Յուրի Դալլաքյան
Յուրի Դալլաքյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1928 |
Ծննդավայր | Թերմեզ, Ուզբեկստան |
Մահացել է | հուլիսի 14, 2008 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստանի Հանրապետություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Ամուսին | Բժիկյան Ադելաիդա (1956 -2008) |
Պարգևներ և մրցանակներ | Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում 2001 թվականի ՀՀ Պետական մրցանակ |
Յուրի Գեռասիմի Դալլաքյան (22.05.1928 Թերմեզ (ԽՍՀՄ, Ուզբեկստան – 14.07.2008 Երեւան, Հայաստան) – խորհրդային եւ հայ ինժեներ-կոնստրուկտոր (ճարտարագետ)։ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (2001)։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր կոնստրուկտոր (2001)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Հայրը՝ Գերասիմ Ֆերագեյի Դալլաքյանը (Ռուսական կայսրության անձնագրով՝ Դոմակյանց) ծնվել է Ելիզավետպոլի (Գանձակ) գավառում։ Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի շարքերում կռվել է Կովկասյան ռազմաճակատում։ Մայրը՝ Մարգարիտա Պավելի Աղասյանը, Շուշիում 1920թ. քեմալական թուրքերի զոհ ընտանիքից, եւ Գերասիմ Դալլաքյանը ապաստանել են Թուրքեստանի երկրամասի Թերմեզ (1925-ից՝ Ուզբեկստան) քաղաքում։ Այդտեղից ընտանիք կազմած գաղթականների զույգը տեղափոխվել է Թուրքմենստանի Չարջոու քաղաք (այժմ՝ Թուրքմենաբադ)։
1946թ. Չարջոուի միջնակարգը ավարտելուց հետո Յուրի Դալլաքյանը եկել է Երեւան, որտեղ ընդունվել է Ալ. Թամանյանի անվան Ինդուստրիալ տեխնիկումի ճարտարապետության բաժին, որտեղ եւ ծանոթացել է ապագա տիկնոջ՝ Ադելաիդա Բժիկյանի հետ։ 1955թ. Դալլաքյանին հաջողվել է տարագրյալ ընտանիքը Թուրքմենստանից տեղափոխել Հայաստան։ Մինչ այդ 1950թ. ընդունվել է Կ.Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան) արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժին։ Ավարտել է 1955թ. «ինժեներ-շինարարի» մասնագիտացմամբ։
Երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է ղեկավար կոնստրուկտորական պաշտոններ «Հայարդնախագիծ», «Երեւաննախագիծ», ՀայՇՃԳՀԻ (ԱրմՆԻԻՍԱ) նախագծային հաստատություններում։ Կոնստրուկտորական աշխատանքներ է ղեկավարել նաեւ «Հայսեյսմշին» եւ ԿՊ ԳՀԻ-ում, ՀՆԿԻ-ում, «Երեւանշին» ՍՊԸ-ում ինչպես նաեւ ԽՍՀՄ Ռադիոպրոմնախ ՊՆԻ հայաստանյան մասնաճյուղում։ Չի դադարեցրել կոնստրուկտորական գործունեությունը մինչեւ կյանքի վերջին օրը [1,2]:
Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալլաքյանի մշակած հարյուրավոր արդյունաբերական, հասարակական եւ բնակելի շենքերի նախագծերի շարքում են.
● Երեւանի Բժշկական համալսարանի գմբեթը (կուրսային աշխատանք)
● Երեւանի Աբովյան փողոցի բնակելիներ
● Կիրովականի (Վանաձոր) քիմկոմբինատը
● Երեւանի «Մերգելյան» ԵրՄՄԳՀԻ մասնաշենքերը (ճարտ. Շ.Ազատյան)
● Երեւանի Լամպերի գործարանի արտադրական մասնաշենքերը
● Նոր Նորքում հեռուստատեսային կենտրոնի մասնաշենքը
● Զեյթուն շրջանում ուսանողական հանրակացարանի բարձրաբերձ շենքը
● «Դալլաքյանի կոնստրուկցիայի» հիման վրա նախագծված բարձրահարկ շենքեր, այդ թվում «Ռոսիա» կ/թ դիմաց եւ համանմանը Մեսրոպ Մաշտոց պողոտայի վրա, ուր ժամանակին գտնվում էր «Աերոֆլոտի» գործակալությունը։ Այդ տանը Դալլաքյանը բնակվել է ընտանյոք հանդերձ (1968-2008)
● Երեւանի ՋԷԿ-ը արդյունաբերական օբյեկտներին կապող էստակադը
● Երեւանի Կոնյակի գործարանի մասնաշենքերը
● Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գանձատուն-թանգարանը, վերակառույց հոգեւոր ճեմարանը եւ այլ շինություններ (ճարտ. Ա.Գալիկյան)
● Երեւանի ճոպանուղու ուղեւորային տաղավարները
● Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքը
● Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի վերակառույց շենքը
● Բազմահարկ ավտոկայանատեղի (գարաժ) Ծովակալ Իսակովի պողոտայի վրա
● Վարդան Մամիկոնյանի (Երեւան) հուշարձանը կրող հենքը
● Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժականի մասնաշենքերը
● Երեւանի «Մանկական աշխարհ» հանրախանութի վերակառուցման եւ ընդլայնման նախագիծը (վերջին գործ)
● Մալիշկա գ. Սուրբ Աննա եկեղեցին
● Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին դարձավ կոնստրուկտորի հեղինակած խոշոր գործերից վերջինը [3, 4]: Եկեղեցու կառուցումը դեռեւս ստորգետնյա փուլում բախվեց ինժեներական եւ ֆինանսական լուրջ խնդիրների։ Առաջացավ կառույցի նոր նախագծի մշակման անհրաժեշտություն, ինչն էլ հանձնարարվեց Դալլաքյանին իբրեւ գլխավոր կոնստրուկտորի [5]: Ինժեներական եզակի լուծումներով Դալլաքյանի նախագիծը կազմել է հարյուրավոր էջ հաշվարկներ եւ շուրջ 500 թերթ աշխատանքային գծագրեր։ Եկեղեցու ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի էսթետիկական եւ ֆունկցիոնալ հեղինակային մտահղացումը իրականացվել է լիովին։
Պարգեւներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար ՀՀ նախագահի ՆՀ-922 հրամանագրով Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում 2001 թվականի ՀՀ Պետական մրցանակ [6] շնորհվեց եկեղեցու ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանին, ճարտարագետ (ինժեներ-կոնստրուկտոր) Յուրի Դալլաքյանին եւ շինարարության ղեկավար Վազգեն Պողոսյանին։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
[1] Տեղեկագիր Հայաստանի Շինարարների, 8-9 (61-62) 2001
[2] «Հայազգ» հիմնադրամի հանրագիտարան
[3] Մայր Աթոռ Սբ. Էմիածին։ Սբ. Գրիքոր Լուսավորիչ Մայր եկեղեցի։ Հուշամատյան նավակատիքի եւ օծման, 2001 (Նախագծի եւ հեղինակների ներկայացմամբ)
[4] Республика Армения. Еженедельное издание “ЗАО Հայաստանի Հանրապետություն”. 15-22.06.2001 №15
[5] Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթ, 19.01.2000, թիվ 7(2477)
[6] Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, ՀՀ նախագահի 10.12.2001 ՆՀ-992 հրամանագիր
Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարկասային շենքերի՝ սողնակներով եւ սնամեջ խոռոչներով միաձույլ հարթ երկաթբետոնյա ծածկ
Բազմահարկ ավտոկայանատեղի (գարաժ)