Նատաշա Ռոստովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Ռոստովա
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
ՀեղինակԼև Տոլստոյ
Ներկայացված էՊատերազմ և խաղաղություն
Սեռիգական
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Դերը կատարել ենՕդրի Հեփբերն, Լյուդմիլա Սավելևա, Կլեմանս Պոեզի, Լիլի Ջեյմս և Մորագ Հուդ

Նատաշա (Նատալի) Ռոստովա (ռուս.՝ Наташа Ростова, լրիվ անունը՝ Նատալյա Իլինիչնա Ռոստովա (ռուս.՝ Наталья Ильинична Ростова), 1792 – ?), Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոսուհին։ Իլյա Անդրեևիչ Ռոստովի դուստրը։

Նատաշան գրքի սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սկզբում Նատաշան ներկայացվում է որպես 13-ամյա աղջիկ։ Նա սիրահարված է Բորիս Դրուբեցկուն, որն իր մոր հետ ապրում է Ռոստովներից ոչ հեռու։ Ավելի ուշ Նատաշայի մոտ ընկերն է դառնում Պիեռ Բեզուխովը, որը երբեմն հյուր է գնում Ռոստովներին։ Երբ Բորիսը ծառայության է ընդունվում Կուտուզովի մոտ, Նատաշայի զգացմունքները նրա հանդեպ մարում են։ Շուտով Պիեռը Նատաշային ծանոթացնում է իշխան Անդրեյ Բալկոնսկու հետ, որին սիրահարվում է Նատաշան։ Սակայն իշխան Նիկոլայ Բալկոնսկին՝ Անդրեյի հայրը, Նատաշային համարում է իր որդուն ոչ հարմար։ Նա Անդրեյին համոզում է հետաձգել ամուսնությունը մեկ տարով։ Անդրեյի բացակայության ընթացքում Նատաշան տարվում է Անատոլ Կուրագինով, ինչից հետո խզում է նշանադրությունն իշխան Անդրեյի հետ։ Անատոլը մտադրվում է փախչել Նատաշայի հետ և գաղտնի պսակադրվել, սակայն Սոնյան՝ Ռոստովի զարմուհին, իմանում է այդ մասին և կանխում նրանց փախուստը։

Քանի որ Նապոլեոնն սկսում է հարձակումը Ռուսաստանի վրա, Ռոստովներն ստիպված են տեղափոխվել իրենց մոսկովյան կալվածք։ Նապոլեոնի՝ Մոսկվային մոտենալու ժամանակ բազմաթիվ վիրավոր զինվորներ տեղավորվում են Ռոստովների տանը։ Երբ Ռոստովները ծրագրում են հեռանալ Մոսկվայից, Նատաշան ծնողներին խնդրում է իրենց սայլերն օգտագործել վիրավորներին տեղափոխելու, ոչ թե տան իրերի համար։ Վիրավորների մեջ տեսնելով իշխան Անդրեյին՝ Նատաշան խնամում է նրան։ Սակայն իշխանի վերքերն այնքան ծանր են, որ նա մահանում է։

Նապոլեոնի՝ Մոսկվայից հեռանալուց հետո Նատաշան մտերմանում է իշխան Անդրեյի քրոջ՝ իշխանուհի Մարիայի հետ, որը երախտապարտ է նրան իր եղբոր մասին հոգ տանելու համար։ Վիշտը միավորում է նրանց, և նրանք դառնում են ընկերուհիներ։ Այդ ժամանակ Նատաշան ավելի է մտերմանում նաև Պիեռ Բեզուխովի հետ, որի կինը մահացել էր։ Ի վերջո Նատաշան ու Պիեռ Բեզուխովն ամուսնանում են և հետագայում ունենում չորս երեխա։

Անդրեյ Բալկոնսկին ու Նատաշա Ռոստովան վերջինիս առաջին պարահանդեսի ժամանակ, Լեոնիդ Պաստեռնակ, «Նատաշա Ռոստովայի առաջին պարահանդեսը», 1893 թվական

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշայի կերպարի համար մասամբ որպես նախատիպ են ծառայել գրողի կինը՝ Սոֆյա Տոլստայան և նրա քենին՝ Տատյանա Բարսը, որն ունեցել է երաժշտական տաղանդ և հազվադեպ գեղեցկության ձայն։ Տոլստոյը Նատաշայի «մոդելների» մասին ասել է. «Ես վերցրի Տանյային, վերամանրեցի Սոնյայի հետ, և ստացվեց Նատաշան» (ռուս.՝ Я взял Таню, перетолок её с Соней, и вышла Наташа)[1][2]։

Նատաշայի արտաքինը վեպի սկզբում նկարագրվում է հետևյալ կերպ.

