Չամարտին (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մադրիդ-Չամարտին
իսպ.՝ Estación de Chamartín

Չամարտին կայարան (իսպ.՝ Estación de Chamartín), երկաթուղային կայարան Մադրիդում: Գտնվում է քաղաքի հյուսիսում համանուն վարչական շրջանում: Համարվում է Մադրիդի երկրորդ երկաթուղային կայարանը, քաղաքի կենտրոնում գտնվող Ատոչա կայարանից հետո: Չամարտին կայարանից երկաթուղային փոխադրումներ են իրականացվում Պիրենեյան թերակղզու հյուսիս արևելյան ուղղությամբ, Սալամանկայից մինչև Իրունա երկաթուղային մայրուղու երեք հիմնական ուղղություններով, գլխավոր հյուսիսային ճանապարհով Մադրիդը միանում է Անդայի հետ (Մադրիդ-Ավիլա-Վալյադոլիդ-Բուրգոս-Միրանդա-դե-Էբրո-Վիտորիա-Սան-Սեբաստյան-Իրուն), Ուղիղ գծով Մադրիդ - Բարսելոնա, Մադրիդ-Բուրգոս (ներկայումս չի շահագործվում) և Մադրիդ-Լեոն նոր արագընթաց երթուղին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի հյուսիսում երկաթուղային կայարան կառուցելու գաղափարը առաջարկվել է դեռևս Երկրորդ Հանրապետության ժամանակ, հասարակական աշխատանքների գծով նախարար Ինդալեսիո Պրիետոյի կողմից հյուսիսային ուղղությամբ դեպի Բուրգոս նոր երկաթուղագիծ կառուցելու նախագծի շրջանակներում, չնայած այն ժամանակ նախատեսվում էր կառուցել այլ վայրում, ներկայիս Չամարտին կայարանից հարավ:

Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 1933 թվականին, բայց նախագիծը սառեցվեց քաղաքացիական պատերազմի պատճառով: Վերջնական արդյունքում Չամարտին երկաթուղային կայարանը կառուցվեց Չամարտին-դե-լա-Ռոսա գյուղի հին գերեզմանատան տարածքում: Չամարտին կայարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967 թվականին, պատերազմի հետևանքով կաթվածահար եղած երկաթուղային նախագծերի գործարկումից հետո: Այդ ժամանակ Չամարտին կայարանին փոխանցվեցին Նորտե կայարանից հեռավոր հաղորդակցության բոլոր գնացքների սպասարկման գործառույթները, շրջանցիկ ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատելու նպատակով: Ուղևորաշրջանառության կտրուկ աճի պայմաններում անհրաժեշտություն առաջացավ վերակառուցելու կայարանի նախկին շենքը: Երկաթուղային տերմինալի ժամանակակից համալիրը, որտեղ նախատեսված էին առևտրային հրապարակներ և հանգստի գոտիներ կառուցվել է 1970-1975 թվականներին:

1979 թվականի հուլիսի 29-ին Չամարտին կայարանում ահաբեկչություն իրականացվեց ԷՏԱ ռազմաքաղաքական խմբավորման կողմից, մեկ մարդ զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին և զգալի նյութական վնաս պատճառվեց: Չամարտին կայարանի պահախցիկում տեղադրված ռումբի հետ միաժամանակ ահաբեկչություններ իրականացվեցին Ատոչա կայարանում և Բարախաս օդանավակայանում[1]:

1980-ական թվականներին Ւսպանիան սկսեց երկաթուղային ցանցի վերակառուցումը և Չամարտին կայարանը դարձավ Մադրիդի գլխավոր երկաթուղային հանգույցը, չնայած նրա ոսկե դարը դեռ չէր հասել: 1986 թվականին սկսվեց Ատոչա կայարանի վերակառուցումը Սևիլյայի ուղղությամբ արագընթաց գնացքների սպասարկումն ապահովելու նպատակով: Այդ պահից Չամարտին կայարանը սպասարկում էր քաղաքի ամբողջ երկաթուղային հաղորդակցությունը, բացի Գալիսիայից եկող գնացքները, որոնք ժամանում էին Նորտե կայարան: 1992 թվականին Ատոչայի շահագործման հանձնումից հետո, Չամարտին կայարանի նշանակությունը նվազեց, այն չընդգրկվեց արագընթաց երկաթուղային հաղորդակցության զարգացման նախագծի մեջ, իսկ հեռավոր հաղորդակցության մյուս գնացքները տեղափոխվեցին Ատոչա:

2004 թվականից Չամարտին կայարանը գտնվում է վերափոխման գործընթացում, որը կոչված է վերականգնելու նրա նախկին առաջատար դիրքերը: 2007 թվականի դեկտեմբերից Չամարտին կայարանից սկսեցին արագընթաց գնացքների շարժը դեպի Վալյադոլիդ: 2008 թվականի հուլիսին շահագործման հանձնվեց նոր երկաթուղային թունել, որը միացրեց Չամարտինը Ատոչայի հետ Պուերտա դել Սոլ հարթակով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]