Պուբոլի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Պուբոլի ամրոց
իսպ.՝ Castillo de Púbol
իսպ.՝ Castillo Gala-Dalí
Púbol Baix Empordà Catalunya.JPG
Տեսակ դղյակ և հուշարձան[1]
Վարչական միավոր Պուբոլ և Լա Պերա[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված 1056
Ընթացիկ վիճակ Bien de interés cultural
8 de noviembre de 1988
RI-51-0006021[2]
Կայք Պաշտոնական կայք
Կոորդինատներ: 42°0′54.000000100002″ հս․ լ. 2°58′58.8000001″ ավ. ե. / 42.01500000002777568° հս․. լ. 2.983000000028° ավ. ե. / 42.01500000002777568; 2.983000000028
Պուբոլի ամրոցը գտնվում է Իսպանիաում
Պուբոլի ամրոց
Castle of Púbol Վիքիպահեստում

Պուբոլի ամրոց կամ Գալա-Դալի ամրոց (իսպ.՝ Castillo de Púbol կամ Castillo Gala-Dalí, կատ.՝ Castell de Púbol կամ Castell Gala-Dalí), 11-րդ դարի ամրոց Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի Ժիրոնա պրովինցիայի Բաշ Էմպորդա կոմարկայի Պուբոլ գյուղում: Միջնադարում եղել է Պուբոլ բարոնության կենտրոնը, 1970-ական թվականներին այնտեղ բնակվել են Սալվադոր Դալին (1982 թվականին ստացել է մարքիզ դե Պուբոլ տիտղոս) ու իր կինը՝ Գալան:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուբոլի ամրոցի ներքին բակը

Պուբոլի ամրոցը տեղակայված է Լա Պերա մունիցիպալիտետի կենտրոնական մասի ամենաբարձր վայրում: Պուբոլի ամրոցի ճարտարապետական համալիրը ներառում է ամրացված պալատը, որ շուրջը փռված է պարսպով շրջապատված այգին, Սուրբ Պետրոս Պուբոլցու թեմական գործող եկեղեցին (կատ.՝ L'església de Sant Pere de Púbol) ու այլ կառույցներ, որ հայտնի են որպես «Դեսյատին»: Շուրջը խիտ տեղակայված են գյուղական տները, որ պաշտպանված են պարսպի մանցորդներով[3][4]:

Իր ներկայիս տեսքի հիմնական բնութագրական գծերը՝ եռահարկ կառուցվածքն ու հիմնական կառույցների երեք թևով տեղակայումը նեղ ու բարձր ներքին բակի (պատիո) շուրջը, ամրոցը ձեռք է բերել Պուբոլի բարոնության ծաղկման ժամանակաշրջանում՝ 14-րդ դարի երկրորդ կեսին և 15-րդ դարի սկզբին[5]:

Ներքին բակում պահպանվել են գոթիկայի ու Վերածննդի դարաշրջանների օրիգինալ տարրեր: Դրանցից ամենանշանակալին գլխավոր ճակատամասն է, որտեղ աչքի են ընկնում դարպասների՝ սեպաձև խոշոր քարերից կառուցված կիսաշրջանաձև կամարն ու առաջին հարկի օրիգինալ գոթական պատուհանները: Ամրոցի տարբեր կառույցներում պահպանվել են մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ ճարտարապետական տարրեր, ինչպիսիք են գոթական պատուհաններն ու Վերածննդի դարաշրջանի պատուհանները, բարձրաքանդակներն ու շքամուտքերը, որ զարդարված են խորհրդանշաններով[6]:

Սուրբ Պետրոս Պուբոլցու եկեղեցին

Սուրբ Պետրոս Պուբոլցու եկեղեցին, որ ունի մեկ նավ ու զանգակատուն, կառուցված է գոթական ոճով 1327 և 1341 թվականների միջև, սակայն որոշ կառույցներ ավելացվել են ավելի ուշ, օրինակ՝ երկու մատուռներից մեկը, որ նվիրված է Մարիամ Աստվածածնին, զարդարվել է քանդակներով 15-րդ դարում, իսկ մյուսը՝ 1631 թվականին: 17-րդ դարում ավելացվել է դասը, 18-րդ դարում՝ ավանդատունը: Եկեղեցու ճակատամասի մեջտեղում գտնվում են գլխավոր մուտքն ու ուշ գոթական շրջանի վարդակ պատուհանը: Մինչ 1936 թվականը եկեղեցում է գտնվել Սուրբ Պետրոս Պուբոլցու նկարը՝ ստեղծված կատալոնցի գեղանկարիչ Բեռնատ Մարտորելի կողմից մոտավորապես 1437 թվականին, սակայն ներկայում այն պահվում է Գիրոնայի Արվեստի թանգարանում[6]

