Անգլիական բնապատկերային այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիական այգի Բաթում

Անգլիական այգի (անգլ.՝ English landscape garden), ուղղություն այգեգործական արվեստում, որը ձևավորվել է 18-րդ դարում Անգլիայում: Այն հակադրվում է Անդրե Լենոտրի` բարոկկոյի ոճով ֆրանսիական կանոնավոր այգիներին:

Անգլիական ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական և անգլիական այգիները կլասիցիզմի գեղագիտության տարբեր դրսևորումներ են: Վերսալյան տիպի այգիները` իրենց ուղղագիծ արահետներով, ծավալային ձևերով և բծախնդրորեն մշակված թփերով, ընդգծում էին մարդու բացարձակ վերահսկումը բնության հանդեպ: Անգլիական այգին այդ առումով այլ ուղղությամբ է զարգացել` հաստատելով այգեգործական արվեստի բացարձակ արժեքը, որը չի տարբերվում բնությունից:

Անգլիական այգու առաջին վարպետները` Ուիլյամ Քենտը և Չարլզ Բրիջմենը, իրենց ներշնչանքն էին ստանում Նիկոլա Պուսենի և հատկապես Կլոդ Լորենի բնապատկերներից, որտեղ բնությունը պատկերված էր կատարյալ ներդաշնակությամբ: Լորենի բնապատկերների ազդեցությամբ ստեղծվեցին Կլարեմոնտի և Սթոուրհեդի այգիները: Ուիլյամ Քենտի ամենանշանավոր գործը կանոնավոր այգին էր Ագլիայում` Բաքինգեմշիրում. այն, քիչ-քիչ ազատվելով երկրաչափական կանոնավոր ձևերից, կարծես դարձել էր շրջակա միջավայրի բնական շարունակությունը: Նման այգիների հիմնադիրները ձգտում էին հավասարակշռության և բնության հետ ներդաշնակության:

Անգլիական այգու վարպետները մեծ տեղ էին հատկացնում անկանխատեսելի և անակնկալ լուծումներին: Անգլիական այգի այցելողները հազվադեպ էին գուշակում, թե ինչ կարող է իրենց սպասել հերթական շրջադարձին: Որպես կանոն, բնապատկերը հարստացնում էին փոքրիկ կամրջակները, պալադյան ոճի տաղավարները, որ Անդրեա Պալլադիոյի և իր աշակերտների ճարտարապետական գյուտերն են: Անգլիական ոճի այգիներում երբեմն տեղ էր գտնում արևելյան թեման, ինչպես օրինակ` Քյուի թագավորական բուսաբանական այգիներում, կամ գոթական թեման, ինչպես Սթրոբերի հիլլում:

Անգլիական այգու ավանդույթները շարունակող ավելի պահանջված ուղղությունը ստեղծվել է 18-րդ դարի երկրորդ կեսին Լանսելոտ Բրաունի և Համֆրի Ռեպտոնի ջանքերով: Նրանք «ներդաշնակության» բերեցին հազարավոր հեկտար տարածքներ ողջ Մեծ Բրիտանիայում: Բրաունի ոճին բնորոշ է այգու պարզ կառուցվածքը, երկրաչափական ձևերից հրաժարումը: Նրա նախագծերում բաց տարածությունները` բացատներ, մարգագետիններ, այգու ընդարձակման տեսողական պատրանք են ստեղծում: Այգիներում ձևավորում են արհեստական ջրանցքներ, որոնք քողարկվում էին կարծես բնական ձևով աճած եղեգներով: Ռեպտոնի այգիներում ծառերն ավելի խիտ էին` ձևավորված տարբեր խմբերով:

Տարածումը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի կեսին ռոկոկո և բարոկկո ոճերի հետ նորաձևությունից սկսեց դուրս գալ նաև կանոնավոր այգու գաղափարը: Բնական գեղեցկության գաղափարը առավել ամրապնդվեց Ժան-Ժակ Ռուսոյի և այլ մտածողների փիլիսոփայական հայացքների ազդեցությամբ: Ռուսոն առաջիններից մեկն էր, որ անգլիական այգու օրինակով վերափոխեց Էրմենոնվիլի իր այգին: Լյուդովիկոս XVI-ի օրոք անգլիական այգին լայն տարածում գտավ, իսկ նրա կինը` Մարի Անտուանետը, Վերսալում ձևավորել տվեց բանջարանոցով ֆերմա:

Եվրոպայում մեծ թվով անգլիական այգիներ ձևավորվեցին Գերմանիայում, որի առաջին դրսևորումներից էր «այգիների թագավորությունը» Դեսաուում: Այդ ընդարձակ այգին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Նրան չի զիջում իշխան Պյուկլերի այգին Բադ Մուսկաուում: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անգլիական այգու վառ օրինակներ են Մյունխենի անգլիական այգին, Բրանից այգին Պրուսիայում, Լազենկովի և Ույազդովսկի այգիները Վարշավայում, Ցարիցինի այգին Մոսկվայում, Եկատերինսկի և Պավլովսկի այգիները Պետերբուրգի մերձակայքում, Մոնրելոն Վիբորգում:

Բնորոշ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական առաջին այգիներից մեկը Սթոուրհեդում, Անգլիա

Ռեպտոնը սահմանել է անգլիական այգու հետևյալ սկզբունքները.

  • Ազատ նախագծում
  • Բնական լանդշաֆտների կիրառում, դրանց գեղեցկության ընդգծում, թերությունների քողարկում
  • Բնական լինելու պատրանքի ստեղծում
  • Բոլոր տարրերի միավորումը մեկ ամբողջության մեջ:

Բնապատկերային այգի նախագծելիս խրախուսվում է անհարթ ռելիեֆը` բլուրներ, ձորակներ, ջրամբարներ և նույնիսկ ճահիճներ: Տեղանքի բնական թերությունները հարթվում են, իսկ առավելությունները` ընդգծվում: Հարթ լանդշաֆտը արհեստականորեն վերափոխվում է. ավելացվում են ջրային տարածքներ, հողաթմբեր ու ձորակներ: Այդ ամենը կատարվում է բնականին մոտ ձևով, որ չզգացվի դրանց արհեստական լինելը:

Ճարտարապետական կառույցները անգլիական այգում երկրորդական են. նրանք պետք է ձուլվեն բնապատկերին: Դա կարող է կատարվել, օրինակ, բուսական ծածկույթով, որ կարող է մասամբ ծածկել շինությունը: Բուսական ծածկույթով փակվում են բոլոր սուր եզրերը, օժանդակ շինությունները:

Անգլիական այգին տպավորություն է թողնում, որ ամեն ինչ բնական է, իսկ մարդն այնտեղ ուղղակի գտել է ազատ տարածք, որպեսզի տուն կառուցի: Չնայած այգին բնական տպավորություն է թողնում, սակայն այնտեղ ամեն ինչ իր կարգն ու հիերարխիան ունի: Խստորեն ընտրվում են բույսերն ու ծառերը, որոնցով այգին կարող է հիասքանչ լինել տարվա բոլոր եղանակներին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]