Տույ-տույ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տույ-տույ, հարսանեկան, ծիսական, մեկ շարքով կամ խառը դասավորությամբ ճանապարհի հայկական պար։ Կատարում են «Տույ-տույ» բարձր բացականչություններով (որից էլ պարը ստացել է իր անունը), աղմկելով, երկու ձեռքերի բթամատներով ու միջամատներով շրխկացնելով։ Նպատակը ճանապարհից «չար ուժերին» վանելն է։ Տարածված է եղել XIX դ․ և XX դ․ 1-ին կեսին Գյումրիում ու նրա շրջակայքում շիրակցիների («շորագյալցիների») մեջ։

Աղավաղված ձևով «Դոյ- դոյ» կոչվող մի կատակ պար պահպանվել է Ախալքալաքի շրջանում։ Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է (դանդաղ ու թռիչքներով), մենապարերում նաև՝ օձաձև աջ ու ձախ գնացող քայլերը։ Կատարվել է տարեկան տոներին և հարսանիքների, երթերի ժամանակ։

Պարեղանակի չափը 2/4 է, կատարման տեմպը՝ միջին արագության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։