Շինարարական ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շինարարական ֆիզիկա, կիրառական ֆիզիկայի բաժինների համակցություն, որն ուսումնասիրում է շինարարության, շենքերի և կառույցների շահագործման հետ կապված ֆիզիկական երևույթներն ու պրոցեսները և մշակում համապատասխան ինժեներական հաշվարկային մեթոդներ։ Շինարարական ֆիզիկայի հիմնական և առավել զարգացած բաժիններն են՝ շինարարական ջերմատեխնիկան, շինարարական ձայնագիտությունը, շինարարական լուսատեխնիկան, որոնք ուսումնասիրում են ջերմության, խոնավության, ձայնի և լույսի տարածման օրինաչափությունները՝ շենքերում և կառույցներում անհրաժեշտ ջերմախոնավային, ձայնային ու լուսային պայմաններ ստեղծելու նպատակով։ Շինարարական ֆիզիկայի մյուս բաժիններն են՝ շինարարական կլիմայագիտություն, շինարարական աերոդինամիկան և շինանյութերի ու կառույցների երկարակեցության տեսությունը։ Վերջինս կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանում կառուցված շենքերի պահպանման համար՝ ելնելով հանրապետության չոր կլիմայական, սեյսմիկ, երկրաբանական պայմաններից» ինչպես նաև քիմիական արդյունաբերության զարգացման առանձնահատկություններից։ Շինարարական ֆիզիկայի զարգացումն ընթանում է ժամանակակից ֆիզիկայի և ֆիզիկական քիմիայի տեսական և փորձարարական տվյալների հիման վրա։ Շինարարական ֆիզիկայի խնդիրների լուծման համար օգտագործվում են ընդհանուր օրինաչափությունների վրա հիմնված տեսական հաշվարկներ, մոդելավորման մեթոդներ, շինանյութերի և կոնստրուկցիաների լաբորատոր փորձարկումներ, շենքերի և կառույցների բնօրինակային հետազոտություններ։ Հայաստանում շինանյութերի և կառույցների երկարակեցության տեսության զարգացմանը նպաստել են տարբեր ժամանակաշրջաններում կառուցված բազմաթիվ պատմական հուշարձանների պահպանվածության աստիճանի բնօրինակային հետազոտությունները՝ ըստ հուշարձանների տարիքի, շինանյութերի տեսակի, կլիմայական պայմանների կառույցների կոնստրուկտիվ առանձնահատկությունների։ Շինարարական ֆիզիկայի բուռն զարգացումը պայմանավորված է նոր շինանյութերի և թեթևացված կոնստրուկցիաների կիրառմամբ, որոնց խոշոր ծավալներով ներդրումը պահանջում է շենքերի արտաքին պատերի ու ծածկերի ջերմակայունության, խոնավակայունության, երկարակեցության և ներքին պատերի, միջնորմերի ու միջհարկային ծածկերի ձայնամեկուսացման քանակական գնահատում։ Որպես գիտություն, շինարարական ֆիզիկան սկզբնավորվել է XX դարի սկզբներին։ Հայաստանում շինարարական ֆիզիկայի տարբեր հարցերով զբաղվել է Շինարարության և ճարտարապետության ինստիտուտը, որտեղ 1963 թվականին ստեղծվել է շինարարական ֆիզիկայի լաբորատորիա՝ երկու հիմնական գիտական ուղղություններով, շինարարական ջերմաֆիզիկա և շինարարական ձայնագիտություն։ Շինարարական ֆիզիկայի հետագա զարգացումը սերտորեն կապված է ուլտրաձայնի, լազերների, գամմա ճառագայթների կիրառման, մոդելավորման, թերմոգրաֆիայի և այլ մեթոդների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 502