Պաստա մոլիկատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաստա մոլիկատա
Առաջացման երկիր Իտալիա
 Pasta mollicata Վիքիպահեստում

Պաստա մոլիկատա (իտալ.՝ pasta mollicata), իտալական մակարոնեղեն՝ չորահացի կամ պաքսիմատի հավելումով, ծագումով Բազիլիկատայից, հայտնի է լուգանական, կալաբրիական և սիցիլիական խոհանոցերում[1][2]։

Այն ավանդական գյուղական ուտեստ է, որը պատրաստում են Իտալիայի հարավում և ունի բազմաթիվ տարբերակներ՝ կախված տարածքից, թեև հիմնական բաղադրիչները մնում են մակարոնեղենն ու պաքսիմատը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտեստը հին ծագում ունի և շրջապատված է լեգենդար աուրայով։ Պաքսիմատով մակարոնեղենի մասին առաջին հիշատակումը սկիզբ է առել վաղ միջնադարից՝ Պոտենցա գավառի Արմենտո քաղաքից։ 976 թվականին ուտեստը պատրաստվել է ի պատիվ բնակիչների հաղթանակի, որոնք բյուզանդական վանականների գլխավորությամբ արգելափակել են սարացին զավթիչներին[3]։ Ըստ լեգենդի՝ մարտից մեկ օր առաջ մի կին ականատես է եղել Մարիամ Աստվածածնի հայտնությանը, որը կանխատեսելով թշնամու նկատմամբ հաղթանակը, նրան տվել է մակարոն գրտնակելու մի ոչ սովորական փայտ՝ դրանով մակարոն պատրաստելու և բնակիչներին կերակրելու համար։ Կինը մակարոնեղենին ավելացրել է չորացրած հացի փշրանքներ և տապակել է այն ձեթի մեջ[4]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Mollicata մակարոնեղենը սովորաբար պատրաստվում է կտրտված սոխը (նախօրոք կարմիր գինու մեջ թրջված) տապակելով թավայի մեջ ձիթապտղի յուղի և փոքր քանակությամբ խոզի ճարպի հետ։ Ապա զանգվածին ավելացնում են կտրատված լոլիկը և մի քանի րոպե եփում են ուժեղ կրակի վրա։ Դրանից հետո ավելացնում են պաքսիմատ և թավան մոտ 15 րոպե թողնում են ուժեղ կրակի վրա։ Աղ ավելացված մակարոնեղենը քամելուց և ոչ մեծ քանակությամբ կաչիրիկոտա պանրով տապակելուց հետո ուտեստը համեմվում է թարմ կաչիորիկոտայով, ձիթայուղով և ոչ մեծ քանակությամբ կծու պղպեղով[5]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարոնեղենը շատ տարատեսակներ ունի՝ կախված տարածաշրջանից։ Ամենապարզ տարբերակը պատրաստվում է ferretti կամ strascinati մակարոնեղենով, մատուցվում է չորացված հացի փշրանքներով, կարագով և սխտորով։ Այլ լրացուցիչ բաղադրիչներն են կտրատված լոլիկ կամ սոուս, քերած պանիր, մանրացված կամ աղացած պղպեղի կտորներ։ Հազվադեպ ավելացնում են նաև անչոուս, չամիչ կամ նուշ[6]։ Կալաբրիայում և Սիցիլիայում մակարոնեղենը (սովորաբար սպագետտի) երբեմն հացի փոխարեն համեմում են պաքսիմատով, և օգտագործում են անչոուս[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ciccio Sultano (2005). La mia cucina siciliana (իտալերեն). G.R.H. S.p.A. էջ 191. ISBN 88-89711-00-0.
  2. TOURING CLUB - ITALIA (2003). La cucina del Bel Paese (իտալերեն). Touring Editore. էջ 297. ISBN 88-365-2957-7.
  3. «Ricette dell'antica Lucania» (PDF). regione.basilicata.it. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 9 settembre 2020-ին.
  4. «La leggenda dei "Ferricelli"». lucania.one. Վերցված է 16 agosto 2020-ին.
  5. «Food Safety: How Long Does Pasta Last». Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  6. «Fusilli lucani con la mollica di pane». topfooditaly.net. Վերցված է 31 agosto 2020-ին.
  7. «La pasta con la mollica alla siciliana». lacuochinasopraffina. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 3 maggio 2016-ին.