Պարապսիխոլոգիա
Պարապսիխոլոգիա (պսիխո և լոգիա), պարահոգեբանություն, գիտության զարգացման տվյալ փուլում անբացատրելի հոգեֆիզիոլոգիական-ֆիզիկական որոշ պրոցեսների մեկնաբանումը որպես՝
ա․ արտազգայական (մեզ հայտնի զգայարանների գործունեությամբ չհիմնավորվող) ընկալում,
բ․ արտաքին ֆիզիկական երևույթների, օբյեկտների, ինչպես նաե իրադարձությունների վրա մտովի ներգործություն։
Պարահոգեբանները տարբերում են արտազգայական ընկալման հետնյալ ձևերը․
1․ հեռազգայություն (տելեպաթիա)՝ մտովի հաղորդակցում, երբ ինդուկտորի մտքերը, նրա ցանկությունից անկախ հայտնի են դառնում պերցիպիենտին (ընկալող),
2․ պայծառատեսություն (տելեստեզիա)՝ առանց ինդուկտորի մասնակցության, որևէ իրադարձության կամ առարկայի մասին ինֆորմացիա ստանալու ընդունակություն,
3․ կանխատեսություն՝ (պրոսկոպիա)՝ ապագա իրադարձությունների կամ այլ անձի ապագա մտքերի գուշակում,
4․ կենսաբանական էֆեկտ՝ օժանդակ ինդիկատորի (շիվ, կոր մետաղալար են) օգնությամբ ընդերքի «հետախուզում»,
5․ պարաախտորոշաբանություն՝ առանց հիվանդի հետ շփվելու, պայծառատեսության վրա հիմնված ախտորոշում։
Արտաքին ֆիզիկական երևույթների, օբյեկտների, ինչպես նաև իրադարձությունների վրա պարահոգեբանական ներգործության ձևերից առանձնացվում է պսիխոկինեզը (հոգեներգործություն), որը տարբերվում է, իբր, նոր իրավիճակ առաջացնելու կարողությամբ։ Պարահոգեբանական հետազոտությունների հիմնական մեթոդը գիտափորձն է, որի արդյունքներն ամփոփվում են հավանականային վիճակագրական գնահատման եղանակով՝ պարահոգեբանական երևույթի դրսևորումը կարող է վկայվել միավորների այնպիսի հարաբերակցությամբ, որը բացատրվում է միայն այդ երևույթով, և որի պատահական առաջացումը քիչ հավանական է։ Չնայած գիտափորձերի տեխնիկայի կատարելագործմանը, սխալմունքի կամ խաբեության հնարավորությունները չեն բացառվում։ Միաժամանակ պարահոգեբանական պրոցեսները չեն վերարտադրվում, այսինքն՝ չեն բավարարում գիտական փաստի հավաստիությանը ներկայացվող պահանջները։ Պարահոգեբանների մի մասի կարծիքով, որպես կենսաբանական կապի միջոց և ինֆորմացիա կրող հանդես է գալիս օրգանիզմների էլեկտրամագնիսական դաշտը։ Պարահոգեբանական հետազոտություններն սկզբնավորվել են 1882-ին, երբ Լոնդոնում կազմակերպվել է «Հոգեկան երևույթների ուսումնասիրման ընկերությունը»։ 1970-ական թթ․ վերջին ավելի քան 30 երկրներում գործում էին հատուկ լաբորատորիաներ և ընկերություններ, որոնցից շատերը միավորված են Միջազգային պարահոգեբանական ասոցիացիայում (Նյու Յորք)։ ՍՍՀՄ-ում հետազոտությունները ձեռնարկվել են 1920-ական թթ․ Լենինգրադում, 1960-ականներից շարունակվել Մոսկվայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |