Շամիրամ (քաղաքատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամիրամ (այլ կիրառումներ)

Շամիրամ, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ և Արուճ գյուղերի շրջակայքում մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսի և 1-ին հազարամյակի սկզբի հնագիտական-ճարտարապետական հուշարձանախումբ։

Այն ընդգրկում է քաղաքատեղին, արհեստական ջրամբարը, հիմնական դամբարանադաշտը (պաշտամունքային տարբեր հուշարձաններով), ծիսական կառույցների համալիրը, մեծ դամբարանաբլուրների խումբը, մերձակա առանձին դամբարաններ (այդ թվում՝ դոլմեններ), մեգալիթյան աշտարակներ, քաղաքատեղիից ոչ հեռու գտնվող առանձնատների ավերակներ։ Հյուսիսից հուշարձանախմբին կից է Արուճի միջին բրոնզեդարյան դամբարանատեղին։

Քաղաքատեղին ընդգրկում է երկու կիրճերի միջև ընկած ընդարձակ հրվանդանը։ Պարսպապատված ընդհանուր տարածությունը մոտ 10հա է։ Հարթավայրի կողմից հրվանդանը հատում են հինգ պարիսպներով կազմված պաշտպանական երեք գոտիներ։ Առաջինը կորաձև հրվանդանը հարթավայրից անջատող, ուղղանկյուն աշտարակներով պարիսպն է։ Իրարից փոքր հեռավորությամբ կառուցված երկուական զուգահեռ պարիսպները կազմում են 2-րդ և 3-րդ գոտիները։ Ներքին պարսպի լայնությունը հասնում է 8մ-ի, 4-րդ պարսպի աշտարակի ճակատային լայնությունը 14մ է։ Երկու ձորաբերանները նույնպես ամրացված են եղել պարիսպներով, որոնք շարված են խոշոր, որոշ մասերում՝ կոպիտ տաշած տուֆով, լիցքը՝ մանր քարերով ու կավաշաղախով։ Պահպանվել են մոնումենտալ կառույցների հետքեր։ Հրվանդանի եզրին գտնվում է հավանաբար պաշտամունքային նշանակության շինություն։ Քաղաքը կործանվել է մ.թ.ա. մոտ IXդ. վերջին կամ VIIIդ. սկզբին՝ հարձակումների հետևանքով։ Հելլենիստական դարաշրջանում այդ տարածքը կրկին բնակեցվել է։ Բնակավայրը եղել է հրվանդանի ծայրին, գերեզմանոցը՝ քաղաքատեղիի մնացած տարածքում

Քաղաքատեղիի արևելյան անկյան արտաքին կողմում պահպանվել է մինչև օրս գործող հնագույն ջրամբարը, որի պատվարի հիմքը շարված է տուֆե խոշոր սալերով։

Հրվանդանը հարավ-արևելքից եզերող կիրճի հանդիպակաց ափից սկսվում է հիմնական դամբարանադաշտը, որի մուտքի մոտ, ժայռի գագաթին գտնվող ժայռակոփ զոհարանի կենտրոնում բարձրանում է կիսաշրջանաձև զոհասեղանը։ Պեղվել են սալարկղային և հիմնահողային դամբարաններ, վերգետնյա դոլմեններ։ Գետնի մակերեսին դամբարանները շրջապատված են անմշակ քարերից կրոմլեխներով, որոնց մի մասը դրսից շրջափակված է տուֆե սրբատաշ սալերից շարված պատնեշներով։ Սալերի վրա տեղ-տեղ պահպանվել են ձիեր, մարտակառք, որսի տեսարաններ, վայրի կենդանիներ, սկավառակներ և այլն պատկերող հարթաքանդակներ։ Որոշ դամբարանների վրա դրվել են մարդակերտ քարե արձաններ, տուֆե ուղղահայաց կոթողներ, մենաքարեր, ֆալլոսներ։ Ննջեցյալները թաղվել են կողքի պառկած կամ կծկված դիրքով, երբեմն՝ անդամահատված։ Կան բազմաթիվ վերաթաղումներ։ Դամբարանախցերում հայտնաբերվել են զենքեր (երկաթից և բրոնզից), զարդեր, խեցեղեն և այլն։ Ամփոփ խումբ են կազմում բլուրներից մեկի գագաթին գտնվող մեծ դամբանաբլուրները։ Դամբարանախցերը կառուցված և մուտքերը փակված են տուֆե խոշոր սալերով։ Այդ դամբանաբլուրներում թաղվել են ավագանու ներկայացուցիչներ։ Շամիրամի պեղումները ցույց են տալիս, որ մ.թ.ա. X-IXդդ. երկաթի մշակույթը լայնորեն տարածված է եղել Հայաստանում։ Շամիրամի մշակույթն արտացոլում է Հայաստանում դասակարգային հասարակության ձևավորման ավարտի ժամանակաշրջանը և քաղաքային քաղաքակրթության վաղ շրջանի զարգացման համապատասխան աստիճանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]