Ներսես Պալիանենց, Պալիենց, Պալևնց, Պալոն, Պաղոն (XIII դարի վերջ, Սիս—1363, ենթադրվում է՝ Մանազկերտ), հայ մատենագիր, եկեղեցական-քաղաքական գործիչ։ 1330-ական թվականներին եղել է Ուրմիայի եպիսկոպոս։ Հարելով հայ ունիթոռներին, հրաժարվել է հայ եկեղեցուց ստացած եպիսկոպոսական կոչումից։ 1336 թվականին մեկնել է Կիլիկիա, Կաբինի Սիմեոն Բեկ եպիսկոպոսի և այլ համախոհների հետ քարոզել կաթոլիկություն, լատին եկեղեցու ծեսերով մկրտել հայերին։ Դրա հետևանքով առաջացել են հուզումներ, և իշխանությունը բանտարկել ու աքսորել է նրանց համախոհներին։ Հաջողություն չգտնելով Կիլիկյան Հայաստանում, 1338 թվականին Բենեդիկտոս XII պապից ստացել է Մանազկերտի արքեպիսկոպոսի պաշտոնը։ 1341 թվականին Ավինյոնում պապին է ներկայացրել հայ եկեղեցու «մոլորությունների» վերաբերյալ 117 մեղադրանք։ Ներսես Պալիանենցը 1348—51 թվականներին Ավինյոնում ավարտել է Մարտինոս Օպավիացու «Ժամանակագրություն» երկի թարգմանությունը։ Հայոց պատմությունը դիտելով իբրև ընդհանուր պատմության մաս՝ Ներսես Պալիանենցը թարգմանության մեջ որոշ տեղերում ներմուծել է հայոց պատմությանն առնչվող ժամանակագրական տեղեկություններ, վերջում կցելով հայ թագավորների, իշխանների և կաթողիկոսների անվանացանկերը։ Արժեքավոր են Եգիպտոսի սուլթանության կողմից Հռոմկլայի գրավման 1292, Կիլիկյան Հայաստանում ներքին գահակալական պայքարի, եգիպտական սուլթանության դեմ հայ-մոնղոլական կռիվների և այլնի վերաբերյալ տվյալները (թեև դրանցում կան առանձին անճշտություններ)։ Հայ հին թագավորների և իշխանների անվանացանկերը կազմելիս օգտվել է հիմնականում Մովսես Խորենացու և Եվսեբիոս Կեսարացու աշխատություններից։ Ներսես Պալիանենցը թարգմանել է նաև լատիներեն Մաշտոցը (ծիսարան)՝ ավելացնելով պատմական հիշատակագրություններ։ Թարգմանությունների բնագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան և Վենետիկի Մխիթարյան մատենադարաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 256)։