Շոմոն-սյուր-Լուարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Շոմոն-սյուր-Լուարի ամրոց
Կոորդինատներ47°28′45″ հս․ լ. 1°10′55″ ավ. ե.HGЯO

Շոմոնի ամրոց (ֆր՝. Château de Chaumont կամ՝ Château de Chaumont-sur-Loire), պատմական հուշարձան Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Լուար է Շեր դեպարտամենտի Շոմոն-սյուր-Լուար համայնքում։ Ամրոցը հիմնադրվել է տասներորդ դարում, Բլուայի կոմս Օդո Առաջինի կողմից։ 15-րդ դարի կեսերին Լուի Տասնմեկերորդ թագավորի կարգադրությամբ ամրոցը ավերվել է՝ որպես պատիժ դրա տիրոջը՝ Պիեռ դ՛Ամբուզին, որը հանդգնել էր ապստամբել արքայի դեմ։ Հետագայում Շառլ Առաջին դ՛Ամբուազի և վերջինիս որդու ջանքերով ամրոցը վերակառուցվել է։ 1840 թվականից ի վեր ունենալով պատմական հուշարձանի կարգավիճակ` պահպանվում է պետության կողմից։ 1938 թվականից դարձել է պետության սեփականությունը, վերածվել թանգարանի, որի դռները բաց են հասարակության առջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոմոնի ամրոցը վեր է խոյանում Լուար գետի ափին:

Chaumont անունը առաջացել է ֆրանսերեն chauve mont բառակապակցությունից , որը նշանակում է «լերկ բլուր»[1]։ Բլուայի և Ամբուազի միջև գտնվող այդ ամրոցը, որ այդպիսի առաջին շինությունն էր այս վայրերում, 10-րդ դարում կառուցել է Բլուայի կոմս Օդո Առաջինը՝ իր հողերը մրցակից ֆեոդալներից, մասնավորապես՝ Անժուի կոմս Ֆուլկ Նեռայից պաշտպանելու նպատակով[2]։ Ազգությամբ նորման Գելդինն ինչ-ինչ հանգամանքներում ստացել է այն, բարեկարգել և դարձրել իր սեփականությունը։ Նրա ավագ դուստր Դենիս դե Ֆուժերը, ամուսնանալով Սուլփիս դ՛Ամբուազի հետ, ամրոցը հինգ դարով փոխանցել է Ամբուազ տոհմին։

1460-ական թվականների սկզբներին այդ տոհմի ներկայացուցիչներից Պիեռ դ՛Ամբուազը ապստամբեց Լուի XI թագավորի դեմ, անհաջողության մատնվեց, և նրա ունեցվածքը բռնագրավվեց, իսկ Շոմոն ամրոցը 1465 թ. արքայի կարգադրությամբ ավերվեց[3]։ Շառլ Առաջին դ՛Ամբուազը 1465-1475 թվականներին վերակառուցեց այն։ Նրա որդին՝ Շառլ Երկրորդ դ՛Ամբուազ դը Շոմոնը 1498-1510թթ., իր հորեղբոր` կարդինալ Ժորժ դ'Ամբուազի օժանդակությամբ, ավարտի հասցրեց վերակառուցման աշխատանքները։ Վերածննդի ճարտարապետության որոշ տարրեր կարել է տեսնել ամրոցի շինություններում, որոնք պահպանել են իրենց ընդհանուր միջնադարյան տեսքը։

Սանդղաշար՝ ամրոցի ներսում

1560 թվականին ամրոցը ձեռք բերեց Կատերինա դե Մեդիչին[4] և այնտեղ բնակեցրեց բազմաթիվ աստղագուշակների, որոնց թվում էր նաև Միշել Նոստրադամուսը։ Կատերինան, երբ իր ամուսին Հենրի II- ը մահացավ, ստիպեց նրա սիրուհուն՝ Դիանա դը Պուատիեին Շոմոն ամրոցը փոխանակել Շենոնսո ամրոցի հետ, որը Հենրին տվել էր Պուատիեների տոհմին[5]։ Դիանա դը Պուատիեն շատ կարճ ժամանակ է ապրել Շոմոնում։ 1594 թվականին, երբ նրա ավագ դուստրը՝ Շառլոտ դը լա Մարկը մահացավ, ամրոցի տերը դարձավ նրա ամուսինը՝ Բուիլոնի դուքս Անրի դը Լա Տուր Օվերնիեն։ Վերջինս շինությունը վաճառեց հարկահավաք Լարժենտիեին, որը հարստացել էր աղի խիստ բարձրացված հարկերը գանձելու շնորհիվ։ Լարժենտիեն, ի վերջո, ձերբակալվեց՝ մեղադրվելով սպեկուլյացիայի մեջ, և ամրոցն անցավ Լուկա ընտանիքին, որը տիրապետեց դրան մինչև 1667 թվականը, երբ ընտանեկան կապերի շնորհիվ շինության տերը դարձան Ռուֆինյակները։

