Jump to content

Ուռենի հնգառէջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի հնգառէջ
Լատիներեն անվանում
Salix pentandroides skvortz


Ուռենի հնգառէջ (լատին․՝ Salix pentandroides skvortz), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 2-5 մ բարձրությամբ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է, խոր ճաքճքված։ Ընձյուղների կեղևը փայլուն է, ձիթադեղնավուն կամ գարնանը ձիթականաչավուն։ Երիտասարդ ընձյուղները բոլորովին մերկ են, փայլուն, կպչուն։ Բողբոջները մանր են, կոնաձև, գորշավուն, բոլորովին մերկ, կպչուն։ Տերևները բացվելիս նույնպես կպչուն են, խիստ բնորոշ բալասանային բուրմունքով։ Տերևակիցները ձվաձև են, գեղձա-ատամնաեզր, թափվող։ Տերևակոթունները կարճ են, 0,3-1,2 սմ երկարությամբ, մի քանի գեղձիկներով։ Տերևները ձվաձև են կամ էլիպսաձև, գագաթում՝ թեք սրված, կոշտ, վերևի կողմից մուգ կանաչ, կարծես լաքապատ, ներքևի կողմից բաց կանաչավուն, անփայլ, գեղձասղոցաեզր, բոլորովին մերկ, 5-13 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ։ Կատվիկները բացվում են տերևների հետ միաժամանակ։ Վարսանդային կատվիկները դեպի ցած են կախված, երկար կոթուններով։ Առէջային կատվիկները նստադիր են։ Առէջների թիվը սովորաբար 5 է, սակայն տատանվում է 2-10-ի սահմաններում։ Նեկտարանոցները երկուսն են։ Սերմնարանը ձվաձև-կոնաձև է, կանաչ, կարճ կոթունավոր։ Սպիի բլթակները տարբեր կողմեր են ուղղված։ Տուփիկը հասունանում է ամռան վերջում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանի հյուսիսային շրջաններում։ Հայաստանի տարածքում աճում է հյուսիսարևելյանյան շրջաններում և Ապարան-Հրազդանում, անտառային շրջաններում, գետափերին, խոնավ մարգագետիններում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում օգտագործել խոնավությամբ ապահովված շրջանների կանաչապատման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 247։