Շրոփշիրյան ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրոփշիրյան ցեղի խուզված մաքիներ

Շրոփշիրյան ոչխարի ցեղ (անգլ.՝ Shropshire sheep), կիսանրբագեղմ կարճաբուրդ մսաբրդատու ոչխարներ։ Ստացվել է 19-րդ դարի 1-ին կեսերին, Մեծ Բրիտանիայում (Շրոփշիր և Ստաֆորդշիր կոմսություններում) մգագլուխ մաքիների և սաութդաուն ցեղի խոյերի տրամախաչումից։

Անեղջյուր են։ Խոյերի կենդանի միջին զանգվածը՝ 80—120, իսկ մաքիներինը 70—90 կգ է։ Փափուկ և առաձգական բուրդը սպիտակ է (դնչի, ականջների և վերջավորությունների մոտ մուգ դարչնագույն), 54—56 որակի, մոտ 10 սմ երկարության։ Խոյերի բրդատվությունը՝ 4—6, իսկ մաքիներինը 3—4 կգ է։

Ցեղին բնորոշ է բարձր պտղատվությունը (100 մաքուց 150—170 գառ)։ Ոչխարները վաղահաս են։ Բուծվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և այլլուր։

Նախկին ԽՍՀՄ-ում շրոփշիրները օգտագործվել են լատվիական մգագլուխ և էստոնական սևագլուխ ոչխարների ցեղերի բուծման ժամանանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 588