Յոթ գթասիրտ գործեր (նկար, Կարավաջո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ գթասիրտ գործեր
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1][2]
տարի1607[2] և 1600[3]
բարձրություն390 սանտիմետր
լայնություն70 սանտիմետր և 260 սանտիմետր
ուղղությունբարոկկո[4]
ժանրհոգևոր արվեստ[5]
նյություղաներկ և կտավ
գտնվում էPio Monte della Misericordia?
հավաքածուPio Monte della Misericordia?
հիմնական թեմաworks of mercy?
https://www.piomontedellamisericordia.it/portfolio/michelangelo-merisi-detto-caravaggio-le-opere-della-misericordia-1607/ կայք
Ծանոթագրություններ
 The Seven Works of Mercy by Caravaggio (Naples) Վիքիպահեստում

Յոթ գթասիրտ գործեր, իտալացի նկարիչ Կարավաջոյի նկար, որն ստեղծվել է 1606-1607 թվականներին Նեապոլում՝ Պիո Մոնտե դե լա Միզերակորդիա եկեղեցու պատվերով և ներկայումս գտնվում է այնտեղ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ գթասիրտ գործեր, քրիստոնեական ավանդույթ, որն սկիզբ է առել Աստվածաշնչից։ Մատթեոսի Ավետարանի 25-րդ Գլխում ասվում է.

34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը.

35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք,

36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։

37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք.

38 ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք.

39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։

40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։

— Մատթ. 25:34-40

Աստվածաշնչի համաձայն՝ Կաթոլիկ եկեղեցին թվարկում է վեց գթասիրտ գործեր.

  1. Կերակրել քաղցածին։
  2. Ջուր տալ ծարավին։
  3. Օթևանել ճամփորդին։
  4. Հագցնել մերկին։
  5. Այցելել հիվանդին։
  6. Այցելել կալանավորին։

Հին Կտակարանից սրանց ավելանում է նաև.

7. Հուղարկավորել մահացածին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար այս գործերը պատկերվել են առանձին նկարներում, սակայն Կարավաջոն ստեղծել է բարդ կոմպոզիցիա և բոլոր գործերը զետեղել է մեկ նկարի մեջ։ Աջ կողմում պատկերվել է մի դրվագ, որտեղ վախվորած հայացքով շուրջը նայող կինը կրծքով կերակրում է զնդանում գտնվող բանտարկյալին (1-ին և 6-րդ գործեր)։ Սյուժեն հիշեցնում է Caritas Romana-ին (իտալ.՝ Caritas Romana):

Մյուս դրվագում գերեզմանափորները տեղափոխում են մահացածին՝ ջահով լուսավորելով ճանապարհը (7-րդ գործ)։

Ձախակողմյան տեսարանում երևում է, թե ինչպես է պատանին դաշույնով երկու հավասար մասիերի բաժանում իր անձրևանոցը, որպեսզի այն տա երկու չքավորների, ընդ որում՝ նրանցից մեկը մերկ է, մյուսը՝ հիվանդ, և երևում են նրա հենակները (4-րդ և 5-րդ գործեր)։

Նկարի ձախ անկյունում հյուրանոցի տերը ներս է հրավիրում տարագիր ճամփորդին (3-րդ գործ)։ Նրանց ետևում աստվածաշնչյան Սամսոնը ավանակի ծնոտից հագեցնում է ծարավը (2-րդ գործ)։

Վերևից Աստվածամայրը, Մանուկը և երկու հրեշտակները հետևում են տեղի ունեցող իրադարձություններին։

Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նկարը մեծ տպավորություն է թողել պատվիրատուների վրա, և նրանք երդվել են, որ նկարը երբևէ որևէ գումարի դիմաց չի լքի Պիո Մոնտե դե լա Միզերոկորդիա եկեղեցու գլխավոր խորանը։ Նրանք նույնիսկ արգելել են կրկնօրինակել նկարը։ Նրանց որոշումները տեղին էին։ Նկարն այնպիսի հետաքրքրություն էր առաջացրել, որ իսպանացի ազդեցիկ մեծահարուստներից մեկը, ով մտերիմ էր կոմս Խուան դե Տասիս Վիլլամեդիայի հետ, փափագում էր գնել Կարավաջոյի այս նկարը կամ, մերժվելու դեպքում, այն կրկնօրինակելու թույլտվություն ստանալ։ Տեղացի գեղանկարիչ Բատտիստելլոն արդեն համաձայնել էր կատարել իսպանացու խնդրանքը, ով հիացած էր Կարավաջոյի հռոմեական աշխատանքներով և պատրաստ էր ցանկացած քայլի, միայն թե ձեռք բերեր այդ գլուխգործոցի կրկնօրինակը։ Սակայն նկարի երիտասարդ տերերը, առաջնորդվելով հայրենասիրական մղումներով, մերժել են հարուստ օտարականի բոլոր առաջարկները։ 1607 թվականին նրանց կողմից ընդունված որոշումը սրբորեն պահպանվում է մինչ օրս՝ չնայած հետագա զարգացումներին, որոնք կապված էին Կարավաջոյի հալածանքների հետ։ Նկարի մոտ՝ ապակու տակ, որպես թանկագին մասունք պահապանվում է նկարի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը, որտեղ հիշատակվում է նաև Կարավաջոյին տրվելիք հոնորարի չափը՝ չորս հարյուր յոթանասուն ոսկե սկուդո։ Նկարը երբեք չի լքել եկեղեցու գլխավոր խորանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Հռոմում հրամայվել էր եկեղեցիներից հանել Կարավաջոյի նկարները, իսկ բազմաթիվ նկարներ պահվել էին նկուղներում և ձեղնահարկերում»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթ գթասիրտ գործեր (նկար, Կարավաջո)» հոդվածին։