1750 թվականին Ժակ Դոնատիե լը Ռեյը ամրոցը գնեց որպես իր գյուղական առանձնատուն, երբ այդ կողմերում հիմնել էր ապակե և կավե ամանեղենի գործարան։ Նա համարվում էր «ամերիկյան հեղափոխության ֆրանսիացի հայրը», որովհետև սիրում էր Ամերիկան։ Սակայն 1789 թվականին ֆրանսիական հեղափոխական կառավարությունը գրավեց Լը Ռեյի ակտիվները, այդ թվում՝ նրա սիրելի Շոմոն ամրոցը։

Ամրոցի հաջորդ տերը նշանավոր գրող մադեմ դը Ստալն էր, որն այն ձեռք բերեց 1810 թվականին։ Շուրջ քսան տարի անց կոմս Արամոնը գնեց անտեսված château-ն, և 1833 թվականին ճարտարապետ Ժյուլ Պոտիե դե Լա Մորանդիեի հետ ձեռնամուխ եղավ վերակառուցմանը, որն իրականացրեց զգալի ծախսերի գնով։ Այդ ճարտարապետը հետագայում դարձավ Բուա ամրոցի աշխատանքների վերահսկիչ, իսկ կոմս Արամոնը Շոմոնում բացեց "Tour de Catherine de Médicis" անվանումը կրող թանգարան, որտեղ ցուցադրված էին միջնադարյան արվեստի նմուշներ։

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը 1840 թվականից ի վեր ամրոցը արձանագրել է որպես պատմական հուշարձան[6]։

1875 թվականին Շոմոնը գնվեց շաքարի արտադրության Léon Say ձեռնարկությունը որպես ժառանգություն ստացած Մարի-Շառլոտ Սեյի կողմից։ Հետագայում նա ամուսնացավ Ամեդե դե Բրոյլի հետ, որը 1877 թվականին ամրոցում ավելացրեց շքեղ ախոռներ՝ ճարտարապետ Պոլ-Էռնեստ Սանսոնի նախագծով։ Այնուհետև, այդ նույն ճարտարապետի նախագծերով ու ղեկավարությամբ, ամրոցում իրականացվեցին վերականգնողական զգալի աշխատանքներ, բացի այդ, շուրջը հիմնվեց անգլիական ոճով պարտեզ-զբոսայգի։

Մարի-Շառլոտ Սեյը 1938 թվականին Շոմոն ամրոցը նվիրաբերեց ֆրանսիական կառավարությանը[7]։

Château de Chaumont-ը ներկայումս թանգարան է, բաց է հասարակության առջև և ունենում է բազմաթիվ այցելուներ։ Հիշատակության է արժանի և այն կարևոր իրողությունը, որ ամեն տարի ապրիլից մինչև հոկտեմբեր այստեղ անցկացվում է պարտեզ-զբոսայգիների փառատոն, և այգիների ու պարտեզների ժամանակակից դիզայներները ցուցադրում են իրենց աշխատանքները, որոնք կատարվում են անգլիական այգու ոճով[8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blackie, Christina (1968), Geographical etymology: a dictionary of place-names giving their derivations, Gale Research, p. 39 
  2. Hansmann, Wilfried (1986), Loire Valley, Stewart, Tabori & Chang, p. 87, ISBN 9780941434621 
  3. Wheeler, Daniel (1983), The Chateaux of France, Vendome Press, p. 29, ISBN 9780865650367 
  4. Garrett, Martin (2010), The Loire: a Cultural History, Oxford University Press, p. 93, ISBN 9780199768394 
  5. Garrett, Martin (2010), The Loire: a Cultural History, Oxford University Press, pp. 93, 108, ISBN 9780199768394 
  6. Monuments historiques: Domaine du château de Chaumont, Ministry of Culture, http://www.culture.gouv.fr/public/mistral/merimee_fr?ACTION=RETROUVER&REQ=((PA00098410):REF), վերցված է 18 May 2012 
  7. Garrett, Martin (2010), The Loire: a Cultural History, Oxford University Pr<ess, p. 93, ISBN 9780199768394 
  8. Official website.
  9. «ArtPremium – A Spring Symphony»։ ArtPremium (en-US)։ 2017-05-16։ Վերցված է 2018-05-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]