Սևաչյա, մեծ բերանով, տգեղ, բայց աշխույժ աղջիկը՝ իր մանկական բաց ուսերով, որոնք արագ վազքից շարժվում էին իրենց սեղմող կորսաժի մեջ, իր ետև ընկած սև խոպոպներով, բարակ մերկ ձեռներով և ժանեկավոր վարտիքի ու բաց կոշիկների մեջ եղած փոքրիկ ոտներով այն հաճելի հասակումն էր, երբ աղջիկն արդեն երեխա չի, իսկ երեխան դեռ աղջիկ չի։

Վեպի գործողությունների զարգացման ընթացքում Նատաշա Ռոստովան մշտական սիրահարվածության մթնոլորտում ապրող անմիջական աղջնակից վերածվում է հմայիչ և ընթացիկ դեպքերին դյուրազգացորեն արձագանքող աղջկա։ Նրա բնական հմայքը, կյանքը լիովին ապրելը, ներքին գեղեցկությունը վեպում հակադրվում են բարձրաշխարհիկ կանանց սառը գեղեցկությանը։ Երիտասարդ Նատաշայի մեջ Տոլստոյը մարմնավորել է կատարյալ կանացի էության՝ որպես հոգևորի ու մարմնականի ներդաշնակության իր պատկերացումը։ Նրա կերպարը կրում է Տոլստոյի անբարյացակամության հետքը դեպի կնոջ էմանսիպացիայի՝ այդ ժամանակ նոր գաղափարները։

Նատաշան Տոլստոյի սիրելի հերոսուհին է[3]։ Նատաշայի աշխարհը կառուցված է երիտասարդության հմայքով ու կենդանությամբ, բայց սահմանափակ է[4]։

Ըստ վեպում տրված բնութագրման՝ Նատաշան «իրեն խելոք չի ձևացնում», նրա տարբերակիչ գծերից են զգացմունքայնությունը, բնականությունը, անմիջականությունը, կարեկցությունն ընդոհւպ մինչև ինքնամոռացություն, կյանքի ինտուիտիվ ու ոչ ռացիոնալ ընկալումը «սրտի խելքով»։ Նա սիրող դուստր է, հոգատար քույր։ Վեպի շատ տեսարաններում նա օգնում է շրջապատի մարդկանց՝ ծանոթներին ու անծանոթներին՝ ներկայանալով որպես մարդկանց հանդեպ սիրո մարմնացում։ «Նրա կյանքի էությունը սերն է»,– իր հերոսուհու մասին ասում է Տոլստոյը։ Գրողն ընդգծում է, թե կյանքի արժեքների այն անկեղծ ընկալումը, ժողովրդական զգացմունքին մասնակից լինելը, որին Պիեռ Բեզուխովն ու Անդրեյ Բալկոնսկին հասնում են բարոյական բարդ որոնումների արդյունքում, Նատաշայի համար բնածին են, բնական. վեպում նա ծառայում է որպես դրա մարմնացում։ Մյուս կերպարների ամենաստույգ բնութագրումները հաճախ գալիս են հենց Նատաշայից։ Միևնույն ժամանակ Նատաշային, ինչպես և Տոլստոյի մյուս հերոսներին, հատուկ է սխալվելը։ Երջանկության բնական, ինտուիտիվ ձգտումը Նատաշային դարձնում է եսասեր, ինչն արտահայտվում է Անատոլ Կուրագինով տարվելու մեջ։

Տոլստոյի գեղագիտության մեջ փորձությունների բարդությունը հգևոր ուժ է հաղորդում հերոսներին։ Նկարագրելով Նատաշայի հոգեկան ճգնաժամն իշխան Անդրեյի մահվանից հետո՝ Տոլստոյը նկարագրում է նրա ապրումների ուժը՝ որպես նրա բարոյական ապաքինման պատճառ. «Եվ նրա հոգեկան անկման բոլոր երեք պատճառներն իրենց մեջ կրում էին վերածննդի պատճառները»[1]։

Նատաշայի բնավորության մեջ Տոլստոյը ցույց է տվել ներքին մեծ ուժ։

Վեպի վերջում Նատաշան ներկայանում է որպես կին և ընտանիքի մայր, որն ամբողջովին տարված է նրա հոգսերով։

Ռուսական մշակութային գիտակցության մեջ Նատաշա Ռոստովայի կերպարն առաջին հերթին կապված է վեպի այնպիսի տեսարանների հետ, ինչպիսիք են Նատաշայի առաջին պարահանդեսը, ռուսական պարը քեռու տանը և վիրավորների տեսարանը, որոնց Նատաշան տալիս է բոլոր սայլերը Մոսկվայից տարհանման ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Г. В. Краснов Комментарии к «Войне и миру»
  2. Мои воспоминания. И. Л. Толстой — Худож. лит., 1969 (с. 411)
  3. Наташа Ростова. по: Учебное пособие по истории русской литературы XIX века / Л. И. Матюшенко, А. Г. Матюшенко ; МГУ им. М. В. Ломоносова, Филол. фак. — М. : МАКС Пресс, 2009. — 460 с.; — ISBN 978-5-317-02606-6
  4. Толстой Л.Н. // Литературная энциклопедия : в 11 т. — [М.], 1929—1939.
  5. Наташа Ростова — статья из словаря «Большой лингвострановедческий словарь». — М.: Государственный институт русского языка им. А. С. Пушкина. АСТ-Пресс. Т. Н. Чернявская, К. С. Милославская, Е. Г. Ростова, О. Е. Фролова, В. И. Борисенко, Ю. А. Вьюнов, В. П. Чуднов. 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моя жизнь дома и в Ясной Поляне. Т. А. Кузминская. (Изд: 1926, 1948, 1973, 1998)
  • О Толстом: воспоминания и рассказы. В. Булгаков. Приокское Книжное Из-во, 1964. —3 23 стр.
  • Наташа Ростова — статья из энциклопедии «Литературные герои». — Академик. 2009.
  • Наташа Ростова — статья из словаря «Большой лингвострановедческий словарь». — М.: Государственный институт русского языка им. А. С. Пушкина. АСТ-Пресс. Т. Н. Чернявская, К. С. Милославская, Е. Г. Ростова, О. Е. Фролова, В. И. Борисенко, Ю. А. Вьюнов, В. П. Чуднов. 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]