Յուհաննա ալ-Արմանի
Յուհաննա ալ-Արմանի | |
---|---|
Ծնվել է | 1720 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | 1786 |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | քրիստոնեական արվեստ |
Յուհաննա ալ-Արմանի ալ-Քուդսի (1720, Կահիրե, Եգիպտոս - 1786, Կահիրե, Եգիպտոս), եգիպտահայ նկարիչ[1]։ Նա առավել հայտնի է իր կրոնական գործերով, հատկապես ղպտիական սրբապատկերներով, որոնք զարդարում են Հին Կահիրեի Սուրբ Մարիամ եկեղեցին (Աստվածամոր տաճար)[2]։
Յուհաննան սովորական մարդ էր, որն ամեն ինչի հասել էր ինքնուրույն։ Նա միջին եկամուտ ուներ, և նրա դիրքը նույնն էր, ինչ մյուս բոլոր արհեստավորներինը, որոնք ապրում էին Կահիրեում կամ Օսմանյան կայսրության որևէ այլ քաղաքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված պատմական փաստաթղթերը վկայում են, որ Յուհաննա ալ-Արմանիի ընտանիքը բնակություն է հաստատել Եգիպտոսում 17-րդ դարի վերջին կամ 18-րդ դարի սկզբին։ Հավանաբար Յուհաննայի հայրը՝ Արթին Կարապետը, Եգիպտոս է ժամանել երկու որդիների՝ Յուհաննայի և նրա եղբոր՝ Սալիբի հետ, որը որոշ աղբյուրներում հիշատակվում է Խաչատուր անունով[2]։
Յուհաննան ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կինը Ֆարիսինիան էր՝ հակոբիկյան քրիստոնյա ղպտիի և հայի որդի դերձակի դուստրը։ Առաջին ամուսնությունից Յուհաննան ուներ չորս երեխա՝ երեք որդի՝ Արթինը, Գյուրգյուսը, Յաղուբը, և մեկ դուստր՝ Մինկաշան։ Ֆարիսինիան մահացել է 1770 թվականի օգոստոսին։ Երկրորդ անգամ Յուհաննան ամուսնացել է ղպտի քրիստոնյա ոսկերչի դստեր՝ Դիմիանի հետ։ Նրանք համատեղ երեխաներ չեն ունեցել[2]։
Յուհաննայի ավագ որդին՝ Արթինը, դրամահատարանի ոսկերիչ էր։ Նա ամուսնացած էր հայուհի Մադլինայի հետ, որից ուներ երեք դուստր։ Արթին իբն Յուհաննա ալ-Արմանին արխիվներում հիշատակվում է որպես այն ժամանակվա հայ համայնքի նշանակալի անձնավորություն։ Յուհաննայի երկրորդ որդին՝ Գյուրգյուսը, հոր պես նկարիչ էր[2]։
Յուհաննայի երրորդ որդին՝ Յաղուբը, հավանաբար մահացել է երիտասարդ տարիքում՝ մոր մահից անմիջապես հետո։ Նրա անունը չկա ընտանեկան ոչ մի փաստաթղթում, և նա չկա 1786 թվականին Յոհաննայի մահից հետո կազմված ժառանգների ցուցակում։ Յուհաննայի միակ դստեր՝ Մինքաշի մասին քիչ բան է հայտնի[2]։
Յոհաննայի վաղ տարիների և ուսման մասին շատ քիչ բան է հայտնի։ Հայտնի չէ, թե ինչ արհեստով է զբաղվել նա նախքան պատկերանկարիչ դառնալը։ Նրա սրբապատկերներից ամենավաղը թվագրվում է 1742 թվականով։ Օսմանյան Եգիպտոսում 18-րդ դարի նկարիչներն ունեին իրենց վարպետության աստիճանը՝ «նաղաշ», «ռասամ» և «մուսավիր»[2]։
Եթե Յուհաննա ալ-Արմանին Երուսաղեմից Եգիպտոս ժամանած լիներ որպես կայացած պատկերանկարիչ, ինչպես շատ հետազոտողներ են ենթադրում, նա հավանաբար կմիանար «մուսավիրների» գիլդիային, ոչ թե «նաղաշների»։ Գիլդիաների օրենքները խիստ էին. անդամ կարելի էր դառնալ միայն անհրաժեշտ մասնագիտական հմտությունները դրսևորելուց հետո։ Արվեստագետը չէր կարող արհեստ ընտրել առանց վերապատրաստվելու։ Մասնագիտությամբ չաշխատելով՝ պաշտոնական փաստաթղթերում նա չէր կարող իր անվանն ավելացնել մասնագիտության անվանումը[2]։
«Ալ-Քուդսի» (Երուսաղեմից) անվան օգտագործումը կարող էր նշանակել մարդու ծագումը, սակայն օգտագործվել է նաև որպես Երուսաղեմ կատարած ուխտագնացության նշան։ Եգիպտագետ Մագդի Գիրգիսն ասում է, որ «չնայած պահպանված ապացույցների շփոթությանը, պարզ է դառնում, որ Յոհաննայի ընտանիքն իսկապես Երուսաղեմից էր»։ Սակայն նրա կապն այս քաղաքի հետ ավարտվել է Յոհաննայի սերնդից առաջ կամ նրա մանկության տարիներին։ «Նույնիսկ եթե նա ծնվել է Երուսաղեմում, այս քաղաքի հետ կապը չի կազմել Յուհաննայի ինքնության առանցքը, քանի որ նա իր անունից հաճախ բաց է թողել այդ մակդիրը»,- նշում է պատմաբանը[2]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհաննայի պահպանված գործերի մեծ մասը գտնվում է ղպտիական եկեղեցիներում և վանքերում։ Ամբողջական ցուցակը դեռ չկա։ Սրբապատկերները, որպես կանոն, պատվիրում էին եկեղեցիների կառավարիչները[2]։
Գիրգիսը գրում է, որ Յոհաննայի հաճախորդներն են եղել նաև մասնավոր անձինք։ Այնուհետև նրանք այդ սրբապատկերը հաճախ նվիրել են որևէ եկեղեցու, ինչը նշվել է հենց սրբապատկերի վրա։ Յուհաննայի ժառանգության փաստաթղթերում նշվում է տասնհինգ ռիալ գնահատված ինը սրբապատկեր։ Ղպտիական մասնավոր տներում եղած սրբապատկերները չեն պահպանվել[2]։
Յուհաննան տիրապետել է հայոց լեզվին և այն օգտագործել է ստեղծագործելիս և առօրյա կյանքում։ Վարպետը սրբապատկերների վրա հայերեն գրություններ է թողել։ Օրինակ՝ նա Մար Գիրգիսի (Սուրբ Գևորգի) սրբապատկերների վրա հայատառ գրել է ամսաթվերը[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Magdi Guirguis, An Armenian Artist in Ottoman Cairo: Yuhanna al-Armani and His Coptic Icons (Cairo,: The American University in Cairo Press, 2008)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Юханна аль-Армани — армянин и коптский иконописец». armmuseum.ru. Армянский музей Москвы и культуры наций. 2020 թ․ մայիսի 25.
- ↑ Guirguis, Magdi (2008). A Biographical Sketch of Yuhanna al-Armani (ամերիկյան անգլերեն). American University in Cairo Press. doi:10.5743/cairo/9789774161520.001.0001. ISBN 978-1-61797-101-3.