Շեղանկյունանախշ ներկաքողարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաց քառագույն` Vierfarbiger շեղանկյունանախշ ներկաքողարկում, որը հիմնականում կիրառվում էր ցերեկային գործողության ժամանակ` ինքնաթիռների տակամասի վրա
Վեցանկյուններով շեղանկյուն ներկաքողարկում, որը հիմնականում կիրառվում էր գիշերային գործողությունների ժամանակ
Գերմանական Fokker D.VII ինքնաթիռը քառագույն շեղանկյունանախշ քողարկաներկումով (Lozenge-Tarnung)
Մեկ այլ Fokker D.VII` հնգագույն քողարկանախշով

Շեղանկյունանախշ ներկաքողարկումը կամ լոզենժ ներկաքողարկումը (ֆր.՝  losange) քողարկանախշի տարատեսակ է, որն օգտագործվել է Առաջին աշխարհամարտի վերջին երկու տարիներին` Քառյակ միության երկրների, հիմնականում` գերմանական օդուժի կողմից։ Քողարկանախշի անվանումը կապված է այն կազմող կրկնվող բազմանկյուն նախշերի հետ, որոնցից շատերը նման էին շեղանկյան։ Գերմաներենում քողարկանախշն անվանում էին Buntfarbenaufdruck (բազմագույն արտատիպ), սակայն այդ անվանումն օգտագործվում էր նաև նացիստական և հետպատերազմյան գերմանական քողարկանախշերի ընդհանուր բնորոշման համար։

Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտի նախնական փուլում գերմանացիներն ուղիներ էին փնտրում օդանավերն արդյունավետ քողարկելու համար, որպեսզի կանխարգելեն հակառակորդի կողմից օդուժի հայտնաբերումը գետնի վրա և օդում։ Թևերի վերնամասը ներկում էին եռագույն մեծ և անկանոն բծերով[1], որի հիման վրա էլ սկսվեց շեղանկյունանախշի (Buntfarbenanstrich) զարգացումը[2]։ Այն ստանում էին կրկնվող անկանոն քառ-, հընգ- կամ վեցանկյուն պատկերների համադրումով։ Քանի որ նման նախշ նկարելը խլում էր շատ ժամանակ և ահագին ավելացնում էր օդանավի քաշը` քողարկանախշը տպում էին կտորի վրա, որը հետո անցկացնում էին օդանավի վրա[3]

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեղանկյունանախշը հիմնականում կիրառվում էր Արևմտյան ճակատում մարտնչող գերմանական ինքնաթիռների վրա, սակայն Արևելյան ճակատում և Իտալական արշավանքի ժամանակ օգտագործվող ավստրո-հունգարական ինքնաթիռներից որոշները նույնպես ներկաքողարկված էին շեղանկյունանախշով[4]։

Շեղանկյունանախշը լինում էր տարբեր չափերի` կախված գործվածքի թոփի չափերից։ Գործվածքը կտրում էին այնպես, որ համընկնի թևի քթամասի և թևապոչի միջև ընկած հատվածին։ Գործվածքի կտորներն իրար էին միացվում լարագծով, որպեսզի կիպ միանալով շարունակեն իրար։ Էլերոնների վրա քողարկանախշն անցկացվում էր երկայնքով` թևի քողարկանախշին ուղղահայաց, սակայն երբեմն հանդիպում էր նաև զուգահեռ դիրքով։ Դաշտային վերանորոգման ժամանակ ինքնաթիռի վրայի քողարկաներկված կտորը կարող էր փոխարինվել նույն քողարկանախշով կտորով, բայց այլ անկյան տակ, երբեմն էլ` այլ քողարկանախշով։ Պատերազմի ավելի ուշ փուլում ամբողջ թևը շեղանկյունանախշով ծածկում էին նաև երկայնքով[3]։

Մուգ շեղանկյունանախշերն օգտագործվում էր թևի վերնամասի, իսկ բացերը` տակամասի քողարկման համար[5]։ Մուգ շեղանկյունանախշերն օգտագործվում էին նաև ծանր ռմբակոծիչները գիշերային գործողությունների ժամանակ քողարկելու համար[6]։ Դրանց ֆյուզելաժը հաճախ ներկվում էր ձեռքով` նման, բայց չկրկնվող նախշերով։ Riesenflugzeug դասի հսկա ռմբակոծիչները ներկվում էին միայն ձեռքով[2]։

Շեղանկյունանախշը հանդիպում էր 4-6 անկյուն ունեցող անկանոն շեղանկյունների տեսքով։ Ամենահազվադեպը` չորս, ամենահաճախ օգտագործվողը` հինգ անկյունով շեղանկյուններն էին։ Ինքնաթիռների քողարկումն ոչ արդյունավետ էին դարձնում զինվորական տարբերանշանները, ինչպես նաև օդաչուների անձնական տարբերանշանները, որոնք հաճախ կիրառում էին ասերը` իրենց ներկայությունը ցույց տալու համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bull, Stephen. Encyclopedia of military technology and innovation, p. 53. Greenwood Publishing Group, 2004. ISBN 1-57356-557-1
  2. 2,0 2,1 Boucher, W. Ira. An Illustrated History of World War One. "German Lozenge Camouflage" Արխիվացված 2017-06-15 Wayback Machine.
  3. 3,0 3,1 Century of Flight. "Aviation During World War One". Արխիվացված 2017-10-28 Wayback Machine
  4. Chant, Christopher. Austro-Hungarian Aces of World War 1, p. 94. Osprey Publishing, 2002. ISBN 1-84176-376-4
  5. Vossers, H. The Fokker D.VII File. "The Lozenge Camouflage Pattern." Aerofile.info
  6. Orion miniatures. "Staaken!", "Gotha!" Արխիվացված 2017-10-01 Wayback Machine
  7. Franks, Norman and Greg VanWyngarden. Fokker Dr I aces of World War I, Volume 40 of Osprey Aircraft of the Aces. Osprey Publishing, 2001, Appendices. ISBN 1-84176-223-7

Օգտակար գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]