Մորոզովներ
Մորոզովներ (ռուս.՝ Морозовы), ռուս հնահավատ մանածագործ գործարար առևտրականների ընտանիք[1]։
Տոհմահայրը եղել է Սավվա Վասիլևիչ Մորոզովը (1770-1862), եղել է ճորտ, հովիվ, կառապան, վարձու ջուլհակ։ 1797 թվականին հիմնադրել է սեփական մետաքսագործական ձեռնարկությունը (Մոսկվայի մոտ, այժմ՝ քաղաք Օրեխովո-Զուևո)։ 1820 թվականին չորս որդիներով ազատագրվել է ճորտությունից։
1825-1840 թվականներին Մորոզովները հիմնել են 4 բամբակագործական ֆաբրիկաներ, որոնք XIX դարի 2-րդ կեսին վերաճել են խոշոր ընկերությունների։ Մորոզովներին պատկանող Նիկոլսկոյեի մանուֆակտուրայում է տեղի ունեցել Մորոզովյան գործադուլը (1885)։
Մորոզովներից առավել հայտնի է Նիկոլսկոյեի մանուֆակտուրայի տեր Սավվա Տիմոֆեևիչը (1862-1905)։ 1885 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը, մասնագիտությամբ՝ քիմիկոս։ Եղել է Մաքսիմ Գորկու մտերիմներից, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի մեկենասը։ Համակրել է հեղափոխականներին։ Լինելով Մոսկվայի քաղաքային դումայի անդամ՝ 1905 թվականի հեղափոխության օրերին հանդես է եկել ռազմական ուժի գործադրման դեմ, պաշտպանել խաղաղ գործադուլների, ժողովների, միությունների իրավունքը։ Միաժամանակ նրա նախաձեռնությամբ 1905 թվականին կայացել է ֆաբրիկատերերի խորհրդակցություն, որտեղ մշակվել է գործադուլային շարժման դեմ համաձայնեցված գործողությունների ծրագիր։ Սավվա Մորոզովի հասարակական դիրքորոշման հակասականությունը, նաև հիվանդությունը, նրան հասցրել են անձնական ողբերգության (հեռացել է գործից, ինքնասպան եղել)։
Մորոզով եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր Մորոզով որդիներն աշխատել են մորոզովյան գործարաններում։
- Ելիսեյ Սավվիչ Մորոզով (1798-1868)
- Զախար Սավվիչ Մորոզով (1802–1857
- Աբրամ Սավվիչ Մորոզով (1806–1856)
- Իվան Սավվիչ Մորոզով (1810–1864)
- Տիմոֆեյ Սավվիչ Մորոզով (1823–1889)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Semenova, Natalya (2020). Morozov : the story of a family and a lost collection (անգլերեն). New Haven: Yale University. ISBN 978-0-300-24982-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 55)։ |