Շուվալովի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուվալովի պալատ
Երկիր` Ռուսաստան
Ճարտարապետական ոճ`Ոլիզավետայի շրջանի բարոկկո
Ճարտարապետ`Սավվա Չևակինսկի
Քարտեզ
Քարտեզ

Շուվալովի պալատ (ռուս.՝ Дворец Шувалова), Իվան Շուվալովի առանձնատունը՝ կառուցված Ելիզավետինյան բարոկկո ոճով։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ տեղակայված է Իտալական և Մալայա Սադովայա փողոցների անկյունում։ Քաղաքում գտնվող Շուվալովի մի քանի պալատներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Պետրովնայի մեկնումը։ Աջ կողմում Շուվալովի պալատն է՝ իր սկզբնական տեսքով
Նախասրահը՝ շենքի կառուցման պահին
1840-ականների շքահանդեսային շինությունների ձևավորումը

Մալայա Սադովայա (տուն 1) և Իտալական (տուն 25) փողոցների անկյունում գտնվող տեղամասը 18-րդ դարի սկզբին պատկանել է Սավվա Յակովլևին[1], ումից դարի կեսերին այն գնել է Իվան Շուվալովը (1727-1797)։ Սրանով է որոշվել Մալայա Սադովաայի առաջին անվանումը՝ «Շուվալովի նրբանցք» (1781-1798)։

Ի սկզբանե կալվածքի տեղամասը ձգվել է Միլիոննայա փողոցից մինչև Նևսկի պողոտա, մարգագետնի կողմից նրա պարիսպը միջանցքային սյունաշար է եղել՝ կենտրոնում գտնվող տաղավարով[2]։ Տեղամասը գտնվում էր Շուվալովի սիրուհու՝ Ելիզավետա Պետրովնայի ամառային պալատի հարևանությամբ[1]։ Եռահարկ[3] առանձնատունը կառուցվել էր 1753-1755 թվականներին՝ ճարտարապետ Սավվա Չևակինսկու կողմից։ 1754 թվականին պալատի տեսարանը բարելավելու համար քանդվել են արքունական գրասենյակի փայտե շենքերը։

Այդ տանը գտնվել է Իվան Իվանովիչի հավաքած նկարների պատկերասրահը, որտեղ այցելել են Միխայիլ Լոմոնոսովը[2], Ալեքսանդր Սումարոկովը, Անտոն Լոսենկոն, Ֆեոդոր Ռոկոտովը, Վասիլի Բաժենովը, շենքում ի սկզբանե տեղակայված էին Գեղարվեստի ակադեմիայի դասարանները[4]։

Պալատական ​​համալիրի երեք քառորդը վաճառվել է 1763 թվականին (ինչպես նաև հավաքածուի մի շարք նկարներ)։ 1765 թվականին Իտալական փողոցի վրա գտնվող շենքը ձեռք է բերել իշխան Իվան Բարիատինսկին, 1773 թվականին՝ Ալեքսանդր Վյազեմսկին (որից հետո՝ տունը հայտնի է դարձել որպես գլխավոր դատախազական)[1]։ Շինության ինտերիերը վերափոխվել է 1775-1776 թվականներին։ Ճակատային մասը նույնպես ձևափոխվել է վաղ դասականության ոճով (բակի ճակատը պահպանվել է)։ Կողաշենքերից մեկում տեղակայված է եղել «Գաղտնի էքսպեդիցիան»։ 1797 թվականին շենքը գնել է գանձապետարանը և մինչև 1917 թվականը շենքում է գտնվել Ռուսական կայսրության արդարադատության նախարարությունը, այնուհետև՝ Ռուսաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը[2]։

1816-1819 թվականներին Ի.Մինչակին վերակառուցել է շենքը։ 1846-1852 թվականներին Դմիտրի Եֆիմովի նախագծով վերակառուցվել է Մալայա Սադովայա փողոցին նայող մասնաշենքը, 1900-ական թվականներին դրա վրա կառուցվել է չորրորդ հարկ[2]։

Հիմնական ճակատի ելուստը, որն ընդգծված է կիսասյուներով մինչև եռանկյուն ելուստ, համապատասխանում է երկրորդ հարկի կենտրոնում գտնվող ութանկյուն երկբարձրությամբ սրահին։ Շենքի ձևավորման մեջ առկա են բարոկկոյի (ելուստներ, որոնք ստեղծում են լույսային խաղ, իրարից աջատ կամարային վերնաճակատ և անտապլեմենտ) և վաղ կլասիցիզմի տարրեր (ոչ խորը սվաղային բաժանագծեր, ելուստների անկյունների ռուստաշարեր ամբողջ բարձրությամբ, շրջակալների ցածր մակարդակ, նկարազարդումների պարզություն), շենքը համարվում է ոճերի միջև անցումային շրջանի հուշարձան[2]։

Պահպանվել է նախասրահը, որը զարդարված է ցածր սյուներով՝ խոյակների արտասովոր նախշերով։ Առանձին պահպանված դեկորացիաներ (օրինակ՝ ձուլված քիվերը) թվագրվում են 1840-ականներով որոշակի փոփոխություններով[2]։

1919 թվականից այստեղ է գտնվում Բժշկական կանխարգելման կենտրոնի հիգիենայի թանգարանը[3]։ Թանգարանի ցուցահանդեսը պատմում է մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի, վատ սովորությունների դեմ պայքարի, սեռական դաստիարակության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, ճառագայթային հիգիենայի մասին։ Նախատեսվում է շենքը հարմարեցնել հյուրանոցի[1]։

2013 թվականին նախատեսվել է ռեստավրացիայի ենթարկել շենքը. քանդել բակի կողմի կցակառույցները և լրացուցիչ սարքավորումները (արտաքին օդորակիչներ), հեռացնել պատուհանների արտաքին ճաղերը, վերանորոգել աղյուսե շարվածքը, վերականգնել սվաղը, վերանորոգել պատշգամբների մետաղական ճաղավանդակները, ինչպես նաև նորոգել և ներկել կամարները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Дворец И. И. Шувалова" (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Памятники архитектуры Ленинграда, 1976, էջ 228
  3. 3,0 3,1 "Шувалова И.И. дворец" (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  4. "Дворец И. И. Шувалова - Министерство юстиции - Музей гигиены (начало)" (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  5. "К зиме отреставрируют дворец Шувалова на Итальянской, 25" (ռուսերեն). 30/05/2013 18:22. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зодчие Санкт-Петербурга. XVIII век / сост. В. Г. Исаченко; ред. Ю. Артемьева, С. Прохватилова. - СПб.: Лениздат, 1997. - 1021 с. - ISBN 5-289-01585-X.
  • Зодчие Санкт-Петербурга. XIX - начало XX века / сост. В. Г. Исаченко; ред. Ю. Артемьева, С. Прохватилова. - СПб.: Лениздат, 1998. - 1070 с. - ISBN 5-289-01586-8.