Յոենսուուի քաղաքային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոենսուուի քաղաքային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ֆինլանդիա
Գտնվելու վայրըՅոենսուու
Հիմնադրման ամսաթիվ1948
Կայքkaupunginteatteri.jns.fi

Յոենսուուի քաղաքային թատրոն, Հյուսիսային Կարելիայի շրջանային թատրոն (ֆիններեն՝ Joensuun kaupunginteatteri — Pohjois-Karjalan Alueteatteri), պրոֆեսիոնալ թատրոն, գտնվում է Յոենսուու քաղաքի կենտրոնում։ Թատրոնը հիմնադրվել է 1948 թվականին։ Թատրոնի գործունեությունը ղեկավարում է Հյուսիսային Կարելիայի շրջանի թատերական համայնքի կողմից (ֆիններեն՝ Pohjois-Karjalan Teatteriyhdistys): Թատրոնը գտնվում է քաղաքապետարանի շենքում, որը կառուցվել է 1914 թվականին ըստ ճարտարապետ Էլիէլ Սաարինենի նախագծի։ Յուրաքանչյուր տարի բեմադրում է 12-15 ներկայացում, ամբողջ թատերաշրջանում ներկայացնում է մոտավորապես 300 ներկայացում։

Թատերաշրջանը ձգվում է սեպտեմբերից մինչև մայիս։ Ամառային և աշնանային շրջանում թատրոնը ներկայացումներ է բեմադրում քաղաքապետարանի ներքին բակում։ Ներկայացումները ֆիններեն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոենսուուի քաղաքային խորհրդի որոշմամբ ավելի վաղ գոյություն ունեցող Յոենսուուի աշխատավորների թատրոնի (ֆիններեն՝ Joensuun Työväen Teatteri) ու Յոենսուու քաղաքի թատրոնի գործունեությունը միավորվել են Յոենսուուի քաղաքային թատրոնի մեջ, նոր թատրոնն ստացել է բաժնետիրական համայնքի կարգավիճակ։ Բաժնետոմսերը բաժանվել են քաղաքային խորհրդի ու ավելի վաղ գոյություն ունեցող թատրոնների հովանավորների միջև[1]։ Պաշտոնապես Յոենսուուի քաղաքային թատրոնը բացվել է 1948 թվականի դեկտեմբերի 4-ին։ Առաջին թատերաշրջանների խաղացանկում կային ինչպես դասական, այնպես էլ` ժամանակակից ֆիննական դրամատուրգիա։ Թատրոնի բեմում ներկայացվում էին արևմտաեվրոպական դրամատուրգների (Վիլյամ Շեքսպիր, Ուիլյամս Թենեսի և այլն) ստեղծագործություններ։ Մեծ ուշադրություն էր դարձվում նաև ռուս դասականների աշխատանքներին, օրինակ, թատրոնի առաջին բեմադրություններից մեկն էր Ֆյոդոր Դոստոեվսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության բեմական տարբերակը, որը բարձր է գնահատվել քննադատության կողմից։

