Պիզանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պիզանո (այլ կիրառումներ)

Պիզանո (անգլ.՝ Pisano), 13-14-րդ դարերի մի շարք իտալացի քանդակագործների և ճարտարապետների մականունը։

Նիկոլո Պիզանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Պիզանո

Նիկկոլո (Նիկոլա) Պիզանոն (մոտ 1220, Ապուլիա-1278 թվականի և 1284 թվականի միջև, Տոսկանա), քանդակագործ։ Պրոտոռենեսանսի հիմնադիրներից։ Կրել է հարավ-իտալական, տոսկանական քանդակագործության, ինչպես և ուշ հռոմեական սարկոֆագների պլաստիկայի ազդեցությունը։ Քանդակագործությունը և ճարտարապետությունը դիտելով որպես տեկտոնականորեն հավասարազոր երևույթներ՝ Նիկկոլո Պիզանոն ստեղծել է պլաստիկորեն ընկալվող, հզոր նկարագրով, զանգվածեղ կերպարներ (Պիզայի մկրտարանի ամբիոնի «Ուժի այլաբանությունը», մարմար, 1280

Ջովաննի Պիզանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Պիզանո (մոտ 1245-1250, Պիզա-1314 թվականից հետո), քանդակագործ և ճարտարապետ։ Նիկկոլո Պիզանոյի որդին, աշակերտը և օգնականը։ Կրել է գոթական քանդակագործության ազդեցությունը։ Ջովաննի Պիզանոյի քանդակային ստեղծագործությունները (Սիենայի տաճարի ճակատի արձանները, մարմար, 1284-1299) աչքի են ընկնում հուզական մեծ լիցքով, պրոտոռենեսանսի և գոթական արտահայտչամիջոցների համադրումով։ Զովաննի Պիզանոյի ճարտարապետական գործերում (Սիենայի տաճարի ճակատի ստորին հատվածը, 1284-1299) նույնպես գերակշռում են գոթական սկզբունքները։

Անդրեա Պիզանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Պիզանո (իսկականը՝ Անդրեա դա Պոնտեդերա, Andrea da Pontedera) (մոտ 1290-1348 կամ 1349), քանդակագործ և ճարտարապետ։ Նրա քանդակագործական աշխատանքներում (Ֆլորենցիայի մկրտարանի հարավային դռան բարձրաքանդակները, ոսկեզօծ բրոնզ, 1330- 1336) հորինվածքի պարզությունը զուգորդված է նրբագեղ մանրաձևերին, գծային սահուն ռիթմերին։ Անդրեա Պիզանոյի ճարտարապետական գործերում ուշ գոթական և պրոտոռենեսանսյան միտումները միահյուսված են միմյանց (ղեկավարել է Ֆլորենցիայի, 1337-1343 և Օրվիետոյի, 1347-1348, տաճարների զանգակատների կառուցումը)։

Նինո Պիզանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Պիզանո (մոտ 1315-1368), քանդակագործ, ճարտարապետ և ոսկերիչ։ Անդրեա Պիզանոյի որդին և աշակերտը։ Ֆրանսական գոթիկայի ազդեցությամբ կատարված նրա քանդակներին («Տիրամայր», մարմար, 1343-1347, Օրվիետոյի տաճարի թանգարան) բնորոշ են գծային ռիթմերի իռացիոնալությունը, մարմինների գալարաձևությունը։ Որպես ճարտարապետ, հոր մահից հետո, շարունակել է Օրվիետոյի տաճարի շինարարությունը։