Պալեն մենակ է աշխարհում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալեն մենակ է աշխարհում
դան․՝ Palle alene i verden
Երկիր Դանիա
Ժանրմանկական ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ[1], ընտանեկան ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ[1]
Թվականմայիսի 20, 1949 և փետրվարի 1, 1954
Լեզուդանիերեն
ՌեժիսորԱստրիդ Հենինգ-Ենսեն
Սցենարի հեղինակԱստրիդ Հենինգ-Ենսեն
ԴերակատարներԼիլի Բրոբերգ և Լարս Հենինգ-Ենսեն
ՕպերատորAnnelise Reenberg?
ԵրաժշտությունHerman David Koppel?
Տևողություն25 րոպե

«Պալեն մենակ է աշխարհում» (դան․՝ Palle alene i Verden), դանիական սև-սպիտակ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1949 թվականին Աստրիդ Հենինգ-Ենսենի կողմից Ենս Սիգսգորդի համանուն մանկական գրքույկի հիման վրա։ 1949 թվականին արժանացել է մրցանակի Կաննի կինոփառատոնում։ Մեծ Բրիտանիայում պրեմիերան կայացել է 1949 թվականի մայիսի 20-ին, Դանիայում ՝ 1954 թվականի փետրվարի 1-ին[2]։

2006 թվականին ֆիլմը ներառվել է Դանիական մշակութային կանոնում։

Աստրիդ Հենինգ-Ենսենի համար ֆիլմը եղել է նորամուտային առանձին աշխատելու տեսակետից, քանի որ նախորդ ֆիլմերը նա նկարահանել է ամուսնու՝ կինեմատոգրաֆիստ Բյարնե Հենինգ-Էնսենի հետ։ Ընդ որում՝ «Պալեն մենակ է աշխարհում» ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաև Բյարնեն՝ որպես մոնտաժող։ Ֆիլմի գլխավոր հերոս Պալեին մարմնավորել է նրանց որդին՝ Լարսը[3], որն այդ ժամանակ վեց տարեկան էր[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեն, որ փոքրիկ տղա է, արթնանում է Կոպենհագենի իր բնակարանում և բացահայտում, որ ինքը մնացել է բոլորովին մենակ։ Ոչ տանը, ոչ էլ փողոցում ոչ ոք չկա։ Պալեն ռեստորանում փորձում է իր համար ուտելիք պատրաստել, բայց դա նրան չի հաջողվում։  Այնուամենայնիվ, հրուշակեղենի խանութում նա կարող է վերցնել այն ամենը, ինչ ցանկանում է։ Պալեն նստում է տրամվայ, գործի գցում այն և շրջում ամբողջ քաղաքում, մինչև բախվում է մեկ այլ մեքենայի։

Բանկը բաց է, և Պալեն այնտեղ տեսնում է շատ փող։ Նա հավաքում է մի պարկ մետաղադրամներ, բայց հետո թափում է դրանք, որովհետև դրանք իմաստ չունեն, եթե շուրջը մարդիկ չկան։ Պալեն դիտում է խաղալիքները խանութում և վերցնում գնդակը։ Սակայն նա ոչ մեկի հետ չի կարող խաղալ. նույնիսկ Ֆելլեդպարկում ֆուտբոլիստի հուշարձանի հետ հանդիպումը չի մխիթարում նրան, որովհետև նա չի կարող իսկապես հարվածել գնդակին։  Այնուհետև Պալեն հայտնվում է հրշեջ մասում և հրշեջ մեքենա վարում քաղաքում։

Օդանավակայանում Պալեն ինքնաթիռ է բարձրանում, և ահա նա թռչում է ամպերի վրայով։  Ինքնաթիռը սլանում է դեպի վեր և բախվում Լուսնին։ Պալեն, բացելով հովանոցը, թռչում ներքև և վայրէջք կատարում իր սենյակում՝ գիշերը հայտնվելով իր մահճակալի կողքին՝ վերմակի տակ։ Նա կանչում է մորը, որը հանգստացնում է տղային։ Նա նկատում է իր կոտրված հովանոցը և հարցնում, թե ինչ է Պալեն արել նրա հետ։ Հետո նա քնեցնում է որդուն և դուրս գալիս սենյակից։ Մանկական սենյակի հատակին երևում են այն խաղալիքները, որոնցով Պալեն խաղացել էր քնելուց առաջ, այդ թվում՝ տրամվայ, հրշեջ մեքենա, ինքնաթիռ, գնդակ և այլն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարս Հենինգ-Ենսեն - Պալե
  • Լիլի Բրոբերգ - Պալեի մայրը

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանկության կինո» (the Cinema of Childhood) նախագծի հեղինակներից մեկը՝ Նիլ Մաքգլոունը, «Պալեն մենակ է աշխարհում» ֆիլմի մասին հոդվածում այն կոչել է «Տանը մենակ» հայտնի ֆիլմի դանիական նախորդը՝ նշելով, որ ֆիլմը պարունակում է նաև Ժորժ Մելիեսի «Ճանապարհորդություն դեպի Լուսին» դասական կինոնկարի փոքր օմմաժ[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 թվականի Կաննի կինոփառատոն - Prix pour le sujet (հիմնական մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի բաժնում)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]