Թատրոնն իր գոյության առաջին օրերին ուներ լուրջ տնտեսական դժվարություններ. տոմսերի վաճառքից ստացված գումարն ու պետության օժանդակությունը մեծ չէր։ Գումարային խնդիրները հանգեցրել են նրան, որ 1952-1953 թվականներին որոշում է կայացվել թատրոնի գործունեության 40-ամյակի տոնակատարությունը տեղափոխել հաջոևդ տարի[2]։ 1956 թվականին թատրոնի տնտեսական դրությունը բարելավվել է։ Այդ տարի ֆիննական Helsingin Sanomat թերթը Յոենսուուի քաղաքային թատրոնն անվանել է Ֆինլանդիայի լավագույն թատրոն։ Թերթում նաև նշված էր, որ վերջին երեք տարիների ընթացքում հանդիսատեսի թիվն ավելացել է երկու անգամ[3]։ 1966 թվականի մարտին քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես բեմը, այնպես էլ հանդիսասրահն այրվել են։ Հրդեհի ժամանակ ոչնչացվել են արժեքավոր նյութեր` արխիվ և թատերական տարբեր իրեր։ Թատերախմբի անդամների ոչ ոք չի տուժել, այդ օրը թատերախումբը հյուրախաղերով մեկնել էր Կաավիում։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ թատրոնը ներկայացումները բեմադրում էր Կարելիայի մշակույթի տան դահլիճում (ֆիններեն՝ Kulttuurikeskus Karjalantalo), Կարելիա ռեստորանի գլխավոր դահլիճում (ֆիններեն՝ Karelia ravintola) և Սպորտի տանը (ֆիններեն՝ Urheilutalo): Հաջորդ տարվա աշնանը թատրոնն արդեն վերադառնում է քաղաքապետարանի վերանորոգված շենք։ Յոուկո Տուրկայի գեղարվեստական ղեկավար եղած տարիները թատրոնի համար համարվում են ամենանշանակալի տարիները, իսկ թատրոնի ներսում տեղի ունեցած իրադարձությունները համընդհանուր հակասությունների տեղիք էին տալիս։ 1971 թվականին թատրոնում սկանդալ է տեղի ունենում, որի պատճառն էր թատերախմբի ու թատրոնի ղեկավարության մեջ ծագած վեճը ընտրված ստեղծագործությունների վերաբերյալ։ 14 դերասաններից 9-ը գործադուլ էին հայտարարել։ Արդյունքում Յոուկո Տուրկան ազատվում է աշխատանքից, և նրան ժամանակավոր փոխարինում է Յուրյո Կոստերման (ֆիններեն՝ Yrjö Kostermaa)[4]: 1978 թվականին թատրոնի ղեկավարությունն անցնում է քաղաքային իշխանություններին և թատրոնն ստանում է շրջանային թատրոնի կարգավիճակ։ 1996 թվականին թատրոնը դառնում է Հյուսիսային Կարելիայի թատերական համայնքի սեփականությունը և նոր անվանում է ստանում` Յոենսուուի քաղաքային թատրոն, Հյուսիսային Կարելիայի շրջանային թատրոն[5]։ 1997-1998 թվականներին, քաղաքապետարանի վերակառուցման ժամանակ թատրոնը ներկայացումները բեմադրում էր Կարելիայի սրահում (ֆիններեն՝ Carelia-Sali) և Սալմինենի սրահում (ֆիններեն՝ Salminen-sali): 2015 թվականի ապրիլի վերջին թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիհտորի Ռյամյան (ֆիններեն՝ Vihtori Rämä) ազատվել է աշխատանքից` վստահության կորստի պատճառով[6]։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարների ցանկում են հայտնի ռեժիսորներ, ում աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։ Թատերական շատ գործիչներ արժանացել են Ֆինլանդիայի պետական բարձրագույն պարգևների։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին թատրոնի անձնակազմի մշտական կազմի մեջ էր մտնում 54 մարդ, որոնցից 14-ը դերասաններ են։ Թատրոնի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև դերասաններ այլ թատրոններից։ Թատրոնի բեմում բեմադրվում են տարբեր ժանրերի պիեսներ. դրամաներ, մյուզիքլներ, կատակերգություններ։ Թատրոնը նաև շատ ներկայացումներ է բեմադրում երեխաների համար։ Թատրոնի խաղացանկը կազմում են ինչպես դասական, այնպես էլ` ժամանակակից ֆին գրողների գործեր։ Ներկայացվում են նաև արևմտաեվրոպական դրամատուրգների ստեղծագործություններ։ Յոենսուուի քաղաքային թատրոնը ստեղծագործական կապեր է պահպանում տեղական և արտասահմանյան թատրոնների հետ։ Համերգները թատրոնի կարևոր մասն են կազմում։ Յոենսուուի քաղաքային թատրոնն ակտիվ համագործակցություն է զարգացնում Կարելիայի հանրապետության ազգային թատրոնի հետ։

Բեմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումները բեմադրվում են երկու` մեծ և փոքր բեմերում։ Գլխավոր բեմը, որը հաշվարկված է 273 մարդու համար, գտնվում է քաղաքապետարանի հանդիսասրահում։ Թատրոնի 70-ամյակի առթիվ փորձի դահլիճը, որը գտնվում է նույն շենքում, ձևափոխվել է և դարձել է 50 տեղանոց փոքր դահլիճ։ Արդյունքում, դահլիճի տեղերի թիվը հասցվել է 80-ի։

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(փակագծերում գրված են թատրոնում աշխատած տարիներին)

  • Լաուրի Լեյնո (Lauri Leino) (1948—1949, 1960—)
  • Յուսի Պիիրոնեն (Jussi Piironen) (1949—1952)
  • Վեյկո Մանինեն (Veikko Manninen) (1952—1955)
  • Ռաուլի Լեհտոնեն (Rauli Lehtonen) (1955—59)
  • Լաուրի Լեյնո (Lauri Leino) (1948—1949, 1960—)
  • Յոուկո Տուրկա (1968—1972)
  • Կալերվո Նիսիլյա (Kalervo Nissilä) (1973—1978)
  • Սեպո Լուխտալա (Seppo Luhtala) (1978—1982)
  • Վեսա Ռայսկիո (Vesa Raiskio) (1983—1987)
  • Ահթի Ահոնեն (Ahti Ahonen) (1987—1990)
  • Հեյկի Մյակելյա (Heikki Mäkelä) (1991—1996)
  • Ռեյնո Բրագե (Reino Bragge) (1996—1999)
  • Լիյսի Իսոտալու (Liisa Isotalo) (1999—2003)
  • Կիմո Լավեստե (Kimmo Lavaste) (2003—2008)
  • Ռիկու Իննամաա (Riku Innamaa) (2008—2010)
  • Տերո Հեյնյամյակի (Tero Heinämäki) (2010—2012)
  • Վիհտորի Ռյամյա Рямя (Vihtori Rämä) (2013—2015)
  • Իյրիստիյնա Վարիլո (Iiristiina Varilo) (01.02.2016 թվականից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marja-Liisa Julkunen: Katsomosta kulisseihin - satavuotias Joensuun kaupunginteatteri. Pohjois-Karjalan teatteriyhdistys 2012. — С. 57 — ISBN 9789529308897
  2. Katsomosta kulisseihin — С. 63
  3. «Helsingin sanomat» 12.3.1957
  4. «Joensuun teatterisota 1971». Elävä arkisto. Yle
  5. «Lyhyesti historiasta». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Joensuun kaupunginteatteri
  6. Veli-Pekka Lehtonen. «Johtaja Vihtori Rämä sai potkut Joensuun kaupunginteatterista». Helsingin Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]