Պարսկերենի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարսկերենի օր (պարս.՝ روز پاسداشت زبان فارسی), իրանական տոն, որը նշվում է մայիսի 15-ին (իրանական օրացույցով՝ օրդիբեհեշտի 25-ին)[1]։

«Շահնամե» և պարսկերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկերենի օրն անցկացվում է՝ ի պատիվ պարսկական մեծ բանաստեղծ Աբուլկասիմ Ֆիրդուսու՝ «Շահնամե» էպիկական պոեմի հեղինակի։ «Շահնամեն» (պարս.՝ شاهنامه, «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), իրանական ազգերի ազգային էպոսն է։ Դրանում նկարագրվում է Իրանի հնագույն պատմությունը՝ ընդհուպ մինչև 7-րդ դարում իսլամի մուտքը։

«Շահմանեն» գրվել է Պարսկաստանում իսլամի արմատավորումից հետո, երբ Արաբական խալիֆայությունը երկրում վարում էր արաբերենի տարածման կոշտ քաղաքականություն։ Պարսկերենով շփումն արգելված էր, ամբողջ գործավարությունը, գիտությունն ու կրթությունը իրականացվում էին բացառապես արաբերենով։ Այդ ժամանակ էլ եղել է արաբիզմի՝ պարսկերեն ներթափանցման հիմնական փուլը (նույնիսկ պարսկերենի այբուբենը փոխվել է արաբական գրի, որն օգտագործվում է մինչ օրս)։

Իրանական ժողովուրդների համար «Շահնամե»-ի եզակիությունը բացատրվում էր երկու գործոնով.

  1. «Շահնամեն» գրվել է փոխառված բառերի նվազագույն օգտագործմամբ։ Իրանական գրականագիտության մեջ ընդունված է համարել, որ «Շահնամեի» բառապաշարը 95%-ով իրանական է։ Պարսկական գրականության ոչ մի այլ ստեղծագործություն չի գրվել բուն բառերի նման ծավալով։ Ֆիրդուսին դրանք վերցրել է տեղական բարբառներից, հին գրականությունից և իրանական հին լեզուներից (ինչպես, օրինակ, ավեստերեն և հին պարսկերեն)։ Այսօր շարունակվում է նաև ամբողջ աշխարհի իրանցի գրականագետների և իրանական բանասերների կողմից «Շահնամեի» ուսումնասիրությունը։ Պոեմի լեզուն հասկանալը պահանջում է հսկայական քանակությամբ ֆոնային գիտելիքներ և պարսկերենի խորը ընկալում։ Այնուամենայնիվ, նույնիսկ լավ կրթություն ստացած մարդիկ որոշ բառերի մեկնաբանության համար պետք է օգտվեն բառարանից։
  2. «Շահնամեն» ցույց է տվել Իրանի ողջ մեծությունը և հույս ներշնչել արաբական խալիֆայության ճնշումից հոգնած պարսիկներին։ Դա հիմք է հանդիսացել յուրահատուկ ազգային վերածննդի համար։

Ֆիրդուսու պոեմը ուժեղագույն խթան է հանդիսացել պարսկական գրականության համար․ այն դարձել է մի շարք վիպական ստեղծագործությունների ոգեշնչողը, ազդեցություն է ունեցել էպոսի վրա ոչ միայն հերոսական, այլև ռոմանտիկ (Նիզամի Գյանջևի, Ջամի և հարյուրավոր այլ ընդօրինակողներ ոչ միայն Պարսկաստանում, այլև Թուրքիայում և այլուր), իր քնարական տաղերով հանդիսացել է դերվիշի սուֆիական պոեզիայի նախակարապետը և պարսիկների համար մշտապես մնացել է կատարյալ, անհասանելի բանաստեղծական օրինակ։

«Շահնամեն», ըստ հեղինակի վկայության, պարունակում էր 60000 բեյթ՝ զույգ տող (հին բանաստեղծների մեծամասնությունը հենց այս տարբերակով էր գրում)։ Տեքստի մի մասը անհայտ է համարվում։ Ֆիրդուսին համարվում է պարսկերենի հայր։ Նրա դերը համեմատվում է ռուսաց լեզվում Ալեքսանդր Պուշկինի դերի հետ։

Տոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շահնամե» հիմնադրամի առաջարկով 1980 թվականին տոն է սահմանվել՝ նվիրված հայտնի պոեմի ստեղծման հազարամյակին[2]։ Մայիսի 15-ը դարձել է Ֆիրդուսու տոն։ Ամեն տարի՝ մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում (օրդիբեհեսթի վերջին շաբաթը), Իրանի տարբեր համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում բազմաթիվ անվճար դասախոսություններ են անցկացվում Ֆիրդուսու և «Շահնամեի» մասին։ Այդ ավանդույթը պահպանվում է նաև աշխարհի այլ երկրներում գտնվող իրանական համայնքներում[3]։ Այս տոնին ավելի մեծ ուշադրություն է դարձվել 1990 թվականին հիմնադրված երրորդ Ֆարհանգեստանի (Պարսկական լեզվի և գրականության ակադեմիայի) գործունեության մեկնարկից հետո։ Ֆարհանգեստանն առաջարկել է մեծ բանաստեղծի հիշատակի օրը դարձնել նաև պարսկերենի օր։ 2016 թվականին Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի որոշմամբ մայիսի 15-ը դարձել է նաև պարսկերենի օր։ Ներկայումս այդ տոները նշվում են նույն օրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]