Նույնականացում (հոգեբանություն)
Նույնականացում (ռուս.՝ идентификация, լատին․՝ identificāre), սեփական անձն այլ անձի կամ մարդկանց խմբի հետ նույնացնելու հոգեբանական գործընթաց։ Դասվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմների շարքին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդենտիֆիկացիան դրան քիչ թե շատ նման մեկ այլ մեխանիզմից՝ ինտրոյեկցիայից տարբերվում է նրանով, որ այն այս կամ այն չափով գիտակցվում է։ Թեև ինքնին գործընթացը անգիտակցական է, սակայն իդենտիֆիկացիայի օբյեկտների ընտրությունը կարող է գիտակցվել և ենթարկվել սուբյեկտիվ վերահսկողության։
Որպես պաշտպանական մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա մեկ ուրիշի՝ որպես սեփական անձի շարունակության մասին պատկերացումն է։ Առավել հաճախ այն հանդիպում է ծնողների մոտ, ովքեր իրենց երեխաներին ընկալում են այդ կերպ։ Նույնականացվելով երեխայի հետ՝ ծնողը մի կողմից իրեն վերագրում է երեխայի երիտասարդությունը և նվաճումները, իսկ մյուս կողմից դրան ավելանում է նաև երեխայի վրա սեփական ցանկությունների, նպատակների ու պահանջմունքների պրոյեկցիան։ Այդպիսի վերաբերմունքը ուրիշների հանդեպ, որպես կանոն, դրսևորվում է վառ արտահայտված նարցիսիզմի դեպքում։
«Ագրեսորի հետ նույնականացումը» թեև, ըստ էության, հանդիսանում է ինտրոյեկցիա[2], սակայն կարող է մասամբ գիտակցվել, և այդ դեպքում այն կարելի է դիտարկել որպես իդենտիֆիկացիայի պաշտպանական ձև։
Որպես հարմարվողական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնականացումն ընկած է այլ մարդկանց կամ նրանց խմբին նմանվելու, կարևոր որակներ ձեռք բերելու ձգտման հիմքում։ Այդ ձևով այն դրսևորվում է դեռևս մանկության տարիներին և աստիճանաբար զարգանում է՝ պարզ ընդօրինակումից հասնելով առավել բարդ, արդյունավետ և սուբյեկտիվորեն վերահսկելի ձևերի։ Իդենտիֆիկացիան նպաստում է այլ մարդու կամ մարդկանց խմբի հետ խորը հուզական կապ ստեղծելուն, նրանց հետ միավորվելուն և ամբողջի մասը կազմելուն։ Այդպիսով կարող են յուրացվել ոչ միայն բնավորության առանձին գծեր, այլև նորմեր, արժեքներ, որոնք դրսևորվում են կոնֆորմիզմի տեսքով[1]։
Իդենտիֆիկացիայի հարմարվողական ուժը կարող է էականորեն տատանվել՝ կախված այն բանից, թե ով և երբ է ընտրվել որպես իդենտիֆիկացիայի օբյեկտ։ Նույնականացումը, որը կյանքի մի փուլում օգնում է սոցիալականացմանը, մեկ ուրիշ փուլում կարող է խանգարել։ Օրինակ՝ եթե դպրոցական տարիներին կռվարար դասընկերոջ հետ նույնականացումը կարող է բարձրացնել սոցիալական կարգավիճակը, ապա ավելի հասուն տարիքում հավանական է հակառակ ազդեցությունը[3]։
Գիտակցված և չգիտակցված իդենտիֆիկացիան կարող է հնարավորություն տալ իրեն դնել այլ անձի տեղում, ընկալել նրա հոգեվիճակը, վարքագիծը, ինչը հանգեցնում է խորը հասկացման[1]։
Իդենտիֆիկացիան ընկած է նաև նույնության ձևավորման հիմքում (Էրիկ Էրիկսոնի հայեցակարգ)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտպանական մեխանիզմներ
- Պրոյեկցիա (հոգեբանություն)
- Ինտրոյեկցիա (հոգեբանություն)
- Դիսոցիացիա (հոգեբանություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фрейд, Анна. Психология Я и защитные механизмы = Das Ich und die Abwehrmechanismen. — Москва: Педагогика-Пресс, 1993. — 68 с. — ISBN 3-596-42001-6.
- Мак-Вильямс, Нэнси. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — Москва: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.
- Фрейд, Зигмунд. «Я» и «Оно» = Das Ich und das Es (1923). — Азбука, 2008. — 288 с. — 7000 экз. — ISBN 978-5-91181-292-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Яндекс-словарь». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ Зигмунд Фрейд, «„Я“ и „Оно“», 1923
- ↑ Ненси Мак-Вильямс, «Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе Արխիվացված 2010-05-02 Wayback Machine», изд. «Класс», 1998.