Ուղեգնացության պարեր (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղեգնացության կամ Ճամփու պարեր, փոփոխվող քայլով (ոտ փոխել, բալետային եզրը՝ պա-շասե) պարի տեսակ, որը բաղկացած է երեք քայլափոխից, երբեմն՝ հենման տեղափոխումից՝ մի ոտքից մյուսին։ Փոփոխվքղ քայլ պարաքայլը ժողովուրդը կոչել է Ճամփու պարի ոտեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Ճամփու պարերը տարածված են եղել հնում և հասել մինչև 19-20-րդ դարերը։ Հարսանիքի օրերին ՝ փեսայի տնից հարսի տուն հանդիսավոր երթերի ժամանակ, պսակադրության օրը հարսնացուի տնից եկեղեցի, ապա հարսանքատուն գնալիս, քավորին իր տնից փեսայի տուն ուղեկցելիս կատարել են Ճամփու պարեր։ Լարախաղացին ժամկոչի տուն են ուղեկցել Ճամփու պարով։ Բարեկենդանին, այլ տոնախմբությունների ժամանակ ևս տնից տուն են անցել Ճամփու պարերով։ Ճանապարհ ընկնելուց առաջ զուռնա- դհոլով կատարվել է Կանչի մեղեդի, որն ստացել է քրդերեն անվանում ՝ սար սուբահի(բառացի՝ առավոտի գլուխ)։ Ալաշկերտում ունեցել է պարսկերեն անվանում՝ Սահարի։ Այս մեղեդին սիմֆոնիա է հիշեցնում, տարբեր վայրերում ունի իր մեղեդային ու ռիթմիկ յուրահատկությունները։ Կանչով մարդկանց հավաքելը Գյումրիում անվանել են Նաբահթ զարնել կամ նաբաթ տալ։ Հնում այս մեղեդին նվագել են արևածագին, որից հետո մարտիկները կատարել են վարժանքներ ու ռազմապարեր։ Սար սուբահի կամ Սահարի մեղեդու կատարումից հետո հնչել է մեկ այլ մեղեդի, որը Շատախում անվանել են Նախաճամփհավեն, իսկ Վանում՝ Նախորդ։ Բանասացները նշել են, որ Նախորդը նախանվագ էր, գլխավոր նվագից առաջ կատարվողը, գրական լեզվում՝ նախերգանք։ Սա ևս ժողովրդին հավաքող կանչ էր։ Նախաճամփհավենին հաջորդել է Ճամփհավեն, որը այլ վայրերում ունեցել է տարբեր անուններ՝ Ճամփի պար, Ճամփու խաղ ևն։ Այս ընդհանուր անվանման հետ տարբեր տարածաշրջաններում կիրառվել են տեղեկան անվանումներ՝ Սըվարի Ձիավեն(Վան), Էրկու տակ(Մանազկերտ), Խուրի(խմբով ընթացող բազմություն նշանակությամբ)՝ Խորհրդային Հայաստանի շատ շրջաններում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեգնացության պարերն ունեցել են ծիսական, հմայական նշանակություն, պահպանել են հնուց եկած չարխափան,պահապանական գործառույթը։ Պարել են սրբավայրեր ուխտի գնալու ճանապարհին, ամառնարոտի ճանապարհին, կանայք՝ կիթի գնալիս, բանջար հավաքելու, դաշտում գարի քաղելու գնալիս, նաև հարսանիքի, մկրտության, Համբարձման ու Բարեկենդանի տոներին։ Ճամփու պարերի ավանդույթն այնքան հին է, որ ժողովրդի մեջ այն պահպանվել է մինչև օրս․ հիմնականում հարսանեկան ծիսերթերի ժամանակ ուղեգնացության պերեր պարելը հաճախ հանդիպող սովորույթ է։

Շատախի Ճամփհավեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեգնացության այս պարը կատարվել է մի քանի շարանապարերով։ Բռնել են ճկույթով, ձեռքերը ուսերից ոչ ցածր, իրարից հեռու դասավորությամբ։ Մեղեդու չափը 4/4 է։ Պարպետը կամ վերջապահը ձեռքերին ունենում են թաշկինակ, ձեռնափայտ կամ թուր։ Բարեկենդանի ժամանակ բռնել են ջահ[1]։ Ջահը պատրաստվել է չոր փշերով, խեժոտ փայտով, փայտի ծայրին մոմ ամրացնելով, վերջինը կոչել են նաև Ել մոմու(քամու մոմ)։ Հնում երկարատև երթերի ընթացքում կատարվել են նաև Ճամփու պարերի տարբեր տեքստեր։ Շատախում կատարել են հետևյալ երգերը․

  • Յա բը հավալե՝ երկու ընկեր, տեքստը քրդերեն է։
Երկու ընկեր

Երկու բարեկամների միացրին,
Տան դռներին մոտեցրին,
Տանտիրոջը շնորհավոր ասելու․․․

  • Խազալա մըն՝ Իմ այծիկ կամ Ուլիկս

Խազալ անունով աղջիկը կանգնել է տան երդիկին, տղան հեռվից գովերգել է, կանչել...

