Նապոլեոնի մարշ (Յոհան Շտրաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նապոլեոնի մարշ op. 156, հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս (որդին)։ Գրվել է 1854 թվականին, նվիրվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ին։

Վիեննացիների քաղաքական պառակտության պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ականների սկզբին ավստրիացի ժողովուրդը, և հատկապես Վիեննայի բնակչությունը պառակտված էր քաղաքական տարբեր հայացքներ ունեցող երկու մասի։ Մի մասը պնդում էր, որ պետք է դաշնակցել Ռուսաստանի հետ, մյուսները, որ ավելի մեծ թիվ էին կազմում, ճիշտ էին համարում Պրուսիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հետ դաշնակցելը։ Ռուսաստան, որ մտահոգված էր Բալկաններում ու Բոսֆորում իր գերիշխանությունը հաստատելու և ամրապնդելու խնդրով, 1853 թվականի հուլիսին բանակ էր ուղարկել Մոլդովան օկուպացնելու համար։ Այդ տարածքներին իշխում էր Թուրքիան, որը պատերազմ հայտարարեց ցարին։ Ռուսաստանը փորձում է համոզել Հաբսբուրգների միապետությանը՝ սատարել իր քաղաքական ծրագրերին, և Նիկոլայ I ցարը մեկնում է Օլմուտց՝ Ավստրիայի երիտասարդ կայսր Ֆրանց Յոզեֆ I-ին առաջարկելով՝ միջամտել պատերազմին և դաշնակցել Ռուսաստանին:

Նապոլեոն III

Սակայն ծեր ու ազդեցիկ իշխան Մատերնիխի թելադրանքով Ավստրիան մերժում է ցարի առաջարկը և 1854 թվականի ապրիլի 9-ին դաշինք կնքում Պրուսիայի, Անգլիայի և Ֆրանսիայի հետ։ Իսկ այս երկրները, ինչպես և հետագայում ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, աջակցում էին Թուրքիային՝ տարածաշրջանում նվազեցնելու համար Ռուսաստանի ազդեցության գոտին։ Ռուսաստանն ավելի քան մեկ դար Ավստրիայի դաշնակիցն էր, 1849 թվականին ցարական բանակն օգնել էր ավստրիացիներին՝ ճնշելու համար Բուդապեշտի ապստամբությունը։ Եվ այժմ Ավստրիայի այս քայլը ռուսները որակում են որպես դավաճանություն և ապերախտություն։

«Նապոլեոնի մարշի» ստեղծման շարժառիթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով, ավստրիացի դիվանագտեները որոշում են դաշնակցել Պրուսիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, ինչին կողմ էր նաև Վիեննայի բնակչության մեծ մասը, այդ թվում՝ 28-ամյա Շտրաուսը։ Նա քաղաքական նուրբ որոշում կայացրեց. խորին ակնածանք տածելով Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի (1808-1873) հանդեպ, մի քայլերգ նվիրեց վերջինիս։ (Նապոլեոն III-րդը Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուիի որդին էր և գահակալել է 1852-1870 թվականներին)։ Եվ ահա, Վիեննայի բնակչության այն հատվածը, որը կողմ էր այս երեք պետությունների և հատկապես մեծ ազդեցություն ունեցող Նապոլեոն III կայսեր հետ դաշնակցելուն, 1854 թվականի հոկտեմբերի 12-ին Վիեննայի արվարձանում կազմակերպում է փառատոն՝ նվիրված Նապոլեոնին։ Morgen-Post օրաթերթը (12-10-1854) հայտարարում է, որ այդ առթիվ Վիեննայի նվագախումբը Յոհան Շտրաուսի ղեկավարմամբ կատարելու է հատուկ այդ առիթով վերջինիս հեղինակած «Նապոլեոնի մարշ» ստեղծագործությունը։ Տոնակատարությանը մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ, Վիեննայի հասարակության վերնախավը, ովքեր այնքան ջերմորեն են ընդունել Շտրաուսի ստեղծագործությունը, որ պահանջել են ևս երեք անգամ կատարել այն։ Ստեղծագործությունն ուրախությամբ է ընդունել նաև Նապոլեոն III-ը, ում նվիրված էր այն։ Կայսրն այդ առթիվ երիտասարդ կոմպոզիտորին պարգևատրել է թանկարժեք նվերով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]