Նապոլեոն (Անասնաֆերմա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերքշիրյան ցեղատեսակի վարազ, ինչպես Նապոլեոնը նկարագրված էր գրքում[1]

Մեր Առաջնորդ, Ընկեր Նապոլեոն, Անասունների հայր, Մարդկանց ահ ու սարսափ, Մակաղի պահապան, Բադիկների բարեկամ, Անասնաֆերմա ստեղծագործության գլխավոր հակահերոսը[2]։ Նապոլեոնը նկարագրված է որպես խոշոր, կատաղի տեսքով բերքշիրյան վարազ (արու խոզ), որը սակավախոս էր և իր ուզածին հասնող։ Նապոլեոնը ֆերմայից արտաքսում է Ձնագնդիկին, որն իր գլխավոր մրցակիցն էր Անասնաֆերմայի ղեկավարության համար պայքարում և ուներ ավելի առաջադեմ հայացքներ։ Ֆերմայի տիրոջ՝ Ջոնսի դեմ հաջողված ապստամբությունից հետո Նապոլեոնն իրեն հռչակում է «Նախագահ», իսկ ֆերման վերջ ի վերջո դարձնում է բռնապետություն։ Սակայն Նապոլեոնը սկսում է ավելի կատաղի շահագործել կենդանիներին, քան Ջոնսը, իսկ վերջում նաև արտաքնապես է նմանվում նրան[3][4]։

Ֆրանսերեն առաջին թարգմանություններում կերպարի անունը նշված էր Կեսար։

Նապոլեոնը որպես այլաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրուելը Նապոլեոնի կերպարի հիմքում դրել է Իոսիֆ Ստալինի անձը[5], որը 1929-ից մինչև 1953 (իր մահը) թթ․ զբաղվում էր իր քաղաքական հակառակորդների և այլախոհների ոչնչացմամբ։ Կերպարն անվանակոչված է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի անունով, որը, ինչպես և Ստալինը, իշխանության էր եկել հեղափոխության արդյունքում։

Իր դիրքերն ամրապնդելու և հակառակորդներին վերացնելու նպատակով Նապոլեոնը խլեց Զանգակի և Ջեսիի լակոտներին և նրանցից կազմեց իրեն հավատարիմ պատժիչ խմբեր։

Նապոլեոնի և Ձնագնդիկի պայքարը նմանվում է Ստալինի և Լև Տրոցկու միջև պայքարին։ Եվ երբ ընտրությունների ժամանակ Ձնագնդիկը մոտ էր հաղթելուն՝ Նապոլեոնի շները խուժում են գոմ և նրան հետապնդում են մինչև ֆերման լքելը։ Ձնագնդիկին արտաքսելուց շատ չանցած Նապոլեոնը հրամայում է կառուցել հողմաղացը, որը նախագծել էր Ձնագնդիկը և որին սկզբում դեմ էր արտահայտվել Նապոլեոնը (այստեղ նմանություն կա Ստալինի և Տրոցկու անհամաձայնությանն ինդուստրացման հարցում)։ Միաժամանակ՝ Նապոլեոնը մի քանի կենդանիների ստիպում է ընդունել իրենց մեղքը սխալ հայացքներ ունենալու համար, որոնց ոչնչացնում են։ Սկսվում է կերի կրճատումը բոլոր կենդանիների համար, բացի խոզերից և շներից։

Նապոլեոնը փոխշահավետ պայմանագիր է կնքում ֆերմեր Ֆրեդրիքի հետ (նմանություն խորհրդա֊գերմանական չհարձակման պայմանագրին), սակայն շուտով Ֆրեդրիքը խաբում է Նապոլեոնին և հարձակվում Անասնաֆերմայի վրա։ Հողմաղացի ճակատամարտում կենդանիները ծանր հաղթանակ են տանում, հողմաղացն ավերվում է։ Նապոլեոնը ձեռնարկում է նոր հողմաղացի կառուցումը և կենդանիներին կոչ է անում ամբողջովին լծվել գործին և պետք եղած դեպքում զոհել իրենց կյանքը՝ օտար նվաճողների դեմ պայքարում։ Սակայն ինքը Նապոլեոնը շատ ծույլ և վախկոտ է դա անելու համար, ի տարբերություն Ձնագնդիկի, որը հերոսաբար կռվել և վիրավորվել էր Գոմի ճակատամարտում։ Նապոլեոնի մունետիկ Զռանը հայտարարում է, թե Ձնագնդիկը Ջոնսի գործակալն էր և իրականում կռվել էր մարդկանց կողմից, իսկ ընկեր Նապոլեոնը հերոսաբար կռվել էր այդ ճակատամարտում, թեև իրականում Նապոլեոնն ու Զռանն այդ ճակատամարտի ժամանակ առաջնագծից հեռու էին գտնվում։

Նապոլեոնը և մյուս խոզերը սկսում են քայլել իրենց ետևի ոտքերի վրա, իսկ Անասնաֆերմայի պատվիրանները փոխվում են և հանգեցվում են նրան, որ բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները։

Վերջում Նապոլեոնը մյուս խոզերի հետ միասին՝ երեկոյան զգեստներ հագած հանդիպում է Ֆոքսֆուդ ֆերմայի տեր Փիլքինգթոնի և այլ մարդկանց հետ։ Պատուհանից ներս նայող անասունների աչքերի առջև լղոզվում են երեկույթի մասնակիցների երեսները և նրանք արդեն չեն տարբերում մարդկանց և խոզերին իրարից։

Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թ․ անիմացիոն ֆիլմի վերջնամասում անասուններն ապստամբում են և վտարում են խոզերին և մարդկանց, սակայն այդ վերջնամասն ստեղծվել էր քաղաքական նկատառումներով։ 1999 թ․ հեռուստատեսային ֆիլմում կենդանիներից մի քանիսը ֆերմայից փախչում են դեպի մարգագետիններ և այնտեղ սկսում են նոր կյանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.gradesaver.com/animal-farm/study-guide/character-list/
  2. http://www.markedbyteachers.com/gcse/english/how-does-napoleon-take-and-maintain-control-of-animal-farm.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  4. http://www.cliffsnotes.com/literature/a/animal-farm/character-analysis/napoleon
  5. http://www.sparknotes.com/lit/animalfarm/characters.html