Սուրբ Պետրոսից ու այլ անձանցից բացի նկարում պատկերված են Պուբոլ ամրոցի տերերից մեկը՝ Բերնատ դե Կորբերան (կատ.՝ Bernat de Corbera), նրա կին Մարգարիդա դե Կամպլոնգը (կատ.՝ Margarida de Campllong) և նրանց որդին՝ Ֆրանսեսկ դե Կորբերա ի դե Կամպլոնգը (կատ.՝ Francesc de Corbera i de Campllong), ում դուստրը դարձել է Պուբոլի առաջին բարոնուհին[7]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուբոլ ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվում է 1065 թվականի մի փաստաթղթում, համաձայն որի՝ ամրոցի տերը՝ Գաուֆրեդ Բաստոնսը (կատ.՝ Gaufred Bastons), իր Պուբոլ և Սերվիա (կատ.՝ Castell de Cervià) ամրոցները հանձնել է Բարսելոնայի կոմսությանը: 14-րդ դարի կեսերին ամրոցն անցնում է Առնո դե Լիերսին (կատ.՝ Arnau de Llers): Հետագայում այն պատկանել է Սերվիա ընտանիքին, իսկ 1370 թվականին արդեն եղել է Ժիսպեր դե Կամպլոնգի (կատ.՝ Gisper de Campllong) սեփականությունը:

15-րդ դարի երկրորդ կեսին՝ ամրոցի հերթական տիրոջ՝ Ֆրանսեսկ դե Կորբերա ի դե Կամպլոնգի մահից հետո, Պուբոլն անցել է նրա դստերը՝ Իզաբելա դե Կորբերա ի Ալբերտին (կատ.՝ Isabel de Corbera y Albert): Ամուսնացած լինելով Ֆրանսիսկո դե Մունտանյանս-Հորտայի (իսպ.՝ Fransisco de Muntanyans-Horta) հետ՝ Իզաբելան ստացել է Պուբոլի բարոնուհու տիտղոս: Առաջին ամուսնու մահից հետո Իզաբելան ամուսնանում է Բերենգե-Ժուան դե Ռեկեսենսի (իսպ.՝ Berenguer-Juan de Requesens) հետ: Նրանց որդին՝ Ֆրանսեսկ դե Ռեկեսենս-Կամպլոնգը (կատ.՝ Francesc de Requesens-Campllong), ժառանգել է մոր տիտղոսը և դարձել Պուբոլի առաջին բարոնը[8]: Մինչ 17-րդ դարի սկիզբն ամրոցը եղել է Ռեկեսենս ընտանիքի սեփականությունը: Հետագայում ամրոցը պատկանել է Օմս (կատ.՝ Oms), Տորմո (կատ.՝ Tormo), Բատլե ի դե Միքել (կատ.՝ Batlle y de Miquel) ընտանիքներին, ապա դե Բլոնդել դե լ'Էստան (կատ.՝ de Blondel de l'Estany) մարքիզներին:

Սալվադոր Դալիի սեփականության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Սավադոր Դալին իր կնոջը՝ Գալային, խոստանում է նվիրել ամրոց: Էմպորդայի ու Ֆոշայի ամրոցները գնելու անհաջող փորձերից հետո Դալին ձեռք է բերում Պուբոլը, որ այն ժամանակ գտնվում էր բավական վատ վիճակում. պատերին կային մեծ ճեղքեր, կտուրներն ավերված էին, իսկ այգին՝ լքված: Այդ ամենն ամրոցին տալիս էր ռոմանտիկ ու խորհրդավոր տեսք, ինչը բարձր է գնահատում Դալին և ամեն ինչ անում, որ այդ էֆեկտը չկորչի վերակառուցման ընթացքում: Վերակառուցման աշխատանքները ղեկավարել է Էմիլ Պինիոն՝ Սալվադոր Դալիի ընկերը: Ամրոցի հենարանային կառույցները ամրացվում են, սակայն թողնվում է ճակատամասին եղած խորը ճեղքը: Ըստ Դալիի՝ ժամանակի այդ հետքը արժանի է, որ պահպանվի: Ավերված շինությունների տեղում կառուցվում են բարձր սրահներ, որոնք հակադրվում են ամրոցի մյուս՝ փոքր ու խուցային շինություններին: Ամրոցը հնարավոր է լինում փրկել՝ չծածկելով ու չվերանորոգելով ավերածությունների մի զգալի մասը:

Ամրոցի ինտերիերը, որի հիմնական տարրերից են պատերի զարդանկարները (այդ թվում նաև տեսողական պատրանքներ ստեղծող զանազան խաբուսակները), բարոկկո ոճի կտորները, անտիկվարիատը, ռոմանտիկական խորհրդանշաններ և այլն, ամբողջովին ստեղծվել է Սալվադոր Դալիի կողմից: Այգում տեղադրվել են բարակոտն փղերի արձաններ, որոնց գավակներին թառել են ագռավներ, ինչպես նաև կառուցվել է շատրվան, որ զարդարված է կոմպոզիտոր Վագների՝ գունավոր խեցուց պատրաստված կիսանդրիներով[9]:

«Գալան բռնեց իմ ձեռքն ու հանկարծ ասաց ինձ. «Եվս մեկ անգամ շնորհակալություն ամեն ինչի համար: Ես ընդունում եմ Պուբոլ ամրոցը, բայց մի պայմանով. առանց իմ գրավոր հրավերի դու այնտեղ չես հայտնվի»: Այդ պայմանը բավարարում էր իմ մազոխիստական հակումներին ու լիովին հիացրեց ինձ: Գալան վերածվեց անմատչելի բերդի, ինչպիսին եղել էր միշտ: Կիպ մոտիկությունն ու հատկապես ընտանեվարությունն ունակ են մարելու ցանկացած կիրք: Զգացմունքների զսպվածությունն ու հեռավորությունը, ինչպես ցույց է տալիս ասպետական սիրո նյարդային ծեսը, ուժեղացնում են կիրքը»:

— Սալվադոր Դալի[4][10]

1971-1980 թվականներին Գալան ամրոցում անցկացրել է ամառները: Նա մահացել է ամրոցում 1982 թվականի հունիսի 10-ին և թաղվել այնտեղ[11]՝ Դալիի հանձնարարությամբ «Դեսյատինի» շենքում կառուցված կրիպտեում:

Նույն թվականի հունիսի 24-ին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I]-ը Սալվադոր Դալիին շնորհում է մարքիզ դե Պուբոլ տիտղոս:

Կնոջ մահից հետո Դալին երկու տարի ամրոցում վարում է մեկուսի կյանք: 1984 թվականին ամրոցում տեղի է ունենում մեծ հրդեհ, որ բռնկվել էր նրա ննջարանում[12] չպարզված հանգամանքներում: Դա կարող էր լինել ինքնասպանության փորձ Դալիի կողմից կամ սպասավորների անուշադրության հետևանք[13]: Արդյունքում Դալին ստանում է այրվածքներ և հազիվ է փրկվում է մահից[14] իր ընկերոջ՝ Ռոբերտ Դեշարնի շնորհիվ[15]: Հիվանդանոցում բուժվելուց հետո Դալին տեղափոխվում է Ֆիգերասում գտնվող իր տուն-թատրոնի Գալատեայի աշտարակ, որտեղ ապրում է մինչև մահ:

Տուն-թանգարան «Գալա-Դալի ամրոց»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գալա-Դալի ամրոց» տուն-թանգարանը բացվել է 1996 թվականին և հովանավորվում է «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամի կողմից: Թանգարանն այցելությունների համար բաց է մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ամրոցում անցկացվել են վերակառուցման աշխատանքներ, և վերանորոգվել են կահույքը, ցուցանմուշներն ու զանազան մանրուքներ, որոնք բավականին վնասվել էին այն տարիներին, երբ շինությունը եղել է փակի տակ: Թանգարանի վերակառուցմամբ շինության սեփականատիրոջ իրավունքով զբաղվել է Պետական ժառանգության պահպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Վերակառուցման ժամանակ զգալիորեն փոխվել է շինության ձեղնահարկը, որտեղ ներկայում տեղավորված է Գալայի զգեստապահարանի մշտական ցուցադրությունը: Ամրոցի ներքին հարկում գործում է տուն-թանգարանի խանութը, իսկ մյուս շենքերը թողնված են այնպիսին, ինչպիսին եղել են Սալվադոր Դալիի ու Գալայի օրոք[9]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. Ministerio de Cultura, Patrimonio Histórico
  3. DDAA. Casa-Museu Castell Gala Dalí Púbol. Fundació Gala-Salvador Dalí, 2011. ISBN 978-84-8478-520-0
  4. 4,0 4,1 Замок Гала в Пуболе
  5. Gala Dalí Castle Museum-House > History
  6. 6,0 6,1 CASTELL DE PÚBOL I ESGLÉSIA DEL CASTELL
  7. Molina i Figueras, Joan. Bernat Martorell i la tardor del gòtic català. El context artístic del retaule de Púbol., 2003. ISBN 84-393-6058-4
  8. Púbol por Jaime Marqués Casanovas
  9. 9,0 9,1 Gala Dalí Castle (Пуболь, Испания)
  10. Dalí, Salvador. «Le point de vue de Dalí, Vogue». A: Destino. Obra completa. Barcelona: Destino, 2005, p. 821.
  11. «Gala Biography»։ Gala-Salvador Dalí Foundation։ Gala-Salvador Dalí Foundation։ Վերցված է 2014-06-17 
  12. "Dalí Resting at Castle After Injury in Fire". Նյու Յորք Թայմս. September 1, 1984. Retrieved July 22, 2006.
  13. Salvador Dalí: Olga's Gallery. Retrieved on July 22, 2006.
  14. «Review of Castell de Púbol»։ Frommer's։ Վերցված է 2013-09-10 
  15. Décès de Robert Descharnes, l'homme qui avait sauvé Salvador Dalí (Ֆրանսերեն )

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]