Jump to content

Պիգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլեն Ռուժ կաբարեն

Պիգալ (ֆր.՝ Pigalle), Պիգալ հրապարակի շուրջը տարածվող կարմիր լապտերների թաղամաս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Գտնվում է 9-րդ և 18-րդ մունիցիպալ օկրուգների սահմանին։ Հրապարակը այդպես է կոչվել ի պատիվ ֆրանսիացի քանդակագործ Ժան-Բատիստ Պիգալի (1714-1785 թթ.): Գոյություն ունի թաղամասի անվան ստուգաբանության ևս մեկ տարբերակ, ըստ որի՝ այն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզում գտնվող դաշնակից զորքերի զինվորների գործածած Pig Alley (Խոզային ծառուղի) արտահայտությունից[1]։

Պիգալ թաղամասի շենքերից մեկը

Մի ժամանակ փարիզցիներին և քաղաքի հյուրերին Պիգալ թաղամաս էին հրապուրում-բերում արգելված զվարճանքները, ինչպես, օրինակ, բարքերի ազատությամբ հռչակված Մուլեն Ռուժ, Divan Du Monde կաբարեները, «Գրան Գինյոլ» սարսափ-թատրոնը (վերջինս ներկայումս փակված է)... Մեր օրերում Պիգալը համբավվել է նաև բազմաքանակ սեքս շոփերով, որոնք գտնվում են նույնանուն հրապարակի և գլխավոր փողոցների վրա։ Դրանց հարող նրբանցքները լեփ-լեցուն են անառականոցներով։

Պիգալ հրապարակի հարավային մասը զբաղեցնում են երաժշտական խանութները, որտեղ վաճառվում են երաժշտական գործիքներ ու հարակից պարագաներ։

Նշանավոր նկարիչ Անրի Թուլուզ-Լոտրեկի արվեստանոցը գտնվել է այս թաղամասում։ Այդ արվեստագետը հաճախ էր լինում Մուլեն Ռուժում, նկարում անբարո կանանց, Մոնմարտրի կաբարեների կյանքը... Ժամանակին Պիգալում են ապրել նաև Պաբլո Պիկասոն, Վինսենթ վան Գոգը, Մորիս Նյումոնը, Անդրե Բրետոնը... 1928 թվականին Ջոզեֆին Բեյքերը վերջինիս բնակարանի հարևանությամբ բացել է իր համբավավոր գիշերային ակումբը։ Դրանից ոչ հեռու՝ Espace Dali թանգարանն է, որտեղ ցուցադրվում են Սալվադոր Դալիի ստեղծագործությունները։ Թաղամասի դիմագծին բնորոշ տեսարժան վայրերից է այստեղ գտնվող էրոտիկայի թանգարանը։ Պիգալի հայտնի գիշերային ակումբներից մեկն էլ՝ ծնունդով ամերիկացի երգիչ Ադելաիդա Հոլի կողմից 1938 թվականին Rue Pigalle, 73 հասցեում բացված La Grosse Pomme-ը՝ «Մեծ խնձորն» է։ 1930-ական թվականների վերջերի գիշերային մյուս ակումբներից հիշատակման է արժանի նաև Caravan-ը, որտեղ ժամանակին նվագել է Ջանգո Ռայնհարդը[2]։

Պիգալ կարելի է հասնել մետրոյով կամ «Մոնմարտրոբյուս» ավտոբուսով, որի վերջին կանգառը այս թաղամասում է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claude Dubois, La Rue Pigalle, la place : la ville aimante se meurt, Paris, Jean-Paul Rocher, 2011, 111 9782917411506.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]