով։ Ոստիկանները նրա համակարգչում գտել են մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված 57 լուսանկար։ 2010 թվականի հուլիսի 23-ին Վենեբլսը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ երեխաների անպարկեշտ լուսանկարները բեռնելու և տարածելու համար։ Դատաքննության ընթացքում պարզվել է, որ համացանցում Վենեբլսը ձևացրել է իբրև Լիվերպուլից 35-ամյա ամուսնացած կին՝ Դոն Սմիթ անունով, որը պարծենում էր իր 8-ամյա դստեր նկատմամբ բռնություններով՝ հուսալով ստանալ այլ մանկական պոռնոգրաֆիա։ Նա 2011 թվականի հուլիսին իրավունք ուներ դիմելու պայմանականորեն վաղաժամկետ ազատման միջնորդության, բայց 2011 թվականի հունիսի 27-ին պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակող խորհուրդը որոշել է, որ Վենեբլսը կմնա կալանքի տակ, և որ պայմանականորեն վաղաժամկետ ազատման հաջորդող դիմումը կարող է քննարկվել ոչ շուտ, քան մեկ տարի անց։

2018 թվականի փետրվարին Վենեբլսին հերթական մեղադրանքն է ներկայացվել մանկական պոռնոգրաֆիա և «պեդոֆիլների ձեռնարկ» ունենալու համար, որի հետևանքով նա դատապարտվել է 40 ամսվա ազատազրկման[11]։ Նշվել է նաև, որ նրան կարող է տրվել նոր անուն և պետության հաշվին պլաստիկ վիրահատություն կատարելու հնարավորություն` իր ինքնությունը կոծկելու նպատակով, ինչը Բալջերներն ակտիվորեն կանխել են[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The killers and the victims». CNN. 2001 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
  2. McKay, Mike (2000 թ․ հոկտեմբերի 26). «Every parent's nightmare». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Scott, Shirley. «Death of James Bulger: Pt 2, Abduction». truTV.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  4. Smith, David James (2011 թ․ ապրիլի 3). «The Secret Life of a Killer» (PDF). The Sunday Times Magazine: 22–34. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Sharratt, Tom (1993 թ․ նոյեմբերի 2). «James Bulger 'battered with bricks'». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  6. Blease, Stephen (2009 թ․ փետրվարի 23). «Young know what is wrong». North-West Evening Mail. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Sharratt, Tom (1993 թ․ նոյեմբերի 2). «James Bulger 'battered with bricks'». Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  8. Coslett, Paul (2006 թ․ դեկտեմբերի 4). «Murder of James Bulger». BBC. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին.
  9. Bulger mother 'paralysed by fear' after finding child killer — World — www.smh.com.au
  10. Gamp, Joe (2018 թ․ մայիսի 5). «James Bulger's killer Jon Venables 'could get TAXPAYER-FUNDED plastic surgery'». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  11. Disley, Jan (2018 թ․ մայիսի 2). «James Bulger's family launch legal challenge to strip Jon Venables of his anonymity». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]