Ողնաշարավորների ֆաունայի ուսումնասիրությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շան ողնաշար

Ողնաշարավորների ֆաունայի ուսումնասիրությունը Հայաստանում

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծի ողնաշար

Ողնաշարավորների ֆաունան ուսումնասիրել են Կենդանաբանության, Բույսերի պաշտպանության ինստիտուտներում, հակաժանտախտային կայանում, ԵՊՀ և Մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոններում, Սևանի ջրակենսաբանական կայանում և Երևանի կենդանաբանական այգում։ Ֆաունայի հետազոտությունների հիման վրա պարզաբանվել է (Ս. Դալ, Տ. Սոսնին, Ա. Լյայստեր, Ս. Չեռնով, Ա. Գումիլևսկի, Մ. Դադիկյան, Մ. Արամյան, Ն. Մարգարյան, Բ. Մարտիրոսյան, Ս. Պապանյան, U. Աղասյան, է. Յավրույան, Բ. Գաբրիելյան, Ս. Պիպոյան) ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմը, որը ներկայումս ընդգրկում է 535 տեսակ, այդ թվում՝ կաթնասուններ՝ 83, թռչուններ՝ 353, սողուններ՝ 53, երկկենցաղներ՝ 7, ձկներ՝ 39։ Կենդանաբանությունը Հայաստանում բազմակողմանիորեն ուսումնասիրվել են ինչպես վնասակար, այնպես Էլ որսարդյունագործական և այլ կենդանիների՝ պահպանման ենթակա տեսակների էկոլոգիական առանձնահատկություններն ու քանակության շարժը։ Առաջին անգամ Հ. Դարևսկին բացահայտել և Ֆ. Դանիելյանի հետ ուսումնասիրել է ժայռային մողեսի կուսածնության երևույթը։ Սկյուռանմանների, սմբակավորների և կզաքիսների վազքի ու ցատկի կենսամեխանիկայի ուսումնասիրությամբ բացահայտվել են ֆիլոգենետիկ մեծ նշանակություն ունեցող մորֆոֆունկցիոնալ մի շարք օրինաչափություններ և դրանց պատճառները (Պ. Ղամբարյան)։ Կ. Այրումյանն ուսումնասիրել է դաշտամկների ներպոպուլացիոն մեխանիզմների կարգավորման հարցերը։ Ա. Անտոնյանն աշխատանքներ է կատարել հանրապետությունում անհետացման վտանգի տակ հայտնված վայրի ոչխարի (մուֆլոն) և բեզոարյան այծի պահպանության ուղղությամբ։ Ա. Աղասյանը, Ն. Մարգարյանը, Կ. Աղաբաբյանը, Մ. Ղասաբյանը, Է. Յավրույանը, Ֆ. Դանիելյանը կատարել են հանրապետության կենդանական աշխարհի՝ կաթնասունների, սողունների, երկկենցաղների և ձկների պոպուլացիոն, տեսակային ու լանդշաֆտային բազմազանության գնահատման աշխատանքներ՝ ֆաունայի եզակի և տիպիկ բնական համալիրներն ու օբյեկտները, դրանց գենոֆոնդը պահպանելու նպատակով։ Հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը» (2010), որը ներառում է ողնաշարավոր կենդանիների 156 վտանգված տեսակ. յուրաքանչյուրի համար պատրաստվել են բնութագրական ամփոփագրեր, տարածման քարտեզներ, գնահատվել է կարգավիճակը՝ ըստ բնության պահպանության միջազգային միության չափորոշիչների, տրվել են պահպանությանն ուղղված առաջարկներ։

Վերլուծություններ և պարզաբանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծվել են հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) վիճակը, սահմանները, ֆաունայի տեսակային կազմը, հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակը, դրանց կենսաէկոլոգիական առանձնահատկությունները, պահպանության վիճակը, ընդգրկման աստիճանը ԲՀՊՏ-ներում։ Առաջարկություններ են արվել վերանայելու գոյություն ունեցող ԲՀՊՏ-ների սահմանները և ստեղծե լու նորերը։ Պարզաբանվել են որոշ կարգաբանական խմբերի ձևավորման առանձնահատկությունները, ֆիլոգենետիկ կապերը, էվոլյուցիոն և կարգաբանական մի շարք վիճելի հարցեր։ Ողնաշարավոր կենդանիների ֆաունայի պատմության (պալեոլիթից մինչև միջին դարեր) ուսումնասիրությամբ զբաղվել է Ս. Մեժլումյանը։ Աշխատանքները շարունակել է Ն. Մանասերյանը. ամփոփել է հոլոցենում Հայաստանի կաթնասունների ֆաունայի վերաբերյալ բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները և ի մի բերել հետազոտվող տարածքի անտիկ ու միջնադարյան ավելի քան 80 հնագիտական հուշարձանների պեղումներից հայտնաբերված բազմաքանակ (շուրջ 24 հազար) ոսկրային մնացորդների հետազոտությունների արդյունքները, ըստ որի՝ հոլոցենյան ֆաունայում եղել է ողնաշարավոր կենդանիների 67 տեսակ։ Պարզվել է, որ կաթնասունների 25 տեսակից 10-ը անհետացել են բրոնզի դարից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածում։ Բույսերի պաշտպանության ինստիտուտում ուսումնասիրվել է գյուղատնտեսական վնասատու կրծողների կենսաբանությունը, մշակվել են դրանց դեմ պայքարի միջոցառումներ, համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում մշակվել են պայքարի միջոցներ մոխրագույն համստերիկի դեմ, պարզաբանվել է վայրի և տնային թռչունների դերն օրնիթոզների տարածման գործում։ ՀՀ ԱՆ-ի հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնում ուսումնասիրվում է կրծողների ու վայրի ֆաունայի տարբեր տեսակների դերը ժանտախտի և այլ վտանգավոր հիվանդությունների համաճարակաբանության հարցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png