Որդան կարմիր արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որդան կարմիր արգելավայր
'
Գտնվում էԱրմավիրի մարզ
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
արգելավայր

Որդան կարմիր արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1987 թվականին ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 900-950 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է աղուտներում բնակվող որդան կարմիր էնդեմիկ միջատի (Հայկական լեռնաշխարհում գրեթե 3 հազարամյակ օգտագործվել է որպես կարմիր ներկ)։ Այստեղ պահպանության տակ են որդան կարմիրը և նրա հիմնական կերաբույսերը՝ աղադիմացկուն որդանխոտը և հարավային եղեգը։ Դեռևս 5-րդ դարից մատենագիր աղբյուրները (Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) վկայում են, որ Արաքս գետի երկու ափերին որդան կարմիրն այնպիսի լայն տարածում ուներ, որ հողը տեղ-տեղ գորգի նման զարդարվում էր կարմիր նախշերով, իսկ արածող անասունների ոտքերը ներկվում էին կարմիր գույնով։

Արարատյան որդանից ստացվող բնական ներկը՝ կարմիրը, արևելքում հայտնի էր հայկական «կրմըզի» (հայերեն՝ գինեգույն) անունով։ Ներկը ստացվում էր որդի՝ մուգ բալի գույնի անթև դանդաղաշարժ էգերից, որոնք տարվա որոշակի ամիսներին և օրվա որոշակի ժամերին հողից դուրս են գալիս՝ զուգավորվելու։ Հնում որդան կարմիրով ներկված թելերով է գործվել հայ թագավորների հագուստը՝ բոսորագույն ծիրանին։ Դրանից ստացվող թանաքով՝ մելանով են գրել թագավորական նամակները, կաթողիկոսական կոնդակները։ Որդան կարմիրը կիրառվել է նաև միջնադարյան ձեռագրերի, մանրանկարչության, եկեղեցական պատկերազարդության մեջ։ Դժբախտաբար, սինթեզված ներկերը մոռացության մատնեցին որդանաներկը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ, « Խազեր », Երևան 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։