  • Զայնուկե երգի տեքստը քրդերեն է, բայց այս երգի տակ կատարել են հայկական պարեր։

Այս երգերի պարեղանակները կատարել են զուռնա- դհոլով։ Շատախի Ճամփհավեն պարի դասավորությունն ունի մի քանի տարբերակ, դրանք մանրամասն ներկայացրել է Սրբուհի Լիսիցյանը։ Ճամփու պարերին մասնակցել են նաեւ ձիավորներ՝ պարելով թամբերին նստած։ Վանում, Հայոց ձորում այս պարը կոչվել է Սվարի՝ Ձիավեն (սվարել- պարուրվել, ձիավեն- հեծյալի)։

Խրունկ դաղդան ուշանգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանի այս Ճամփու պարը ցուցադրել է Ապարանի շրջանի բնակիչ Անգին Աբրահամյանը՝ պարն անվանելով Կռունկ, լեռների զավակ։ Այս պարը պարելիս երբեմն կծիկ են կազմում, ամեն շրջան իր գալարն է կազմում։ Կազմված է փոփոխվող քայլի պարզ շարժումներից՝ առանց այլ պարաքայլերի համատեղման։ Զուռնա- դհոլի նվագակցությամբ պարելիս կատարում են Ղազախի յայլի՝ Ղազախի շուրջպարը։

Ծանդր պսակի պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանդըր պսակի պարն ու դրա արագ մասը՝ Թեթեւ պսակի պարը կատարում են դեպի աջ ընդհանուր շարժումով։ Ուս ուսի դասավորությամբ, միաշար, կարող է լինել աղեղի ձեւով, բռնվածքը ճկույթներով է, արմունկները՝ ուղիղ անկյան տակ ծալած։

Սիրտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարը ցուցադրել է ծնունդով պոլսեցի Մարի Սարկավագյանը։ Կոստանդնուպոլսի հայկական միջավայրի Սիրտոպարը կազմված է փոփոխվող քայլերից․ դեպի աջ 3 շասե եւ ձախ ոտքի մեկ քայլափոխ։ Ըստ ընդունված կարգի՝ պարից դուրս գալ կարելի էր միայն պոչամասում գտնվելիս։

Աջան պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարը հայերը պարել են և՛ գյուղերում, և՛ քաղաքում։ Պարային դասավորությունը միաշար է։ Ընդհանուր դեպի ձախ տեղաշարժով։ Բռնվածքը ճկույթներով է, թևկախ։ Հայկական պարերում հաճախ շասեից հետո ցատկեր են անում մեկ ոտքի վրա։ Աջան պարը թեեւ ենթադրաբար փոխառված է աջանցի քրդերից, սակայն հայկական միջավայրում փոփոխության է ենթարկվել՝ ըստ հայոց ազգային պարաձեւի կանոնների ու ռիթմի։

Էրկու տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշկերտի Էրկու տակ Ճամփու պարը ցուցադրել է ալաշկերտցի Արշակ Սարգսյանը։ Պարել են Խնուսում, Բուլանըղում, Մանազկերտում եւ այլ վայրերում։ Պարեղանակը կատարել են զուռնա- դհոլով։ Եթե չի եղել նվագակցում, երգել են «Բերզենի տարան Տիկոյին» երգը։ Պարում են մեկ շարքով, ճկույթները բռնած, աջ կողքով շարժվելով դեպի աջ։ Պարի տեմպը հանդարտ է, արագ, ապա արագացող[2]

Տանում են, ադե ջան[3] եւ Ցոլակ ջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարերը Ապարանի ճամփու պարեր են, կատարվել են աղեղնաձեւ կամ ճանապարհի գալարների նմանվող շարքով։ Մեղեդին 4/4 է։ Արագացման ժամանակ Տանում են,ադե ջան պարը կատարվում է նաեւ մատնաթմբիկների վրա։

Ճամփու խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ձորի Ճամփու խաղը բռռնվածքի ձևով Ճկույթ խաղ էր։ Դասավորվել են կողք կողքի, ճկույթներով բռնվել,Ձեռքերը ճոճել են վեր ու վար կամ կողմ։ Պարպետի ու «պոչի» ձեռքին թաշկինակ կար։ Պարողները շարքով շարժվել են դեմքով դեպի առաջ կամ գալարներով, թիկունքով հետ, կողքի։

Տույ-տույ պար[4][խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարը առանց տեքստի է, պարել են Արթիկում։ Զուռնա -դհոլի նվագակցությամբ գնացել են նշանադրության հարցի տուն, հանել են հարսին հայրական տնից, եկեղեցի գնալիս և այնտեղից փեսայի տուն ճանապարհին։ Նվագել են նաև հարսանիքի վերջին ՝երրորդ օրը։ Մեղեդու չափը 2/4 է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․Լիսիցյան, Հայկական հինավուրց պարեր, Երևան, 2013։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լիսիցյան, Սրբուհի (2013). Հայկական հինավուրց պարեր. Երևան. էջեր 226–228.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Ս․Լիսիցյան, Հայկական հինավուրց պարեր, Երևան, 2013, էջ 250։
  3. https://www.youtube.com/watch?v=RPhv5pVPank, Տանում են ադե ջան, դուդուկ
  4. https://www.youtube.com/watch?v=zQimhradPdM&t=45s, Տույ-տույ, Լևոն Մադոյան, դուդուկ